ՄԵՐ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՁՈՒՆ ԷԺԱՆԱՑՐԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը մեկ շաբաթ առաջ անդրադարձել էր Հայաստանի պաշտպանության նախարարության գնումների խնդրին: Բացահայտել էինք, որ տարվա սկզբին ՀՀ ՊՆ-ն պայմանագիր է կնքել Խաչիկ Խաչատրյանին (ձվերի Խաչիկ) պատկանող «Արաքս» թռչնաֆաբրիկայի հետ` 1 ձվի դիմաց 53 դրամ վճարելու պայմանով: Այս տարվա ապրիլի քառօրյա պատերազմից հետո Հայաստանի թռչնաբուծական ֆաբրիկաներից մի քանիսը ՀՀ ՊՆ-ին առաջարկել էին ձուն մատակարարել ինքնարժեքով՝ մեկ հատը 40-ից 45 դրամով: Սակայն պաշտպանության նախարարությունը չէր ընդունել այդ առաջարկը եւ շարունակել էր «Արաքսից» ձու գնել 53 դրամով: Երեկ ՀՀ պաշտպանության փոխնախարար, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ մեր հրապարակումից հետո` նախօրեին, ձվի մատակարար ընկերության հետ նոր պայմանագիր է կնքվել, ըստ որի՝ մատակարարման նոր գին է սահմանվել՝ 41 եւ 45 դրամ, նախկին 53-ի փոխարեն: «Երկու օր առաջ ստորագրել եմ նամակ, բանակցվել է, եւ գինը իջեցվել է այն գնին, որը առաջարկվում էր այլ ընկերությունների կողմից: Դա, ասեմ, որեւէ մեկի բարի կամքը չէ, դա օրենքի պահանջն է, եթե ինքը չհամաձայներ ավելի ցածր գնով մատակարարել տվյալ սննդամթերքը, ապա պայմանագիր էր կնքվելու այն կազմակերպության հետ, որը ավելի ցածր գին էր առաջարկել: Կոնկրետ այս պարագայում մատակարարող կազմակերպությունը համաձայնել է, գինը իջեցրել է այն գնի սահմաններում, որը առաջարկել է ուրիշ կազմակերպություն»,- պարզաբանեց Մովսես Հակոբյանը` հաստատելով, որ Խաչիկ Խաչատրյանի ընկերությունը նահանջել է, զսպել ախորժակը:
Ահա, այսպես ՀՀ ՊՆ-ն ավելի էժան է ձու գնում, քան նախկինում: Իսկ քանի՞ նման գործարարներ կան, որոնք դեռ «պլստում» են ու շարունակում հարստանալ ՊՆ-ի հաշվին: Թերեւս քիչ չեն:

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները որոշել են մինչեւ սեպտեմբեր հետաձգել «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի քննարկումը ՀՀ Ազգային ժողովում: Ինչպես հայտնի է՝ այդ համաձայնագիրը դեռեւս հունիսի 3-ին քննարկվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում եւ դրական եզրակացությամբ ներառվեց Աժ լիագումար նիստերի օրակարգում: Սակայն վերջին` հունիսի 6-ից 9-ը տեղի ունեցած քառօրյայում այն այդպես էլ չքննարկվեց: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այն չի քննարկվելու նաեւ երեկվանից մեկնարկած ԱԺ արտահերթ նիստերի ժամանակ, եւ խորհրդարանն այդ փաստաթղթին կանդրադառնա սեպտեմբերին միայն: Բանն այն է, որ այս համաձայնագիրը ընթացիկ ամսում պետք է քննարկվի ՌԴ պետդումայում, որից հետո ՀՀ իշխանությունների համար ավելի հեշտ կլինի փաստաթուղթը խորհրդարանում «անցկացնել»:

 

 

 
ՀՀ կառավարությունը մտադիր է առաջիկայում, 116 գյուղեր եւ քաղաքներ միավորելով, դրանք դարձնել ընդհանուր 13 համայնք: Ինչպես հայտնի է՝ համայնքների միավորման նպատակը Եվրոպական միությունից դրամաշնորհ «պոկելն» է: Արագածոտնի մարզի միավորման սպառնալիքի տակ գտնվող գյուղերը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում իրենց դժգոհությունն են հայտնում. նրանց հիմնական մտավախությունն այն է, որ դրանից հետո համայնքներից մի քանիսն իսպառ կքայքայվեն: Սակայն մի խնդիր կա, որի մասին չի բարձրաձայնվում, ու երբ խոշորացումը տեղի ունենա, այն իրեն զգացնել կտա: Բանն այն է, որ Արագածոտնի Մելիքգյուղը պատրաստվում են միավորել հարեւան տասը գյուղերի հետ՝ մեկ ընդհանուր համայնքում: Մելիքցիները մի քանի տարի է՝ դիմադրում են Թուխմանուկի ոսկու հանքավայրի շահագործմանը: Ակնհայտ է, որ եթե այդ գյուղը եւս միավորեն, ապա խնդիրն ինքըստինքյան կլուծվի: Միավորումից հետո մյուս գյուղերի բնակիչները դժվար թե դեմ կլինեն, որ մելիքցիների առողջության հաշվին իրենց մեծ համայնքայի բյուջեն լրացուցիչ միջոցներ ստանա:

 

 

 

 
Ընդամենը մի քանի օր առաջ ուժի մեջ մտած ՀՀ ընտրական նոր օրենսգիրքը առաջիկայում կրկին փոփոխության կենթարկվի: Բանն այն է, որ միջազգային կազմակերպությունները, որոնք խոստացել են ֆինանսավորել ՀՀ ընտրական համակարգի բարեփոխման գործընթացը, դժգոհ են: Ու հիմա, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի անունից գործող իշխանությանը զգուշացրել են, որ եթե ընդդիմության հետ համաձայնությունը չկայանա, եւ հրապարակային դժգոհություն լինի ԸՕ-ից, ապա ոչ մի օժանդակություն էլ չի լինի: Հիշեցնենք, որ ընդդիմության կողմից բարձրացված առնվազն երկու խնդրի հետ կապված ՀՀ իշխանություններն իրենց մերժումը պատճառաբանել են ֆինանսի բացակայությամբ: Խոսքը վերաբերում է քվեարկությունը միայն նույնականացման քարտերով կազմակերպելու եւ տեղամասերը տեսահսկման համակարգերով կահավորելու խնդիրներին: Միջազգային կառույցները ՀՀ իշխանություններին փաստի առաջ են կանգնեցրել, եթե, ինչպես հայտարարում են, համաձայն են այդ համակարգերի ներդրմանը, ապա թող օրենքը փոխեն, եւ որքան գումար պետք է, կհատկացվի:

 

 

 
ՆԺԴԵՀԱՍԵՐՆԵՐԸ
Մայիսի 28-ին Երեւանում բացված Գարեգին Նժդեհի արձանի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Եթե բացման հաջորդ իսկ օրը ռուսական մամուլում հնչեցված շատ կոշտ գնահատականներին ու կոչերին արձագանքելով՝ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասում էր, թե չի կարծում, որ դա կարող է լինել պաշտոնական Կրեմլի արձագանքը, ապա նախօրեին ՌԴ ԱԳՆ խոսնակ Մ. Զախարովայի արած հայտարարությունից հետո արդեն ՀՀԿ մամլո խոսնակը հայտարարում է, թե իր համար հասկանալի չէ՝ ռուս գործիչների անհանգստությունը որտեղից է գալիս, ապա կարծիք հայտնում, թե միգուցե դա ոչ ամբողջական ինֆորմացիայի արդյունք է: Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հորդորում է լավ ծանոթանալ Նժդեհի կենսագրությանը:
Այն, որ Նժդեհի կենսագրությունում կան այնպիսի դրվագներ, որոնք կարող էին առաջացնել ռուսական կողմի՝ առնվազն ոչ միանշանակ վերաբերմունքը, գաղտնիք չէր որեւէ մեկի համար: Ավելին՝ Նժդեհի արձանի բացման հարցը տարիներ շարունակ հայկական իշխանությունների կողմից ձգձգվել է հենց ռուսական կողմի բացասական արձագանքի հետ կապված մտավախություններից ելնելով: Մասնավորապես, երբ Նժդեհի 100-ամյակին վաղուց ի վեր խոստացված արձանը չտեղադրվեց, ՀՀԿ-ականներից ոմանք անգամ հրապարակային մի դեբատի ժամանակ դա հենց ռուսական կողմի բացասական արձագանքով արդարացրին: Հիշեցնենք, որ ռուսական մամուլում բավականին ջղաձիգ հրապարակումներ եղան նաեւ «Գարեգին Նժդեհ» ֆիլմի պրեմիերայից հետո: Այն, որ ռուսական կողմը հանգիստ չէր ընդունելու Նժդեհի արձանի բացման փաստը, որեւէ մեկի համար չպետք է անակնկալ լիներ: Եվ եթե ՀՀԿ-ում իսկապես անհանգստանում էին հայ-ռուսական անամպ հարաբերությունների համար եւ չէին ցանկանում, որ ադրբեջանական քարոզչամեքենան օգտագործեր այս առիթը, ինչպես իրենք են սիրում ասել՝ «սեպ խրելու համար հայ-ռուսական հարաբերություններում», ապա առնվազն այսքան տարվա ընթացքում պարտավոր էին իրենց ռուս գործընկերներին ներկայացնել Նժդեհի իրական գործունեությունն ու դերակատարությունը, այդ թվում եւ ֆաշիստների հետ համագործակցության մասով:
Ի վերջո, ինչ է նշանակում, թե ռուսները պարզապես «լավ տեղեկացված չեն»: Բա տեղեկացնեիք, բա ինչի համար են այդքան միջխորհրդարանական խմբերը, ԱԳՆ-ի համապատասխան վարչությունները, ԳԱԱ համապատասխան բաժինները, տարբեր կրթական ծրագրերը, Ռուսաստանում հայերի միությունը, տարատեսակ մեդալներ ստացող ու այստեղ պուտինյան ակումբներ բացող, կիսելեվներ տանող-բերող գործիչները, եւ վերջապես՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը: Բա այսքան ժամանակ ձեր բոլորի բանուգործը որ՞ն է եղել:
Խոսքը հենց ձեր՝ ՀՀԿ-ականների գաղափարական հոր մասին է, եւ եթե հանրապետականներդ լինեիք Նժդեհի գաղափարախոսության եւ արժեքների իրական կրողները, ապա պիտի որ վիրավորական համարեիք այն, որ ՌԴ-ում «լավ տեղեկացված չեն» Գարեգին Նժդեհի ով լինելու մասին:




Լրահոս