ՈՍԿԵՂԵՆԻ ԳՈՂԻՆ ՏՈՒԳԱՆԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւան քաղաքի բնակչուհի, 1992թ. ծնված Հայարփի Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հունիսի 3-ին՝ ժամը 20-ի սահմաններում, ունենալով ուրիշի գույքի հափշտակության նպատակ, գտնվելով հարեւանուհի Մերինե Էլլարյանի բնակարանում, վերջինիս՝ տնից կարճատեւ բացակայության ընթացքում հյուրասենյակի կահույքի հարկադարակից գողացել է 2 միլիոն 800 հազար դրամ արժողությամբ ոսկյա տարբեր զարդեր: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (գողություն, որ կատարվել է խոշոր չափերով): Չամուսնացած, ոչ մի տեղ չաշխատող Հ. Դավթյանը 2013թ. հունիսի 27-ին ձերբակալվել է:
Հունիսի 30-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն է ներկայացվել նրա խափանման միջոցը կալանքն ընտրելու վերաբերյալ, սակայն դատարանը մերժել է այդ միջնորդությունը: Նույն օրն աղջկա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Հ. Դավթյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով: Նա հայտարարել է, որ այդ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետեւանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, ինքը համաձայն է մեղադրանքի հետ: Դատարանը պատիժ նշանակելիս, որպես մեղմացուցիչ հանգամանքներ, հաշվի է առել, որ աղջիկը խոստովանել է իր մեղքը, զղջացել կատարածի համար, նախկինում արատավորված չէ, գերազանցությամբ ավարտել է միջնակարգ դպրոցը եւ բուհը, այժմ սովորում է բուհի մագիստրատուրայում: Բացի այդ՝ նա վերականգնել է կատարված հանցագործության հետեւանքով պատճառված վնասից 1 միլիոն 800 հազար դրամը, մնացած մասն էլ պարտավորվել է վերականգնել:
Սեպտեմբերի 18-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը վճռել է Հ. Դավթյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր.-ի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ այդ հոդվածի սանկցիայով դատապարտել տուգանքի՝ 500 հազար դրամի չափով: Նկատի ունենալով, որ Հ. Դավթյանը 2013թ. հունիսի 27-ից մինչեւ հունիսի 30-ը գտնվել է անազատության մեջ, դատարանը վճռել է մեղմացնել տուգանքի ձեւով նշանակված պատիժը եւ նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակել տուգանք՝ 450 հազար դրամի չափով: Դատարանը վճռել է բավարարել տուժող Մերինե Էլլարյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը եւ Հայարփի Դավթյանից հօգուտ Մերինե Էլլարյանի բռնագանձել 1 միլիոն դրամ հանցագործությամբ պատճառված վնասի փոխհատուցման համար:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս