Արեւմուտքի կողմից պատժամիջոցների վերացումից հետո Իրանն անցավ բավական ակտիվ տարածաշրջանային ու միջազգային քաղաքականության նախաձեռնությանը: Ապրիլի 19-ին Նյու Յորքում Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը հանդիպել է պետքարտուղար Ջոն Քերիի հետ, որից հետո կողմերը հայտարարել են մի քանի սկզբունքային հարցերի շուրջ առաջընթաց գրանցելու մասին:
Նույն ամսին ԵՄ արտաքին հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի եւ Զարիֆի միջեւ տեղի ունեցած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տնտեսական, ատոմային էներգետիկային, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Իհարկե, սա ամենը չէ, եղել են այլ հանդիպումներ ու բանակցություններ եւս: Չնայած միջազգային մակարդակում հանդիպումների ու քննարկումների տպավորիչ շարքին՝ Արեւմուտքը, ի դեմս Միացյալ Նահանգների, շարունակում է Իրանի համար մնալ որպես մրցակից հատկապես մերձավոր-արեւելյան ուղղությամբ: Վաշինգտոնն ու Թեհրանը շարունակում են փոխադարձ մեղադրանքներն այս կամ այն հարցի առնչությամբ եւ այլն: Սակայն նման եղանակով Իրանն ապահովագրվում է արեւմտյան թիրախավորումից, որն էլ մանեւրի լայն դաշտ է բացում իր համար հարազատ մերձավոր-արեւելյան աշխարհաքաղաքական տարածությունում: Իրանը, հանդիսանալով ռեգիոնալ գերտերություն, բնական է, հիմնական ուշադրությունը բեւեռել է տարածաշրջանային խնդիրներին, որի հետաքրքրությունների տիրույթը տարածվում է Սիրիայից մինչեւ Հարավային Կովկաս ու Կասպիական ավազան: Հենց այստեղ էլ նա փնտրում է իր շահերի հետ զուգակցվող այլ շահեր, որոնց հետ կկարողանա ստեղծել աշխարհաքաղաքական ամուր բեւեռ՝ մարտահրավերներին դիմակայելու եւ նոր հորիզոններ բացելու համար:
Այս ճանապարհին, սակայն, գոյություն ունեն մի շարք խոչընդոտներ, մասնավորապես Թուրքիան, որի հետ առկա են բավական բարդ հարաբերություններ՝ կապված իսլամական աշխարհում դերակատարության, մերձավոր-արեւելյան տարածաշրջանում ազդեցության ոլորտների բաժանման հետ: Այս նկատառումներից ելնելով՝ Թեհրանում փորձում են ուժեղ հակակշիռներ գտնել, որոնք, նախեւառաջ, կզսպեն գլոբալ տարածությունում Արեւմտյան առաջխաղացումը եւ ճանապարհ կբացեն Թուրքիայի հետ առավել հավասար դիմակայության համար: Այդպիսի հակակշիռ է հենց Ռուսաստանը, որը նույնպես Արեւմուտքի հետ ունի կոնֆլիկտային փոխհարաբերություններ, գտնվում է պատժամիջոցների ներքո, եւ ստեղծվել է բնական դաշնակցության հուսալի միջավայր, որը ձեռնտու է նաեւ Մոսկվային ու Սիրիային: Այսպես՝ հունիսի 9-ին Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում տեղի է ունեցել այդ երկրի, Ռուսաստանի եւ Սիրիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը: Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդի քարտուղար Ալի Շամհանին շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին՝ «Սիրիայում ցուցաբերած խիզախ քաղաքականության եւ ահաբեկչության դեմ պայքարին էֆեկտիվ աջակցություն ցուցաբերելու համար»: Նման խոսքն ուղղված է հենց Վաշինգտոնին ու ցույց է տալիս, որ Թեհրանի համար Սիրիայում գոյություն ունի մեկ լեգիտիմ ուժ. դա Ռուսաստանն է, եւ մեկ այլ ուժի ներգրավվածությունը կհանդիպի իր հակազդեցությանը: ԻԻՀ ու ՌԴ համար Սիրիան Մերձավոր Արեւելքում աշխարհաքաղաքական վերջին պատվարն է, դրա նկատմամբ արեւմտյան վերահսկողությունը կնշանակի բաց դուռ դեպի իրանական «սեւ անցքը»: Ուրեմն չպետք է թույլ տալ, որ դա տեղի ունենա, եւ վերոնշյալ երեք երկրները որոշել են համագործակցությունը խորացնել հենց անվտանգության ոլորտում, որը համագործակցային բավական լավ դաշտ կբացի նրանց միջեւ գոյապահպանական ու կենսական կարեւորության շահերի զուգակցությունն ինստիտուցիոնալացնելու տեսանկյունից: Ռուսաստանի համար Սիրիան նույնպես կարեւոր օջախ է մի քանի պատճառով.
1. դրանով փակվում է միջերկրականի ավազանից դեպի տարածաշրջան արեւմտյան ներթափանցման հնարավորությունը,
2. նվազում է թուրքական ազդեցությունը, ավտոմատ՝ ՆԱՏՕ-ի ազդեցությունը,
3. «եվրասիական շախմատային խաղատախտակի» մի հատվածում տեղ է բացվում «աշխարհաքաղաքական պարտիան» շարունակելու համար:
Ինչպես երեւում է՝ տարածաշրջանում հասունանում է մի նոր պարտիա, սակայն հարցն այն է՝ արդյո՞ք գեոստրատեգիական եռանկյունին ձեւավորվել է Իրան-Ռուսաստան-Սիրիա ֆորմատով, թե՞ հնարավոր են այլ խաղացողներ եւս: Այս ֆոնին հետաքրքրական է ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանիի ցանկությունը այցելելու Հայաստան, որի մասին նա հայտնել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ հունիսի հինգին Թեհրան այցի ժամանակ: Արդյո՞ք սա նշանակում է, որ Իրանը ցանկանում է այդ եռանկյունու մի հատվածում ներառել նաեւ Հայաստանին, որը գտնվում է դրա մեջտեղում եւ կարող է հանդիսանալ որպես կոմունիկատիվ գործոն: Թե ինչ կարգավիճակ կունենա Հայաստանն այս պրոյեկտում, ցույց կտա ժամանակը՝ երբ կամ եթե Երեւան այցելի նախագահ Ռուհանին:
ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ
ԹԹՈՒՋՈՒՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ԿՊԱՅՔԱՐԻ 4 ԹԵԿՆԱԾՈՒ
Այս տարվա հուլիսի 3-ին ՀՀ Արագածոտնի մարզի Թթուջուր գյուղում կանցկացվեն տեղական ինքակառավարման մարմնի արտահերթ ընտրություններ: Գյուղապետի պաշտոնի համար առաջադրված թեկնածուները չորսն են՝ անկուսակցականներ Զոհրակ Ասլանյանը, Վիգեն Գրիգորյանը, Գագիկ Ոսկանյանը, ով «Կ.Ռ. Քնսփրաքշն» ընկերությունում որպես շինարար է, եւ Թթուջուրի գյուղապետարանի աշխատակազմի ՀՀԿ-ական քարտուղար Արսեն Սահակյանը:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նախկին գյուղապետ Գրիգոր Ասլանյանը շաբաթներ առաջ է հրաժարականի դիմում ներկայացրել եւ Հայաստանից մեկնել է արտերկիր՝ բուժման նպատակով: Գյուղապետի ընտրությունների շուրջ զրուցեինք առաջադրված թեկնածուներ Զոհրակ Ասլանյանի եւ Գագիկ Ոսկանյանի հետ:
Անկուսակցական Զոհրակ Ասլանյան
-Պարո՛ն Ասլանյան, գյուղապետի այս ընտրություններում Դուք պայքարելու եք երեք թեկնածուի հետ…
-Ամեն ինչ կարգին է: Ես մինչեւ վերջ գնալու եմ: Մյուս թեկնածուներն էլ արժանիքներ ունեն ընտրվելու:
-Դուք գործող գյուղապետ Գրիգոր Ասլանյանի հետ բարեկամական կապեր ունե՞ք:
-Այո՛, նա իմ հորեղբայրն է, այս պահին Հայաստանում չէ եւ առողջական խնդիրներով մեկնել է բուժման: Լուրջ հիվանդություն ունի:
«Կ.Ռ. Քնսփրաքշն» ընկերության շինարար Գագիկ Ոսկանյան
-Պարո՛ն Ոսկանյան, գյուղում նախընտրական ի՞նչ մթնոլորտ է: Ձեր եւ մյուս թեկնածուների միջեւ լարվածություն կա՞:
-Չէ, կարելի է ասել. սովորական ընտրարշավ է:
-Առաջադրված թեկնածուները չորսն են, ի՞նչ ակնկալիքներ ունեք, կընտրվե՞ք:
-Ճիշտն ասած՝ բնակիչներին համոզելու ոչինչ չունեմ, որովհետեւ երկու նստաշրջան (բառն իրենն է Ս. Հ.) աշխատել եմ որպես գյուղապետ: Այժմ առաջադրել եմ իմ թեկնածությունը, որպեսզի գյուղի համար ինչ-որ բան անեմ:
-Քանի՞ անգամ եք առաջադրվել:
-Չորս անգամ առաջադրվել եմ, երկուսում հաղթել եմ, իսկ երրորդին ոչ: Սա էլ չորրորդ անգամն է: Մեր գյուղը փոքր է, ունի մոտ 267 ընտրող: Ինչպես հայտնի է՝ գյուղերում ընտրություններին հիմնականում ազգություններն են խոսում: Իսկ ես գյուղում ազգություն չունեմ, մենակ եմ: Չնայած դրան՝ եթե խանգարողներ չլինեն, ամեն բան լավ կլինի:
-Իսկ խանգարողներ կա՞ն:
-Եթե լծակներ չօգտագործեն…
-Հիմա լծակներ օգտագործո՞ւմ են:
-Դե, մինչեւ հիմա չեն օգտագործել: Բայց նախորդ ընտրություններին շատ ուժեղ են իմ դեմ աշխատել: Եւ չնայած սրան՝ ես նախորդ ընտրություններին 11 ձայնով անցնող գյուղապետից պակաս եմ հավաքել: Եթե օգտագործեն, ես ինչ կարող եմ անել:
-Պարո՛ն Ոսկանյան, այս անգամ պայքարելու եք նախկին գյուղապետի եղբոր որդու դեմ: Վստա՞հ եք, որ կանցնեք:
-Ինքը խելացի, լսող, համեստ տղա է, ուղղակի աշխատանքային փորձ չունի: Ոչ մի բացասական բան չեմ կարող ասել նրա մասին: Նա նաեւ իմ աշակերտն է եղել:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ԽՈՇՏԱՆԳԵԼ ԵՆ
Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնը հունսի 8-ին արտառոց՝ ճիճվակալած վերքերով հիվանդ է ընդունել: 58-ամյա Գեւորգ Կոշկերյանը ընդունվել է ծանր վիճակում եւ տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք: Շտապ կատարվել է առաջնային վիրահատական մշակում, վերականգնվել է դաստակի զարկերակի արյան հոսքը, երկու օր վերակենդանացման բաժանմունքում մնալուց հետո՝ հունիսի 10-ին, նա տեղափոխվել է հիվանդասենյակ: Հիվանդանոց այցելած ArmLur.am-ի թղթակիցը պարզել է, որ Կոշկերյանը գտնվում է ծանր վիճակում, գրեթե չի կարողանում խոսել: Նրան խնամում է երկրորդ կինը: Վերջինիս պատմելով՝ Գեւորգին դաժանաբար խոշտանգել են, եւ նա հրաշքով է կենդանի մնացել:
Ինքը՝ Գեւորգը, դժվարությամբ խոսելով՝ հայտնել է, որ իրեն ժամադրել են «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, այնուհետեւ ստիպողաբար նստեցրել են մեքենա եւ տարել են մի անծանոթ վայր, հետո ավտոտնակում դաժանաբար խոշտանգել են: «Շատ պարտքեր ունեմ, ամբողջ Հայաստանին պարտք եմ: Խոշտանգելուց հետո ինձ տարան բարեկամիս տուն: Անգրագետ մարդիկ են, վախեցան, դրա համար էլ շտապ օգնություն, ոստիկանություն չկանչեցին, մտածում էին կմեռնեմ, կպրծնեն»: Գեւորգի կնոջ խոսքով՝ դեպքից արդեն անցել է 5 օր, սակայն ոստիկանությունից դեռ ոչ ոք չի եկել, չեն հարցաքննել, չեն հետաքրքրվել: Այս ամենը շատ զարմանալի է:
Նշենք, որ ոստիկանության լրատվական ծառայությունից մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին, որ նման հաղորդում չեն ստացել: «Գեւորգը միշտ կասկածելի եւ վտանգավոր գործերի մեջ է եղել, այդ իսկ պատճառով էլ բոլոր բարեկամները խուսափել են իր հետ շփվելուց: Ենթադրում ենք, որ շատ լուրջ մարդկանց հետ կապ ունի: Վախենում է խոսել, թե ովքեր են իր հետ այսպես վարվել»,- նշել է նրա նախկին կինը` նկատելով, որ այրված, կտրված հատվածները նշաններ են, հնարավոր է, որ խոշտանգիչներն այս միստիկական նշաններով ինչ-որ բան են ցանկացել ասել:
Գեւորգը նախկինում 17 տարվա ազատազրկման Է դատապարտված եղել՝ խմբակային բռնաբարության եւ սպանության մասնակցելու համար:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՏԽՈՒՐ ՊԱՏԿԵՐ
Ձայների 88 կողմ, 15 դեմ եւ 14 ձեռնպահ հարաբերակցությամբ Ազգային ժողովը երեկ հաստատել է 2015 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Այդպիսով՝ 2015-ին կանխատեսված 4,1 տոկոս աճի փոխարեն արձանագրվել է 3 տոկոս աճ` հիմնականում գյուղատնտեսության եւ հանքարդյունաբերության հաշվին: Բյուջեի եկամուտները կազմել են մոտ 1,2 տրիլիոն դրամ, ծախսվել է մոտ 1,4 տրիլիոն: Ըստ հաշվետվության` աշխատավարձերն աճել են, առեւտուրն ու սպառումը` նվազել: Արտաքին առեւտուրը նվազել է 20 տոկոսով: 2015-ի վերջին Հայաստանի պետական պարտքը կազմել է մոտ 5,8 միլիարդ դոլար, ինչը կազմում է համախառն ներքին արդյունքի 41 տոկոսը: