ՀԱՐՑ. Ի՞նչ է իրենից ներկայացնում գնաճ կոչվածը: Եվ ո՞վ, ինչպե՞ս է հաշվարկում գնաճի ցուցանիշները:
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը որոշակի պարբերականությամբ ՀՀ տնտեսության առանձին հատվածների համար հաշվարկում է գների շարժը ներկայացնող ժամանակային շարքեր՝ գների ինդեքսներ: Oրինակ՝ սպառողական շուկայի համար՝ սպառողական գների ինդեքս, ընդհանուր տնտեսության համար՝ ՀՆԱ-ի դեֆլյատորը, որը տնտեսությունում արտադրված բոլոր ապրանքների եւ ծառայությունների գների միջին աճն է, արտաքին առեւտրում՝ արտահանման գների ինդեքս, ներմուծման գների ինդեքս եւ այլն: Ցանկացած ինդեքսի հավելաճի տեմպն այդ հատվածի կամ ճյուղի գնաճն է եւ հաճախ ունի հաշվարկման մեթոդական առանձնահատկություն: Ինչպես աշխարհի բոլոր երկրներում, այնպես էլ ՀՀ-ում գնաճ տերմինը հիմնականում կիրառվում է, երբ խոսքը սպառողական գների ինդեքսի (ՍԳԻ) հավելաճի տեմպի մասին է: Այն թեեւ ամբողջովին չի արտացոլում տնտեսությունը, սակայն առավել ընկալելի է հասարակության համար: Գնաճը սպառողական գների ինդեքսի հավելաճի տեմպն է: Սպառողական գների ինդեքսը ներկայացնում է սպառողական շուկայում գների շարժը:
Սպառողական շուկայի համար գների ինդեքս (ՍԳԻ) ԱՎԾ-ն հաշվարկում է ամսական պարբերականությամբ՝ դիտարկելով 470 ապրանքների եւ ծառայությունների գները ՀՀ 10 մարզերում ու Երեւանում: 470 ապրանքների եւ ծառայությունների ցանկն ընտրվել է հասարակության շրջանում սպառողական ծախսերի վերաբերյալ հարցումների իրականացման արդյունքում:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ-ում գնաճը նկատվեց դեռեւս 2013թ. նախագահական ու Երեւանի ավագանու ընտրություններից հետո: Դրան հաջորդեց գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը, ինչի արդյունքում կյանքը մեր երկրում կտրուկ թանկացավ: