Երգիչ Արսեն Սաֆարյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցներից մեկում ասել էր, որ համերգային դահլիճների վարձակալությունը բավական թանկ է, այդ իսկ պատճառով մենահամերգ չի ունենում: Սակայն օրերս տեղեկացանք, որ նոյեմբերի 23-ին Կարեն Դեմիրճյանի անվան համերգային դահլիճում կկայանա Արսեն Սաֆարյանի մենահամերգը: Այդ առթիվ «Ժողովուրդ»-ը մի քանի հարց ուղղեց երգչին:
-Այն, որ թանկ է ամեն ինչ, հիմա էլ եմ ասում, բայց, փառք Աստծո, այսօր մենահամերգի հնարավորություն ունեմ: 30-ամյակիս մենահամերգից հետո, այսինքն՝ 6 տարի անց, ես նորից մենահամերգ եմ ունենում: Ի՞նչ եք կարծում, չարժի՞:
-Հովանավոր ունե՞ք, թե՞ սեփական ֆինանսական միջոցների հաշվին եք կազմակերպում:
-Իմ շատ մտերիմ ընկերը` Արմեն Գինոսյանը, ինձ ֆինանսավորում է, ու ես կարող եմ դա ինձ թույլ տալ:
-Մոտավորապես հաշվարկե՞լ եք, թե ինչքան գումար կծախսվի:
-Դա չեմ ասի, ի՞նչ իմաստ ունի խոսել դրա մասին:
-Տոմսերի արժեքը 3000-8000 դրամ է: Ի՞նչ եք կարծում, ամբողջը կվաճառվի՞, կկարողանա՞ք գումարի գոնե մի մասը հետ բերել:
-1/3-ը գուցե: Լինելու է հեղինակային երգերով հագեցած համերգ: Իմ եւ եղբորս տարիների համագործակցության արդյունքում մեծ քանակությամբ երգեր են ստեղծվել: Ստեղծագործում եմ 2001 թվականից, երգում` 1995 թվականից, ու եթե ես հեղինակ-կատարող եմ համարվում, եթե գրել եմ, պետք է ներկայացնեմ: Ես ուրախ եմ, որ այսօր ես մտածում էի` որ երգերը չընդգրկեմ, դրանք իսկապես շատ են: Բայց սա կլինի հեղինակային համերգ՝ պրոֆեսիոնալ ձեւավորմամբ, մեկնաբանությամբ: Ամեն ինչ լինելու է գեղեցիկ հնչողությամբ` զուգորդված պարային համարներով:
-Կենդանի նվագախումբ լինելո՞ւ է:
-Եթե մենահամերգ, ապա կենդանի, այլ կերպ մենահամերգն ինձ համար անընդունելի է: Բեմահարթակում լինելու են 11 երաժիշտ, համերգը կտեւի 1 ժամ 45 րոպե: Այսօր հնարավորություն ունեմ ներկայացնելու, ներկայացնում եմ, վաղը հնարավորություն չունենամ, չեմ ներկայացնի:
-Ամեն ինչ կախված է տեխնիկական հնարավորությունների՞ց:
-Ոչ ամեն ինչ: Այն, ինչ կոչվում է համերգ, կախված է շատ ու շատ բաներից` ռեպերտուար, թե քեզ ինչպես է ընկալում ժողովուրդը, մենահամերգ ունենալու իրավունք ունես, թե չունես: Մեր երգերի ընդունելությունը հաշվի առնելով՝ ես կարծում եմ, որ մենք ունենք այդ իրավունքը, եթե հնարավորությունն էլ կա, կարող ես անել:
Որեւիցե մեկն իրավունք չունի մեղադրել իմ կոլեգաներից որեւէ մեկին, որը հնարավորություն չունի մենահամերգ կազմակերպել: Դա շատ խորը, պրոբլեմատիկ խնդիր է: Թեկուզ հենց այն հարցը, որ հեռուստատեսությամբ չի կարելի նշել հովանավորի անունը, եթե նշում ես, գովազդ է, ու ահռելի գումարներ պետք է վճարես: Իսկ հովանավորներին այլ պայմաններ ձեռնտու չեն:
-Բայց գովազդային վահանակի վրա գրվում են հովանավորների անունները:
-Դա չես համեմատի այն փաստի հետ, որ, օրինակ, 2 ամիս հովանավորի անունը հնչի հեռուստատեսությամբ:
-Նախատեսո՞ւմ եք հեռուստատեսությամբ գովազդ տալ:
-Տալու եմ Հ1-ով:
-Ինչո՞ւ եք ընտրել Հանրայինը:
-Որովհետեւ Հանրայինն էլ ինձ է ընտրել, որովհետեւ նրանք շատ լավ ընդունեցին իմ առաջարկը` լինել իմ ամենամեծ ինֆորմացիոն հովանավորը: Իրենք էլ ցուցադրման իրավունքով կնկարեն իմ մենահամերգը:
-Փաստորեն, Ձեր համերգին ներկա չգտնվողները հետագայում հնարավորություն կունենան դիտել այն Հանրայինի եթերում:
-Անպայման: Կլինի նաեւ DVD տարբերակ:
-Ի՞նչ սպասումներ ունեք մենահամերգից:
-Ակնկալում եմ ուրախ, որակյալ համերգ եւ հանդիսատեսի բավարարվածություն, ուրիշ ակնկալիք չունեմ:
-Իսկ Դուք Ձեր հերթին ի՞նչ եք տալու հանդիսատեսին:
-Մաքսիմալ էներգիա, ինչ կուտակվել է իմ մեջ այս ընթացքում: Ներկայացնելու եմ այն ամենը, ինչին ես՝ որպես հեղինակ-կատարող, ի վիճակի եմ:
Ի՞ՆՉ ԵՔ ԿԱՐԾՈՒՄ, ՉԱՐԺԻ՞
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ