Moody’s վարկանշային գործակալությունը Հայաստանի թողարկած եվրոբոնդերին` 7 տարի մարման ժամկետով պարտատոմսերին, շնորհել է Ba2 վարկանիշը: Այդ մասին տեղեկանում ենք նշված գործակալության պաշտոնական կայքից: 700 մլն դոլարի չափով 6% եկամտաբերությամբ պարտատոմսերը թողարկվել են սեպտեմբերի 18-ին: Moody’s-ի հաղորդագրության մեջ նշված է, որ Հայաստանը վարում է զգուշավոր ֆիսկալ քաղաքականություն. բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ում 2009թ. 7,5% էր, իսկ 2012թ.՝ 1,5%: Դրան նպաստել են բյուջեի կապիտալ ծախսերի կրճատումը, եկամուտների հավաքագրման կայունացումը: Հատկապես հարկային բարեփոխումների արդյունքում հարկային բազան ընդլայնվել է, իսկ 2014թ. ներդրվելու է կուտակային կենսաթոշակային համակարգ:
Միեւնույն ժամանակ նշվել է, որ Հայաստանի Ba2 վարկանիշը զսպվում է տնտեսության ոչ մեծ չափերով, հումքի արտահանումից եւ Ռուսաստանից տրանսֆերտների կախվածությամբ: Նշվել է, որ ռիսկերից խուսափելու համար Հայաստանն ընտրել է Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի հետ Մաքսային միությունը՝ այն գերադասելով Եվրամիության հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրից: Սակայն կոռուպցիայի բարձր մակարդակը դեռեւս ռիսկեր է առաջացնում վարկավորման հարցերում:
Նշենք, որ օգոստոսի 20-ին Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշը բարձրացրել էր՝ դարձնելով Ba2` կայուն՝ նախկին բացասականի փոխարեն:
ՀՀ ԵՎՐՈԲՈՆԴԵՐԻՆ՝ Ba2 ՎԱՐԿԱՆԻՇ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ