Գյումրիի ժողովուրդն առանձնանում է խորին հավատքով և եկեղեցասիրությամբ. Գարեգին Բ կաթողիկոս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի կողմից Գյումրիի Սրբոց Վարդանանց հրապարակում մատուցված պատարագի ընթացքում հանդես է եկել ելույթով:

«Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրէք միմեանց. ինչպէս ես ձեզ սիրեցի, դուք էլ միմեանց սիրեցէք» (Հովհ. ԺԳ 34): Ձերդ Սրբություն, Սիրեցյալ հոգևոր եղբայրներ և բարեպաշտ հավատացյալներ, Այսօր, երբ մեր Եկեղեցին հիշատակում է Տիրոջ սուրբ առաքյալների տոնը, որքան քաղցրահունչ ու առավել ուժգնությամբ է հնչում մեր հոգիներին այս պատգամը, որը մեր Տերն ուղղեց Իր աշակերտներին:

Տերունապատվեր սիրո այս ջերմ զգացումով հանուն տարածաշրջանի ողջ հավատացելոց՝ բարի գալուստ ենք մաղթում Ձեզ, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, Գյումրի քաղաք: Ուրախություն է Մեզ համար աղոթակից լինել Հայ Եկեղեցու և հայ ժողովրդի մեծ բարեկամիդ մատուցած Պատարագին: Գյումրին Հայաստանի պատմական այն քաղաքներից է, որտեղ ծաղկում են ապրել հայ քրիստոնեական դարավոր արժեքները, ներդաշնակությամբ ձուլվել մեր ժողովրդի պատմությունն ու մշակույթը և հյուրընկալության սիրառատ ոգին:

Գյումրիի ժողովուրդը առանձնանում է խորին հավատքով և եկեղեցասիրությամբ, կրողն է նաև քրիստոնեական եղբայրական համակեցության գեղեցիկ ավանդույթի, որի վկայությունն է այսօր այստեղ աղոթքի կանգնած Հայ Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների և քրիստոնեական այլ հարանվանությունների հավատացյալ զավակների ներկայությունը: Խորհրդային աստվածմերժության տարիներին, երբ Հայաստանում կործանվում և փակվում էին եկեղեցիները, և միայն հավատացյալ մեր ժողովրդի անտեղիտալի դիմադրության շնորհիվ բաց էին մնացել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և սակավ եկեղեցիներ, Գյումրիի Սուրբ Աստվածածին (Յոթվերք) եկեղեցին իր մայրական գիրկը բացեց և հովանի ու աղոթավայր դարձավ Հայաստանի հյուսիսային շրջանների և Վրաստանի սահմանամերձ հայաբնակ քաղաքների ու գյուղերի բոլոր քրիստոնյաների համար՝ անկախ ազգային ու դավանական պատկանելությունից՝ լինեին նրանք հայ առաքելական, կաթոլիկ, թե օրթոդոքս:

Եկեղեցու հյուսիսային նախամուտքը վերածվեց կաթոլիկ հավատացյալների աղոթավայրի, ուր տեղադրվեց և առ այսօր պահպանվում է կաթոլիկ ավանդույթին բնորոշ Տիրոջ խաչելության արձանը`բերված Արևիկ գյուղի կաթոլիկ եկեղեցուց, իսկ հարավային նախամուտքը տրամադրվեց ուղղափառներին, որտեղ ամենապատվավոր տեղում բարձրացվեց Սուրբ Նիկոլայոս Սքանչելագործի ռուսական սրբապատկերը: Այսպես Գյումրին և Սուրբ Աստվածածին (Յոթվերք) եկեղեցին էկումենիզմի ժամանակակից սահմանումից տարիներ առաջ դարձան գործնական էկումենիզմի մատակարարն ու քարոզիչը:

Սիրեցյալ եղբայր ի Քիստոս, քաղաքը, որտեղ մենք այսօր գտնվում ենք, հյուրընկալ ու ջերմ իր սրտի վրա կրում է նաև կնիքը տառապանքի: Քսաներորդ դարասկզբին, երբ մեր ժողովուրդը ցեղասպանության էր ենթարկվում, Գյումրին նույնպես զգաց Օսմանյան կայսրության ջարդարար և զավթողական քաղաքականության ծանր հարվածները և այսօր էլ կանգնած է փակ սահմանի դիմաց՝ իբրև հարյուր տարի առաջ իրագործված ցեղասպանության և շարունակվող ժխտողական քաղաքականության վկա: Մեր ժողովրդի զավակները Գյումրիում հավատքով ու քաջարի ոգով դիմագրավեցին նաև երկրաշարժի աղետը: Այս բառիթով ի դեմս Ձերդ Սրբության՝ երախտագիտության Մեր խոսքն ենք ուղղում Կաթոլիկ Եկեղեցուն, որը ծանր այդ օրերին նույնպես եղբայրսիրությամբ օգնության ձեռք մեկնեց երկրաշարժից տուժածներին՝ համաձայն առաքյալի խոսքի. «հոգ տանենք միմեանց՝ սիրոյ և բարի գործերի յորդորելով» (Եբր. Ժ 23­24):

Այսօր էլ գյումրեցի մեր զավակները շարունակում են հաղթահարել դժվարությունները և նվիրյալ ջանքեր բերում՝ բարօր ու զարգացող կյանքով բարեշեն դարձնելու Գյումրին, որի վկայությունն են վերջին տարիներին կառուցված կաթոլիկ եկեղեցին, այս հրապարակին հովանի պատմական երկու նորոգված եկեղեցիները՝ իբրև Գյումրիի հառնող կյանքի խորհդանիշերը: Գոհություն հայտնելով Տիրոջը Գյումրիում Մեր սիրեցյալ եղբոր՝ Ֆրանցիսկոս Պապի հետ միասնական աղոթքի այս շնորհառատ օրվա համար՝ Մեր հորդորն ու մաղթանքն ենք բերում ձեզ, սիրելի հավատացյալներ, հավատքի, եղբայրսիրության ու հույսի աներեր քայլերով վկայելու այս աշխարհում Քրիստոսի պատգամը.

«Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրէք միմեանց. ինչպէս ես ձեզ սիրեցի, դուք էլ միմեանց սիրեցէք» (Հովհ. ԺԳ 34): Այս մաղթանքով նաև ողջունում և Մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում Գյումրիի և մարզի իշխանավորներին, Շիրակի հավատավոր Մեր զավակներին: Մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում Շիրակի թեմի Առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին, նրան լծակից հոգևորականներին և հայ կաթոլիկ համայնքի եկեղեցականներին՝ Առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի գլխավորությամբ: Մաղթում ենք, որ Տիրոջ զորակցությամբ նրանք շարունակեն արդյունավորել իրենց հավատավոր հոտի խնամքն ու հովվությունը և եղբայրսիրությամբ գործակցությունը:

Սուրբ առաքյալների և Տիրոջ բոլոր վկաների բարեխոսության հայցով աղոթք ենք բարձրացնում առ Ամենակալն Աստված աշխարհի խաղաղության, մարդկության բարօր ու ապահով կյանքի և Քրիստոսի Սուրբ Եկեղեցու պայծառության համար: Ձերդ Սրբություն, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, Ձեր այցելությունը Գյումրի հոգևոր նորոգություն է Շիրակի տարածաշրջանի հավատացյալներին և միշտ պիտի հիշվի սիրով ու ջերմությամբ: Ուրախ սրտով վերստին հաստատում ենք, որ Ձեր այցը նոր վկայություն է մեր Եկեղեցիների բարի հարաբերությունների: Թող Աստված ամուր պահի եղբայրությունը և արգասավորի գործակցությունը մեր Եկեղեցիների այսօր և միշտ: Ամեն:




Լրահոս