ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

76 ՏԱՐԵԿԱՆ ՀԱՍԱԿՈՒՄ
Սեպտեմբերի 26-ին՝ կյանքի 76-րդ տարում, վախճանվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արաքսի Արծրունու Սարյանը: «Ժողովուրդ» օրաթերթը ցավակցում է Սարյանի հարազատներին:

ՊԱՏԱՀՄԱՄԲ
Երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը եւ նրա գործընկերներն այդպես էլ չարձագանքեցին նախօրեին իրենց գործընկերոջ, ՀՀ քաղաքացու, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վրա ռուսական «էֆեսբեշնիկների» հարձակման դեպքին: Պարզվում է՝ Շարմազանովն էլեկտրոնային մի քանի լրատվամիջոցներով իր ցավն արտահայտել է դեպքի կապակցությամբ, ինչը վրիպել է մեր ուշադրությունից:

ՆՈՐ ՀՀՇ-Ի ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ
Հոկտեմբերի 26-ին Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա «Հայոց համազգային շարժում» կուսակցության հիմնադիր համագումարը: Երբ ՀՀՇ-ն վերանվանվեց եւ դարձավ ՀԱԿ, ՀՀՇ վարչության նախկին նախագահներ Արարատ Զուրաբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, վարչության նախկին անդամներ Հովհաննես Իգիթյանն ու Կարապետ Ռուբինյանը հայտարարեցին «Հայոց համազգային շարժում» կուսակցությունը վերագրանցելու եւ վերստեղծելու մասին:

ԴԵՍՊԱՆ ՀԱՆՔԱՏԵՐԸ
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, որը վերանշանակվեց Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում, թողնում է Lydian International Ltd ընկերության ոչ գործադիր տնօրենի պաշտոնը  (non-executive director) հանրային աշխատանքի անցնելու կապակցությամբ: Սա այն ընկերությունն է, որն իրավունք է ստացել շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը:

ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻՆ ԿԿԱԼԱՆԱՎՈՐԵՆ
Երեկ դատարանը որոշում է կայացրել փոխել Սուրեն Սուրենյանցի նկատմամբ ընտրված  խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը փոխարինելով  կալանքով: Նաեւ որոշվել է քրեական գործի վարույթը կասեցնել եւ Սուրենյանցի նկատմամբ հետախուզում հայտարարել: Երեկ՝ 17:00-ի սահմաններում, նա ձերբակալվել է եւ տեղափոխվել ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին:

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՇՂԹԱՅՈՎ
Սեպտեմբերի 27-ին կայացել է հանրային տրանսպորտի ուղեվարձի հարցով ձեւավորված հանձնաժողովի առաջին նիստը, որի մեկնարկից առաջ արդեն Երեւանի քաղաքապետարանի առջեւ են հավաքվել ուղեվարձի թանկացման դեմ պայքարող ակտիվիստները: Նրանք, սակայն, չեն կարողացել մոտենալ քաղաքապետարանի դռանը, քանի որ այն շղթայված է եղել շուրջ մեկ տասնյակ ոստիկաններով:

ՎԵՐՋԻՆ ՀՐԱԺԵՇՏԸ
ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա այսօր` ժամը 18:00-ին, Համազգային պետական թատրոնում: Մեծ դերասանին վերջին հրաժեշտը կտրվի սեպտեմբերի 29-ին՝ ժամը 14:00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքից: Սոս Սարգսյանին կհուղարկավորեն Կոմիտասի անվան պանթեոնում:




Լրահոս