ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՓԱԿՎԵԼ Է
ՀՀ Վայոց Ձորի մարզի Փոռ համայնքի տարրական դպրոցն այս տարի փակվել է: Համայնքապետ Մեսրոպ Բադալյանի խոսքով՝ փակման պատճառն այն է, որ այս տարի գյուղում առաջին դասարանցի չկար: «Բայց 7 աշակերտ ունենք, որոնք հաճախում են հարեւան համայնքի դպրոց: Գյուղում ժողովուրդ չկա: Գնում են կա՛մ Ռուսաստան, կա՛մ եվրոպաներ: Շատերն էլ չեն ամուսնանում: Եվ մեր իշխանությունների կողմից ոչինչ չի արվում: Ի՞նչ անեմ, չթողնե՞մ՝ գնան, բա մնան, ո՞նց ապրեն: Միջոց չկա»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում վրդովված նկատեց համայնքապետը: Նշենք, որ Փոռն ունի 161 բնակիչ: Նրանց եկամտի հիմնական աղբյուրն անասնապահությունն է ու հողագործությունը. «Բայց միսը կա, սպառող չկա, բանջարեղենը, միրգը կա, շուկա չկա: Չի սպառվում գյուղացու ոչ մի ապրանք»: Նշենք, որ սեպտեմբերի 25-ին Սերժ Սարգսյանն այցելել էր Վայոց Ձորի մարզ եւ ընդամենը ծանոթացել «Արենի 1» քարանձավում կատարված պեղման աշխատանքների ընթացքին ու մինչ այժմ արձանագրված արդյունքներին: Ուրիշ ոչինչ:

ՊԱՐՏԱԴՐՈՒՄ ԵՆ
Արմավիրի մարզի Գայ համայնքի՝ «Ժողովուրդ»-ին ահազանգած բնակիչները պատմեցին, որ ոչ միայն Գայ, այլեւ հարակից համայնքներում դպրոցի տնօրենները նախակրթարանում սովորող աշակերտների ծնողներին պարտադրում են նախօրոք ցուցակագրվել վճարովի բուտերբրոդների համար: Իսկ երբ երեխան դասերից բացակայում է, ապա բուտերբրոդն ուղարկվում է տուն: Եվ ամեն ծնող ստիպված ամսվա վերջին վճարում է մոտ 3 հազար դրամ: «Մեկ-մեկ բուտերբրոդները փոխարինում են, գաթա, խաչապուրի կամ էլ բուլկի են տալիս: Նույնիսկ այս տարի՝ ձմռանը, երբ երեխաները չէին գնում դպրոց, տնօրինությունը դրանք ուղարկում էր տուն»,-ներկայացրեց վրդովված քաղաքացին, որի անունը չենք հրապարակում: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց Գայի համայնքապետ Սեյրան Մարկոսյանի հետ. «Դպրոցի տնօրեն Հայկազ Հարությունյանը ծնողներին ընդամենն ասել է, որ կա՛մ դպրոցի բուֆետից երեխաների համար բուլկի գնեն, կա՛մ դպրոցին մոտ խանութներից: Տնօրենն ինքնուրույն ոչինչ չի անի: Չէ՞ որ էրեխեքը չորս-հինգ ժամ դպրոցում են լինում, հո սոված չե՞ն մնալու»:

ՏԵՂԱԿԱԼԸ՝ ԶԻՆԴԱՏԱԽԱ՞Զ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ զինվորական դատախազ է նշանակվելու գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը: Երեկ փորձեցինք տեղեկության իսկությունը պարզել Ա. Դանիելյանից, սակայն վերջինս ասաց, որ ինքը նման տեղեկատվության չի տիրապետում. «Նման առաջարկ ես չեմ ստացել, ես աշխատում եմ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում»: Մեր հարցին՝ եթե նման առաջարկ լինի, կընդունի, Դանիելյանը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ հիմա ոչ մի բան պատրաստ չեմ ընդունելու, քանի որ ես այժմ աշխատում եմ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում, ինձ նման առաջարկություն չի եղել: Իսկ եթե անկեղծ լինեմ, ապա դրա մասին երբեւիցե չեմ մտածել»: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու է առաջադրել զինդատախազ Գեւորգ Կոստանյանին, իսկ նրա նշանակման դեպքում զինդատախազի պաշտոնը թափուր է մնալու:




Լրահոս