ՕՖԵԼՅԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ, ԻՆՉՊԵՍ ՀԱՅ ԵՐԳԸ, ՉԱՊՐԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենաց սիրտ կա օջախում
Օֆելյա Համբարձումյանի մասին առաջին անգամ լսել եմ հորիցս: Ես փոքր էի, երբ նա պատմում էր, թե ոնց էր պապս ընկերների հետ հավաքույթների ժամանակ միացրել ռադիոն, վերջիններս մի ամբողջ օր լսել էին երգչուհուն, հետո բոլորով սկսել էին ձայնակցել նրան ու բակում իսկական «համերգ» կազմակերպել:

Գուսանն էն է՝ սառ ջրի պես
հովացնի սիրտը մարդու
Թե որն էր երգչուհու ֆենոմենը, ես տարիներ հետո նոր պետք է հասկանայի, ապա դրա պատասխանը գտնեի նրա երգերից մեկում. «Գուսանն էն է՝ սառ ջրի պես հովացնի սիրտը մարդու, գարնան քնքուշ ծաղիկների բույրով լցնի սիրտը մարդու»: Ինքը` երգչուհին անում էր դա գուսանից ոչ պակաս:

Աստվաձ կու սիրիս, զար մի՛ հաքնի, զարեն էրված իմ…
Իսկ Օֆելյա Համբարձումյանին տեսա արդեն ավելի ուշ: Գրեթե մեկ տարի առաջ էր` «Օֆելյա» ֆիլմի պրեմիերայի օրը: Իմ բախտը շատ էր բերել. նստել էի Ռաիսա Մկրտչյանի կողքին: Ես ականջիս ծայրով լսում էի, թե նա մյուս կողքինի հետ ինչ էր խոսում երգչուհու մասին, ոնց էր նայում նրան եւ ոնց էր ֆիլմի ամեն դրվագ դիտելիս հուզվում, ժպտում, հոգոց հանում: Ու դա ավելի հետաքրքիր էր, քան այն, ինչ նա պատմեց ինձ Օֆելյա Համբարձումյանի մասին դիկտաֆոնս միացնելուց հետո: Ես իմ նստած տեղից հետեւում էի, թե ոնց էին պաշտոնյաների տիկնայք անհարմար զգում մոտենալ տիկին Օֆելյային: Փոքրամարմին երգչուհին համեստորեն նստել էր իր տեղում, բայց նրա մեծության առջեւ շքեղ հագնված այդ կանայք դառնում էին մի փոքր ծիծաղելի, իսկ նրանց արտասանած խոսքերը` ավելորդ: Փոխարենը փայլում էր տարիներին իր կանացիությունը չզիջած Օֆելյա Համբարձումյանը, որին այնքա՜ն սազում էր հագի նախշազարդ ու կոկիկ զգեստը:

Աստված կսիրեք, ճամփես մի՛ք կապի…
Երբ «Օֆելյա» ֆիլմի ցուցադրությունն ավարտեց, բոլորը հոտնկայս ծափահարում էին երգչուհուն: Օֆելյա Համբարձումյանը մի պահ միայն խոսեց` շատ կարճ. «Մենք հայ ենք, հայ երգն ենք պաշտում, ուրեմն պիտի պաշտենք մինչեւ վերջ, աշխատեք ձեր բալիկների մեջ ավելի շատ սերմանել հայկական ժողովրդական, գուսանական երգերի, կոմիտասյան երգերի հանդեպ սերը. ապրող երգերը սրանք են»: Ավելորդ է պատմել, թե ինչպես էր ժողովուրդը բառացիորեն ձեռքից ձեռք խլում նրան, ծաղկեփնջեր, գեղեցիկ խոսքեր շռայլում, լուսանկարվում հետը… Բայց այն, ինչ կատարվում էր դահլիճի ներսում, ընդամենը նախաբանն էր այն ամենի, ինչ պետք է կատարվեր դրսում: Երբ երգչուհին դուրս էր գալիս դահլիճից, նրա ճանապարհն ուղղակի փակել էին: Իհարկե, ես էլ էի ակամա հանձնվել այդ հոսքին, բայց ինձ մարդկանց այդ «տարափը» չէր, որ զարմացնում կամ ոգեւորում էր, որքան երիտասարդներիս բոցավառվող աչքերը: Պետք է խոստովանել, որ մեզնից շատերը դահլիճից դուրս գալուց հետո նոր պետք է ծանոթանային Օֆելյա Համբարձումյանի արվեստին, ուրեմն այդ ի՞նչ զարմանալի ուժ էր, որ ստիպում էր ծնկի գալ երգչուհու առջեւ: Այդ ի՞նչ ակնածանք էր, որ դրդում էր անել ամենաչնչինը, միայն թե տիկին Օֆելյան իրեն լավ զգար…

Գարունն եկավ, արեւերես ելան ծիլ ու ծաղիկներ…
Աստիճաններով իջնելու պահին ես հավաքեցի ամբողջ համարձակությունս ու մոտեցա Օֆելյա Համբարձումյանին: Նա, տեսնելով ինձ, ժպտաց, կարծես ուզում էր ասել. «Ախր, էլ ի՞նչ եք ուզում ինձանից»: Բայց ես արագ հավաքեցի ինձ ու առաջին հարցը, որ եկավ մտքիս, սա էր.
-Տիկի՛ն Օֆելյա, այս պահին ի՞նչ մեծ ցանկություն ունեք:
Նայեց կողքիններին, նայեց ինձ, էլի ժպտաց ու ասաց.
-Կուզենայի ավելի երիտասարդ լինել…
Ես, իհարկե, կարող էի ափսոսել, որ այդ ժամանակ ավելի խելացի հարց չտվեցի նրան, բայց եթե այդ պահը երբեւէ կրկնվեր, ես կկանխեի իմ բոլոր մնացած հարցերն ու ընդամենը կասեի. «Տիկի՛ն Օֆելյա, իսկ Դուք չեք էլ ծերացել: Դուք ուղղակի չեք կարող ծերանալ, ինչպես չի կարող ծերանալ հայ երգը…»:

 

 

 

 

 

 

 

«ԿԱՐՈՏԵԼ ԵՆՔ ՄԵՐ ԹԱՏՐՈՆԻ ԲԵՄԸ…»

Քանի որ Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում վերջին շրջանում տարվում են վերանորոգման աշխատանքներ, սունդուկյանցիները ստիպված են ամիսը մի քանի անգամ ներկայացումներով հանդես գալ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Ընդ որում, նրանք ոչ բոլոր ներկայացումներն է, որ կարողանում են խաղալ, փոխարենը ընտրում են այնպիսիք, որոնք հարմարեցվում են այդ թատրոնի բեմին: Մայր թատրոնի դերասանուհի Արաքսյա Մելիքյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ վերանորոգման աշխատանքների արդյունքում կառույցը կհագեցվի նոր տեխնիկայով. «Ասում են` մինչեւ սեպտեմբեր պետք է ավարտեն աշխատանքները, տեսնենք… Կարոտել ենք մեր բեմը… սպասում ենք մեր նորոգված տանը»,- ասաց նա:

Ի դեպ, Արաքսյան ներկայումս նկարահանվում է «Աբելի քույրը» հեռուստասերիալում եւ հանդես է գալիս բավական հետաքրքիր կերպարում. «Տաղանդավոր, բայց հարբեցող նկարչի կին եմ խաղում, որը փորձում է համերաշխություն հաստատել ընտանիքում: Չգիտեմ` սցենարիստն ուր է տանում մեզ, բայց խոստովանեմ, որ այս սերիալում ինձ առաջինը գրավեց այն հանգամանքը, որ իմ խաղընկերը լինելու է Հայկ Սարգսյանը: Ես վստահ էի, որ մեր համագործակցությունը կկայանա, եւ այդպես էլ եղավ»,-անկեղծացավ դերասանուհին:
Մենք նաեւ հետաքրքրվեցինք` այս շրջանում Արաքսյան ինչ նոր հրավերներ է հասցրել ստանալ: Նա տեղեկացրեց, որ ամուսնու` դերասան Անդրանիկ Զաքարյանի հետ, պատրաստվում է մի քանի օրից նկարահանվել «Հատուկ բաժին» բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմի երկրորդ սեզոնում, որը կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերությամբ:
Ի դեպ, Արաքսյայի մասնակցությամբ «Աբելի քույրը» հեռուստասերիալում նկարահանվում է նաեւ նրա որդին` 8-ամյա Գուրգենը, ով արդեն գեղարվեստական ֆիլմում հանդես գալու առաջարկ է ստացել. «Որդիս քասթինգի առաջին փուլն անցել է, եւ եթե տարիքը խոչընդոտ չհանդիսանա, ապա կհաղթահարի նաեւ հաջորդ փուլը: Հիմա կասեն` իր երեխային տանում, խցկում է ֆիլմ, բայց նման բան չկա. մաման, պապան այս ամենի հետ ընդհանրապես կապ չունեն: Պարզապես ռեժիսոր Ելենա Արշակյանը «սիրահարվել է» որդուս եւ նրա հետ որոշ հեռահար ծրագրեր է կազմում»,- եզրափակեց դերասանուհին:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 
ԳՈՒՑԵ ԶԱԽԱՐՈՎԱՆ ԶԱՐՄԱՆԱ՞
Ծագումով սյունեցի, ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Կարապետյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հարց Մարիա Զախարովային: Ինչպե՞ս է պատահել, որ Սովետական Միության ահասարսուռ տարիներին մի քանի խենթ ընկերներով որոշել եւ Ռուսաստանից Հայաստան են գաղտնի տեղափոխել Գարեգին Նժդեհի աճյունը: Գուցե ինքը սրա վրա զարմանա: Թե չէ` ընկել է արձանի հետեւից: Հ.Գ. Նժդեհի աջը Խուստուփում ամփոփելուց առաջ՝ 1983թ. հոկտեմբերի 6-ին մեկ գիշեր մեր տանն է եղել, ու հայրս` Անդրանիկ Կարապետյանը, այդ 4 խենթերից մեկն է եղել…»: Հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով այն հարցին, թե ինչպիսին է ռուսաստանյան կողմի արձագանքը Հայաստանում Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրման կապակցությամբ, հայտարարել էր. «Մեր վերաբերմունքը Հայրենական մեծ պատերազմին բոլորը լավ գիտեն: Մեր վերաբերմունքը նացիզմի, նեոնացիզմի եւ ծայրահեղականության ցանկացած դրսեւորմանն ու հերոսացմանը նույնպես բոլորը գիտեն. այն ամրագրված է միջազգային փաստաթղթերում: Եվ մեզ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է տեղադրվել նշված արձանը, չէ՞ որ մենք գիտենք Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հայ ժողովրդի անմահ սխրանքի մասին»:

 

 

ԿԻԹԱՌԸ  «ԴԱՎԱՃԱՆՈՒՄ Է»
20-րդ դարի լավագույն ռոք կիթառահարներից մեկը` Էրիկ Քլեփթոնը, հազիվ է կարողանում նվագել իրեն մեծ ճանաչում եւ փառք բերած երաժշտական գործիքը: The Telegraph-ի փոխանցմամբ` պատճառը նյարդային համակարգի վնասվածքն է: «Ես կիթառ նվագելիս անընդհատ սուր ցավեր եմ ունենում, կարծես մարմնովս էլեկտրական հոսանք է անցնում: Բայց հաշվի առնելով, թե երիտասարդ ժամանակ ինչ մեծ կախվածություն եմ ունեցել ալկոհոլից ու թմրանյութերից, էլի գոհ եմ, որ մինչեւ հիմա ողջ եմ ու ապրում եմ»,- ասել է 71-ամյա կիթառահարը:
 

ԿՈՏՐՎԱԾ ՈՒ ԴԱՏԱՐԿՎԱԾ
Ինչպես հայտնի է՝ նախօրեին Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում գիշերային ակումբում հրաձգության հետեւանքով մահացել է 50 մարդ, եւս 53-ը վիրավորվել են: Հանցագործն ԱՄՆ քաղաքացի Օմար Մատինն է, ով սպանվել է ոստիկանության կողմից գրոհի ընթացքում: Օռլանդոյում տեղի ունեցածը զոհերի թվով նման տեսակի ամենախոշոր միջադեպն է ԱՄՆ պատմության ընթացքում: Համաշխարհային շոու-բիզնեսի աստղերը սոցցանցերում իրենց ցավակցությունն ու տեսակետն են հայտնել կատարվածի առնչությամբ: «Ցավակցում եմ ու աղոթում Օռլանդոյի համար»,- գրել է Բեյոնսեն: Փոփի թագուհի Մադոննան էլ իր հերթին նշել է.«Օռլանդոյում կատարվածից հետո ես ինձ դատարկված եմ զգում: Սրտով այդ սարսափելի հանցագործության զոհերի հետ եմ»: «Որտեղի՞ց այդքան ատելություն: Սիրտս կոտրված է: Ես աղոթում եմ Օռլանդոյում տուժածների ընտանիքների համար: Իմ աղոթքները ձեզ հետ են»,- իր կարծիքն ու զորակցությունն է հայտնել Արիանա Գրանդեն:




Լրահոս