Բարսելոնայում` Կատալոնիայի Կառավարության Էմիգրացիայի վարչության կողմից տրամադրված հանդիսությունների դահլիճում, հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել Իսպանիայում ՀՀ դեսպանության և Կատալոնիայում ՀՀ պատվավոր հյուպատոսության կողմից կազմակերպված տոնական ընդունելություն, տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարությունը:
Միջոցառմանը ներկա են եղել տեղական իշխանությունները ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, կուսակցական գործիչներ, գործարարներ, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և համայնքային կառույցների ներկայացուցիչներ:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Կատալոնիայում Հայաստանի Հանրապետության Պատվո հյուպատոս Խուան Սանմարտին Խիլը, շնորհավորական ուղերձով ներկաներին դիմել է Իսպանիայի Թագավորությունում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը:
Ելույթ են ունեցել նաև Կատալոնիայի Կառավարության արտաքին հարաբերությունների հարցերով տնօրեն տիկին Էլենա Նյետոն և Էմիգրացիայի հարցերով գլխավոր տնօրեն պարոն Խավիեր Բոչը:
Տուրք տալով hայ ազգի հերոսական պատմությանը և հարուստ մշակութային ժառանգությանը` պաշտոնյաներն ընդգծել են Իսպանիայի խոշորագույն նահանգում բնակվող հազարավոր հայերի աշխատասիրությունը, օրինապահությունը, ակտիվությունը հասարակական կյանքում:
Միջոցառմանը ցուցադրվել է “Նոյի երկիր` Հայատան” վավերագրական ֆիլմը: Հանդեսը եզրափակվեց Կատալոնիայում ՀՀ պատվավոր հյուպատոսության կողմից տրված հյուրասիրությամբ: