Ադրբեջանական ծագման սնունդ Հայաստանի տարածքում եղել է, եւ հետագայում էլ դրա ռիսկը կա։ Այս մասին, իհարկե, կցանկանայինք տեղեկանալ նախեւառաջ Սննդի անվտանգության պետական ծառայությունից (ՍԱՊԾ), սակայն դա մեզ չհաջողվեց, քանի որ վերջիններս կարծես թե որդեգրել են լրատվամիջոցների հետ աշխատելու նոր «մշակույթ», որն անպտուղ է դարձնում համագործակցությունը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2013թ. հունիսի 7-ի որոշմամբ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը չեղյալ է հայտարարել 2009-ի սեպտեմբերի 15-ի թիվ 220-Ա հրամանը՝ իր պարզաբանման մեջ նշելով, որ վերոհիշյալ հրամանն ուժի մեջ մտնելուց հետո, չնայած արգելքին, թուրքական եւ ադրբեջանական ծագում ունեցող մթերքների եւ հումքի ներմուծումը չէր դադարել, ավելին, ուղեկցող փաստաթղթերի կեղծման եւ այլ մեքենայությունների պատճառ էր դարձել։
Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ի մոտ առաջացան մի քանի պարզագույն հարցեր, որոնք 4 օր առաջ ուղղեցինք ՍԱՊԾ-ին։
Այստեղից սկսվեց աբսուրդի թատրոնը. նախ պարզվեց, որ հարցերին բանավոր պատասխանելն անհնար է, եւ մենք ստիպված ենք սպասել գրավոր պատասխանի։ Ծառայությունում կարծես թե տեղյակ չեն, թե ինչպես է պետք աշխատել լրագրողների հետ եւ փորձեցին կիրառել մի տեխնոլոգիա, որը, մեղմ ասած, «գլուխգործոց» էր։ Նշվեց, թե մեր հարցի պատասխանը կտան ընդհանուր պարզաբանման միջոցով, այսինքն՝ փաստացի գողանալով մեր հարցադրումները եւ հեղինակային իրավունքը։
Այդքանով հանդերձ, սպասելու պրոցեսը բավական երկար տեւեց, եւ խոստացված գոնե ընդհանուր պարզաբանումը հրապարակվեց միայն հաջորդ օրը եւ, ըստ էության, մեր հարցերի պատասխաններն իր մեջ չէր պարունակում:
«Ժողովուրդ»-ը նույն հարցադրումների պատասխանները ստանալու ակնկալիքով դիմեց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանին, որը նախկինում զբաղեցրել է վերոհիշյալ ծառայության մամուլի խոսնակի պաշտոնը։
Բ. Պիպոյանից տեղեկացանք, որ դեռ նախորդ տարի թուրքական պտուղ-բանջարեղենը եւ միրգը ներկրվել են ՀՀ, ժամանակին դա իրականացվում էր Վրաստանի միջոցով, որտեղից ներմուծվում էր որպես անհայտ ծագման մթերք եւ սահմանում ենթարկվում լաբորատոր հսկողության, սակայն միայն վնասատուների նկատմամբ, իսկ, օրինակ, մթերքի գենետիկորեն մոդիֆիկացված լինելու կամ ծանր մետաղներ պարունակելու նկատմամբ ոչ մի լաբորատոր հսկողություն չէր իրականացվում:
«Ժողովուրդ»-ին մասնավորապես հետաքրքրում էին այն խոսակցությունները, համաձայն որոնց՝ ժամանակին շուկայում հայտնաբերվել է ադրբեջանական ծագման սխտոր: Այդ մասին Բ. Պիպոյանն ասաց, որ նախորդ տարի Խորվաթիայից Հայաստան էր բերվել սխտոր, որը խորվաթական ծագում ուներ, սակայն փաթեթավորումն իրականացրել էլ ադրբեջանական ընկերությունը։ Ապրանքը հայտնաբերվելուն պես իրականացվել էր դիտարկում, եւ այն դուրս էր բերվել շուկայից։ Իսկ Ամանորին նախորդած օրերին Հրազդանում հայտնաբերվել էր նաեւ մի քանի կգ ադրբեջանական ծագման շոկոլադե կոնֆետ, որը, ինչպես պարզվել էր, քաղաքացին իր հետ բերել էր Վրաստանից:
Պիպոյանն ավելացրեց, որ ադրբեջանական ծագման ապրանքը կարող է բերվել ցանկացած երկրից, բայց ավելի հավանական է Իրանը: Նա կարծիք հայտնեց, որ հատկապես Իրանից ներմուծվող ապրանքների վրա խիստ հսկողություն է պետք սահմանել։
Իսկ ներմուծվող սննդի անվտանգության երաշխիքների մասին մեր հարցին ՀԿ նախագահը պատասխանեց, որ, ցավոք սրտի, ծառայության համար անվտանգության երաշխիք է նաեւ ուղեկցող փաստաթուղթը, ինչը, անձամբ իր գնահատմամբ, հուսալի երաշխիք չէ:
Կրկին անդրադառնալով ՍԱՊԾ՝ լրատվամիջոցների հետ աշխատելաոճին՝ հարկ ենք համարում նշել, որ ծառայության պետը, չլինելով ոլորտի մասնագետ եւ նախկինում ավելի շատ հայտնի լինելով որպես ընտրակեղծարար, պետք է գիտակցի, որ սա այն ոլորտը չէ, որտեղ կարելի է կեղծարարություն անել։
ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՍՆՈՒՆԴ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ