ԱԳՆԵՍԱՅԻ ՊԵՆԵԼՈՊԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը թատրոնում տարբեր կերպարներ է մարմնավորել. խաղացել է Ջեսսի` Նորմանի «Բարի գիշեր, մամա», 003` Քեյնի «Փսիխոզ 4:48», Ադելա` Լորկայի «Բերնարդա Ալբան եւ նրա աղջիկները», Ջեյն` Կունի «Գիշերային խրախճանք», Անժելա` Պապայանի «Գնա մեռի, արի սիրեմ» (ԱՄՆ), Մուրացանի «Ռուզան», Շանթի «Հին աստվածներ», Սունդուկյանի «Պատվի համար», Շառոյանի «Մեր բաժին ուրախությունը» եւ այլ դերեր: 2003 թվականից աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում, նկարահանվել նաեւ հեռուստասերիալներում:
Օրերս Դերասանի տանը Ագնեսա Շահնազարյանը հանդես եկավ «Պենելոպե» մոնոներկայացմամբ՝ ըստ Կարինե Խոդիկյանի համանուն պիեսի: Փոքր դահլիճը տրամադրող էր, եւ հանդիսատեսն էլ, կարծես թե, դառնում էր ներկայացման մասնակիցը, համեմատություններ կատարում Հոմերոսի ներկայացրած եւ բեմից ներկայացվող Պենելոպեի միջեւ: Մեկը նախապատվությունը տալիս էր դասական կերպարին, մյուսը` Կարինե Խոդիկյանի մեկնաբանությանը, որը, կարելի է ասել, դերասանուհին մի շնչով ներկայացրեց: Իսկ Ագնեսայի Պենելոպեն ուժեղ, ամուսնուն անսահման սիրող (հակառակ դեպքում այդքան երկարուձիգ տարիներ հավատարմորեն չէր սպասի նրան), հարուստ ներաշխարհով, բայց վիրավորված ինքնասիրությամբ կին էր, որն աչքի էր ընկնում նաեւ հումորի զգացումով, երբեմն՝ սարկազմով: Մոնոներկայացումը դիտելու էր եկել նաեւ ՀՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը, որն Ագնեսա Շահնազարյանին բնորոշեց որպես շնորհալի դերասանուհի, որը, սակայն, կարող է ավելին անել, իսկ մոնոներկայացումը համարեց գունեղ:
«Պենելոպե»-ն բեմադրել է ճանաչված ռեժիսոր Վահե Շահվերդյանը: Նա մասնավորապես նշեց, որ դա մոնոբեմադրություն անելու իր առաջին փորձն է, եւ ինքը գոհ է արդյունքից: Իսկ ընտրել է հենց Ագնեսա Շահնազարյանին, որովհետեւ վերջինս հրաշալի ձայն ունի եւ ներքին զգացողություն: Ի դեպ, Վահե Շահվերդյանը Երեւան է եկել Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի կոլեկտիվի հետ, որը սեպտեմբերի 27-ից հյուրախաղերով հանդես է գալիս Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս