ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՆԻՍԻԱՅՈՎ» ԱՊՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկվա դրությամբ Հայաստանի պետական բյուջեով այս տարվա համար նախատեսված միջոցներից 579 միլիարդ 48 մլն դրամն արդեն իսկ ծախսվել է: Այս տարվա պետական բյուջեի ծախսային մասն ընդհանուր կազմում է 1 տրիլիոն 432 միլիարդ 143 միլիոն դրամ: Այսինքն՝ պետական բյուջեում ընթացիկ տարվա համար նախատեսված միջոցներից մնացել է 853 միլիարդ 95 մլն դրամ:

Տեղեկացնենք, որ այս տարվա առաջին հինգ ամիսների արդյունքներով հարկեր եւ տուրքերից պետական բյուջեի եկամուտները կազմել են 419 միլիարդ 527 միլիոն դրամ: Ստացվում է, որ այս պահի դրությամբ Հայաստանի պետական բյուջեով նախատեսված եւ իրականացված ծախսերը շուրջ 159 միլիարդով գերազանցում են պետբյուջեի ընթացիկ եկամուտները: 2016 թվականի համար պետական բյուջեով նախատեսված դեֆիցիտը, ինչպես հայտնի է, վերջնական ճշտված տվյալներով պետք է կազմի 196 միլիարդ 474 մլն դրամ: Մյուս կողմից հայտնի է, որ պետբյուջեի եկամուտներից 31 միլիարդ 490 միլիոն դրամը պետք է կազմեն պետական դրամաշնորհները, եւս 25 միլիարդ 759 մլն դրամի եկամուտներ էլ պետբյուջեում նշված են իբրեւ «այլ եկամուտներ»: Պաշտոնական դրամաշնորհ կոչվածը ենթադրում է, որ որեւէ երկիր կամ միջազգային կազմակերպություն պարտավորվել է ինչ-որ ծրագրի իրագործման համար գումար հատկացնել: Եթե ինչ-ինչ պատճառներով այդ գումարը չի հատկացվում, ապա մեխանիկորեն աճում է պետական բյուջեի դեֆիցիտը: Այլ կերպ ասած՝ վերը նշված 196 միլիարդ դրամի ցուցանիշը դեռ վերջնական չէ:
Նկատենք, որ պաշտոնական տեղեկագրերում այս տարվա ընթացքում ստացված պաշտոնական դրամաշնորհների մասին տվյալները դեռեւս բացակայում են: Համապատասխան տեղեկագրում, որը վերնագրված է «2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետությանը տրամադրված դրամաշնորհների վերաբերյալ 31.03.2016թ. դրությամբ», այս տարվա ընթացքում տրամադրված դրամաշնորհների վերաբերյալ տվյալները բացակայում են: Իրականում այդ փաստաթղթում ներկայացված են 2015 թվականի ընթացքում տրամադրված պաշտոնական դրամաշնորհների ամփոփ տվյալները: Այսինքն՝ այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ անցած հինգ ամիսների կտրվածքով պետբյուջեի եկամուտները գերազանցող 159 միլիարդ դրամի ծախսը արդեն իսկ դեֆիցիտ է իրենից ներկայացնում:
ՀՀ կառավարությունն անցած ամիսներին պետական բյուջեի ծախսերի մի զգալի մասը հոգացել է նոր վարկեր վերցնելու եւ Հայաստանի միջազգային պահուստների միջոցները մսխելու հաշվին: Այսպես՝ Հայաստանի պետական պարտքն այս տարվա ընթացքում, անցած տարվա վերջի համեմատ, աճել է 191 միլիոն 800 հազար դոլարով` 5 միլիարդ 78 մլն 800 հազար դոլարից դառնալով 5 միլիարդ 270 մլն 600 հազար դոլար (մայիսի 31-ի դրությամբ):
Մյուս կողմից Հայաստանի միջազգային պահուստները, այսինքն՝ պետության «խնայողությունները» եւս այս տարվա սկզբից սկսած նվազում են: Անցած տարվա դեկտեմբերի վերջի համեմատ մայիսի վերջի դրությամբ միջազգային պահուստները նվազել են 243 միլիոն 260 հազար դոլարով: Ի դեպ, միայն մայիսի ընթացքում միջազգային պահուստները նվազել են 36 միլիոն 30 հազար դոլարի չափով եւ ամսվա վերջի դրությամբ կազմել են 1 միլիարդ 532 միլիոն 30 հազար դոլար:
Այսպիսով ստացվում է, որ այս տարվա անցած հինգ ամիսների արդյունքներով ընդհանուր Հայաստանի պարտքերի աճն ու պահուստների ծախսը միասին կազմել են 435 միլիոն 60 հազար դոլար: Ավելի պարզ եթե ձեւակերպենք, ապա ստացվում է, որ Հայաստանը որպես մեկ ընդհանուր տնտեսություն հինգ ամսվա կտրվածքով մոտ կես միլիարդ դոլարի «գերածախս» է ունեցել:
Ընտանիքի կամ ընկերության պարագայում վարկային միջոցների ներգրավումը կարող է արդարացված լինել միայն այն դեպքում, եթե համապատասխան միջոցները նպաստելու են վարկ վերցնողի տնտեսության հետագա զարգացմանը` նպաստելով նրան եկամուտների ավելացմանը: Այս մոտեցումը գործում է նաեւ երկրների դեպքում: Եթե երկիրը վարկ է վեցնում եւ դրանով նպաստում է ընդհանուր տնտեսության զարգացմանը, ապա դրա մեջ վատ բան չկա: Այս տեսանկյունից, եթե մեր իրականությունը գնահատենք, ապա ակնհայտ է դառնում, որ Հայաստանի պետական պարտքի ավելացումը որեւէ կերպ չի նպաստում երկրի տնտեսության զարգացմանը, եւ դրա հիմնական պատճառն այն է, որ տնտեսության ճյուղերը չեն աշխատում: Սրա պատճառներից մեկն էլ վատ կառավարումն է, շուկաների բացակայությունը եւ մի շարք այլ, այդ թվում՝ կոռուպցիոն դրսեւորումները:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԶՈՒԳԱՐԱՆՆԵՐԸ
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը մայիսի 6-ին պայմանագիր է կնքել «Ագաթ-777» ընկերության հետ՝ ՀՀ կառավարական 3 շենքի տարածքների ընթացիկ նորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով: Ըստ այդմ, «Ագաթ-777» ընկերությանը պետբյուջեից հատկացվել է 31 մլն 862 հազար 700 դրամ: Այս գումարով «Ագաթ-777»-ը պետք է կառավարական 3-րդ մասնաշենքի պատերն ու առաստաղը մաքրեր հին ներկից՝ այդ նպատակով հատկացված գումարից ծախսելով ավելի քան 5 մլն դրամ: Նախատեսվել է ապամոնտաժել զուգարանակոնքերը, լվացարանները՝ դրանք փոխարինելով նորերով: Իսկ պատերն ու առաստաղները պետք է ներկվեին: Դժվար է ասել, թե ՀՀ կառավարության շենքը այդ երբ հասցրեց այդչափ քայքայվել, որ այն կապիտալ վերանորոգելու անհրաժեշտություն է առաջացել: Ի դեպ, հիշեցնենք, որ «Ագաթ-777» ՍՊԸ-ն հենց այն նույն ընկերությունն է, որի անունը կապվում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի ընտանիքի հետ: Սակայն Հովսեփյանն իր մամուլի քարտուղարի միջոցով համառորեն փորձում է հերքել այդ կապի առկայությունը:
Փաստենք, որ վերը նշված ընկերությունը մշտապես պետական պատվերներ է շահում, այդ թվում ՀՀ քննչական կոմիտեի նոր շենքի շինաշխատանքները, ինչի համար Հովսեփյանի հետ ընդհանրապես կապ չունեցող այդ ընկերությունը մի քանի հարյուր միլիոն դրամի եկամուտ ունեցավ: Իսկ «Ագաթ-777» ՍՊԸ-ի կողմից ՔԿ-ի պատերին ամրացրած երեսպատման թիթեղները մի քանի ամիս անց ուժեղ քամին քշեց, տարավ:

 

 

ԼՈՒԾԱՐՎՈՒՄ Է
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2016 թվականի մայիսի 20-ին կայացրած որոշմամբ՝ «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի գործունեությունը կասեցվել է: Ավելին՝ նույն որոշմամբ «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի նկատմամբ սկսվել է լուծարման վարույթ: Հիշեցնենք, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ այս տարվա փետրվարի 15-ի վճռով «Վանաձոր-Քիմպրոմ»-ը սնանկ Էր ճանաչվել: Տեղեկացնենք, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ընդդեմ «Վանաձոր Քիմպրոմ»-ի հայց Էր ներկայացրել՝ պահանջելով ընկերությանը սնանկ ճանաչել: Արդյունքում դատարանը բավարարել Էր ՀԷՑ-ի պահանջը:

 

 

ՀԱՐՈՒՍՏ ԴԵՍՊԱՆԸ
Քուվեյթում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի դրամական միջոցները նախորդ տարվա վերջին կազմել են 300 մլն դրամ, 40 հազար եվրո եւ 1 մլն 625 դոլար: Նորանշանակ դեսպանը որպես եկամուտ հայտարարագրել է իր պատգամավորական աշխատավարձը՝ ամսական 585 հազար դրամ, եւ 19 մլն 450 հազար դրամի եկամուտ իբրեւ շահաբաժին:

 

 
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արտաշես Բախշյանն ազատվել է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն։ Վարչապետի որոշումներով Արտակ Ասատրյանն ազատվել է ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետի պաշտոնից եւ նշանակվել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։

 

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԽԱԼ
Հայաստանի իշխանություններն այս քայլով ոչ միայն դաշնակցում են, այլ ուղղակի հանցակից են դառնում մի քաղաքականության, որը մարտահրավեր է նետում աշխարհին: Անդրադառնալով ՀՀ եւ ՌԴ միջեւ միավորված ՀՕՊ ստեղծելու համաձայնագրին՝ երեկ ասել է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: «Միայն այդ պատճառը բավական է, որ մենք դեմ արտահայտվենք հատկապես ապրիլյան իրադարձություններից հետո: Այս քայլը ոչ միայն դավաճանություն է, այլ նաեւ քաղաքական սխալ է: Սա ավելի վատ է, քան հանցագործությունը: Պատերազմ ստանալու ենք ոչ միայն Ադրբեջանի, այլեւ ողջ աշխարհի հետ: Այստեղ (նկատի ունի ԱԺ-ի դիմաց. խմբ.) ազգի վերնախավն է, իսկ այնտեղ` (ԱԺ-ում. խմբ.) ազգի տականքը, օտար երկրի գործակալը», – ասել է երեկ Աժ դիմաց բողոքի ակցիային մասնակցող կինոռեժիսորը:

 

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ Է ՍՏԵՂԾՎԵԼ
Ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության եւ օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում եւ բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որի նախագահ է նշանակվել նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը: «Քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման համար հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում տեղակայված (պաշտպանության նախարարին առընթեր) հասարակական խորհրդի աշխատավայրում յուրաքանչյուր երկուշաբթի եւ հինգշաբթի օրերին` ժամը 10.00-ից մինչեւ 18.00-ն: Քաղաքացիների դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին` հասարակական խորհրդում: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010 52-34-82 հեռախոսահամարով», – ասված է ՊՆ հաղորդագրությունում:

 

 

ԲԱՆԱՁԵՎՈՎ
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերով եւ անվտանգության հանձնաժողովի զեկուցող Մարգարետա Սեդերֆելտը կազմել է զեկույց եւ բանաձեւի նախագիծ, որը կքննարկվի հուլիսի 1-5-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ 25-րդ ամենամյա նստաշրջանի ժամանակ: Բանաձեւում նշված է, որ այնպիսի հակամարտությունները, որոնցում ներքաշված են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանն ու Մոլդովան, ավելի մեծ ուշադրություն ու քաղաքական կամք են պահանջում: Բանաձեւով կոչ է արվելու խորհրդարանականներին քաջալերել տարածաշրջանում կողմերի քաղաքական կամքը` համաձայնության գալու վստահության մթնոլորտի ստեղծման հարցում եւ նվազեցնելու թշնամանքի հետագա ռիսկերը:




Լրահոս