Վերին Կարմիրաղբյուր գյուղի գյուղապետ Կամո Չոբանյանը ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով գյուղում տեղի ունեցած դաժան սպանության դեպքին, ասաց, որ մահացած Աստղիկ Հանիսյանն ու վերջինիս մայրը գյուղի բնակիչներ չեն եղել. «Նրա մայրը երկու տարի է, ինչ եկել էր այստեղ` ապրելու: Տեղյակ եմ, որ սպանություն է եղել, բայց թե որքանով Արսենը կապ ունի դեպքի հետ, ասել չեմ կարող: Իրենք հարևաններ են, բայց թե ինքն է սպանել, թե ոչ արդեն քննիչները կարող են ասել»:
Աղջիկն, ըստ գյուղապետի, միշտ իրենց ուշադրության կենտրոնում է եղել, անգամ զգուշացրել են, որ եթե շարունակի իրեն վատ դրսևորել, կհեռացնեն գյուղից. «Աղջիիկն իրեն շատ վատ էր պահում, մի քանի անգամ դեպքեր են եղել իր հետ կապված, ես էլ զգուշացրել եմ նրան, որ գյուղից կվտարեմ: Իրա վերջը էտ էր լինելու, բայց Արսենը կապ ունի, թե ոչ` չգիտեմ»:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 25-ին, գիշերը Շամշադինի բժշկական կենտրոնում մահացել է Լոռու մարզի Շնող գյուղում ծնված, սակայն Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում ժամանակավորապես բնակվող, 17-ամյա Աստղիկ Հանիսյանը: Մահվան պատճառը սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածներն են: Սպանության մեջ կասկածվում է 2014 թվականին գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանը: Վերջինս խոստովանել է կատարվածը: