«Մենք երջանիկ ենք». Միքայել Մինասյանը` Հռոմի Պապի այցի նշանակության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը դրական զգացողություններով է Մայր Աթոռ Սբ Էջմիածնում մասնակցում Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Բարիգալստյան` Հրաշափառի արարողությանը: «Որն է հայ ժողովրդի ուղերձն ու ասելիքն աշխարհին այս այցով»- «Արմենպրես»-­ի հարցին ի պատասխան` դեսպանը նշեց. «Մենք կանք, մենք երջանիկ ենք և հպարտ մեր երկրով»:

Հունիսի 24-­ին եռօրյա այցով Հայաստան ժամանեց Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Սրբազան քահանայապետին «Զվարթնոց Արմենիա» միջազգային օդանավակայանում դիմավորեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Պապի բարիգալստյան հրաշափառի արարողությունը: Նախատեսվում է, որ Սրբազան քահանայապետը կժամանի նախագահի նստավայր, որտեղ առանձնազրույց կունենա ՀՀ նախագահի հետ, որից հետո ՀՀ Նախագահը և Պապը հանդես կգան հայտարարություններով՝ դիմելով ՀՀ պետական պաշտոնյաներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, հանրության ներկայացուցիչներին:

Հունիսի 25­ին Սրբազան քահանայապետը կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Գյումրիի Սուրբ Վարդանանց հրապարակում նույն օրը տեղի կունենա պատարագ: Գյումրիում նախատեսված են նաև մի շարք այլ միջոցառումներ, որոնց ավարտին Սրբազան քահանայապետը կվերադառնա Երևան և Հանրապետության հրապարակում տեղի կունենա այցի ամենակարևոր և հանրության համար ամենաբաց միջոցառումը: Կլինի խաղաղության աղոթք, որին կնախորդի և կհաջորդի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և պետական երգչախմբի համատեղ տոնական համերգը՝ նվիրված Սրբազան քահանայապետի այցին Հայաստան:

Հունիսի 26­ի առավոտյան Մայր Աթոռում բաց խորանի մոտ տեղի կունենա պատարագ, որը կմատուցի Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սրբազան քահանայապետի հաղորդակցությամբ: Այնուհետև տեղի կունենան մի շարք միջոցառումներ Մայր Աթոռում, որից հետո Սրբազան քահանայապետը և Վեհափառ Հայրապետը կայցելեն հայ ժողովրդի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու համար կարևորագույն սրբավայրերից մեկը՝ Խոր Վիրապ, որտեղ միասին աղոթելուց հետո աղավնիներ բաց կթողնեն Արարատի ուղղությամբ և դրանով պաշտոնական ծրագիրը կավարտվի: Սրբազան քահանայապետը կմեկնի օդանավակայան` Հռոմ վերադառնալու համար:




Լրահոս