ՔՈՉԱՐՅԱՆԸ՝ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՍԿԱ ԲՈՒՐԳԻ ՂԵԿԱՎԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է հրապարակել «Վիկիլիքս»-ի հանրաձայնած հետաքրքիր փաստաթղթերը: Այս անգամ կներկայացնենք ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի՝ 2009թ. նոյեմբերի 17-ին Պետական դեպարտամենտին ուղարկած հաղորդմանը, որի մեջ դեսպանն անդրադարձել է հայկական քաղաքական վերնախավին եւ նրանց տնտեսական շահագրգռություններին: Այդ հաղորդման համաձայն՝ եթե Հայաստանի տնտեսական ոլորտում գործող առաջին խմբավորումը գտնվում է Սերժ Սարգսյանի հսկողության ներքո, ապա երկրորդ խմբավորումը ղեկավարվում է Ռոբերտ Քոչարյանի կողմից: ԱՄՆ դեսպանը որպես երրորդ, նոր ձեւավորվող, տնտեսական բեւեռ է նշում Հովիկ Աբրահամյանին, որը փորձում է հաստատվել որպես ինքնուրույն խաղացող:
Ռոբերտ Քոչարյանի տնտեսական կայսրության մեկնությամբ հանդես գալով՝ ամերիկացի դիվանագետն անդրադարձել է դրա առանցքային մի շարք ներկայացուցիչների: Այսպես, փաստաթղթում հատուկ ընդգծվում է. «Գագիկ «Դոդի Գագո» Ծառուկյանը նվիրված է Քոչարյանին այնպես, ինչպես Միկա Բաղդասարովն ու ու Ֆլեշի Բարսեղը՝ Սերժ Սարգսյանին»: Շեշտելով Գ. Ծառուկյանի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը լինելու հանգամանքը՝ դեսպանը մատնանշում է, որ իր աղբյուրներից մեկը ենթադրություն է կատարել, ըստ որի՝ «Ծառուկյանի բիզնեսների զգալի մասն իրականում պատկանում է Ռոբերտ Քոչարյանին, մինչդեռ ինքը՝ Ծառուկյանը, ընդամենը բաժնետեր է եւ ուրիշ ոչինչ»: Դեսպանը նկատում, է, որ եթե նույնիսկ այդ ենթադրությունը չի համապատասխանում իրականությանը, այդուհանդերձ, միանգամայն հստակ է, որ «Ծառուկյանի հզորացումն այդքան ակնհայտ եւ ընդգծվող չէր լինի, եթե նա իր թիկունքում չունենար Քոչարյանի անթաքույց աջակցությունը»: Ամերիկացի դիվանագետը հիշատակում է, որ Ծառուկյանը տնօրինում է ալկոհոլի արտադրության զգալի մասը, եւ որպես օրինակ՝ նշում նրան պատկանող «Երեւան/Նոյ» կոնյակի ու գինու գործարանը:
Այս գաղտնազերծված փաստաթուղթը Քոչարյանի տնտեսական բուրգի առանցքային դերակատարների թվում հիշատակում է նաեւ նրա որդուն՝ «Սեդրակ Քոչարյանին, որը զբաղված է բազմազան բիզնեսների վերահսկողությամբ»: Նրա ունեցվածքի թվում դեսպանը մատնանշում է «Արդշինինվեստ» բանկն ու «Կոնվերս» բանկը: Յովանովիչը տեղեկացնում է, որ վերը հիշատակված վերջին բանկը պաշտոնապես պատկանում է արգենտինացի միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանին, որը չափազանց մտերիմ է Քոչարյանների ընտանիքի հետ, ուստի եւ լիովին հնարավոր է, որ Ռ. Քոչարյանը կամ նրա որդին լուրջ տնտեսական հետաքրքրություններ ունենան «Կոնվերս» բանկի նկատմամբ: Ամերիկացիների հիշատակմամբ՝ Ս. Քոչարյանը ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի եւ Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի հետ միասին վերահսկում է հեռախոսների եւ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան: Ի դեպ, դեսպանը հատուկ ուշադրության է արժանացնում այն փաստը, որ Արմեն Գեւորգյանը եղել է Ռ. Քոչարյանի վստահելիներից մեկը, նրա աշխատակազմի ղեկավարը, բայց Սարգսյանի կողմից նշանակվել է փոխվարչապետի պաշտոնում: Հատկանշական է, որ Ս. Մայրապետյանի շուրջ ամերիկացիները զարմանք են հայտնում ու նկատում, որ այդպես էլ չեն կարողացել հասկանալ, թե նա առավելապես ում է նվիրված՝ Ռ. Քոչարյանին, թե Ս. Սարգսյանին:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հաջորդ թիրախն Անդրանիկ Մանուկյանն է: Վերջինս, լինելով Քոչարյանի աջակիցը, կիսել է իր նվիրվածությունը երկու գործիչների միջեւ: Ամերիկացիների աղբյուրների համաձայն՝ Մանուկյանն «այն իրական հարուստներից մեկն է, որը միշտ իշխանության հետ է»: Ա. Մանուկյանի ունեցվածքի շարքում հիշատակվում է «Մետրոպոլ» հյուրանոցը, ընդգծվում են «ՎիվաՍել»-ում զգալի մասնաբաժին ունենալու եւ ռուսական «Լադա» ավտոմեքենաների ներկրողը լինելու հանգամանքները: Յովանովիչի աղբյուրները խոսում են նաեւ Մանուկյանի որդիների բիզնես գործունեությունից, «որոնք Nissan, Ford եւ Renault ավտոմեքենաների ներկրողն են, եւ այդ բիզնեսներից հատուկ բաժնեմաս են հանում Սերժ Սարգսյանի համար»:
Ավարտելով Քոչարյանի բուրգի շուրջ տեղեկությունների տրամադրումը՝ ԱՄՆ դեսպանը հատուկ անդրադարձ է կատարում Հովիկ Աբրահամյանի տնտեսական հետաքրքրություններին: Դեսպանն արձանագրում է, որ նա, իր գործունեությունը սկսելով որպես Ռ. Քոչարյանի թիմի ներկայացուցիչ, ստեղծում է իր սեփական կայսրությունը՝ զգալիորեն հեռանալով Ռ. Քոչարյանի ազդեցությունից: Յովանովիչը փաստում է, որ Հ. Աբրահամյանը նկատելիորեն ինքնուրույն է դարձել. «ԱԺ նախագահը ծագումով Հայաստանի այն տարածաշրջանից է, որտեղ խիստ զարգացած է գյուղատնտեսությունը: Նա գրեթե ամբողջապես հսկում է բիզնեսի այդ բնագավառը, իհարկե՝ միջնորդների միջոցով»: ԱԺ խոսնակի  բիզնեսների շարքում դեսպանը քննարկում է «Արտֆուդ» կազմակերպությունը: Դիվանագետն ընդգծում է, որ Աբրահամյանը ոչ միայն անմասն չէ, այլեւ մեծապես վերահսկում է հողամշակման բիզնեսը, որի համատեքստում առանցքային տեղ են գրավում գյուղատնտեսական մթերքների արտադրությունն ու արտահանումը:
Հիմնվելով իրենց աղբյուրների վրա՝ Յովանովիչը արձանագրում է, որ Սարգսյանն ու Քոչարյանը միմյանց միջեւ կիսում են բիզնեսի եւ պետական ֆինանսական հոսքերը: Դեսպանն ամփոփում է. «Թեպետ իրականում անորոշ է, թե կոնկրետ որքան եկամուտներ են նրանք ստանում եւ բաժանում իրար միջեւ, այդուհանդերձ, հստակ է, որ դրանց շարքում են հարկային եկամուտները, կաշառքները եւ անօրինական այլ ֆինանսական մուտքերը»:
Այսպիսով՝ կարելի է եզրակացնել, որ օտարերկրյա դիվանագետները զգալիորեն տեղեկացված են հայաստանյան անցուդարձերից եւ իրերի ներկայիս դրությունը խելամտորեն ծառայեցնում են իրենց երկրների պետական շահերին:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս