ՎԱՐԴԵՆԻՍԻ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏՆ ՈՒ ԲԱՆԴԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Համլետ Ղամբարյանի դեմ երկրորդ բողոքն է ներկայացվում հատուկ քննչական ծառայություն: Սակայն իրավապահները ինչ-ինչ շահագրգռվածությունից ելնելով՝ ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Ղամբարյանին դեմ քաղաքացիների բողոքներին ընթացք չեն տալիս:

Եվ այսպես, դեռեւս 2015 թվականի հուլիսի 28-ին Վարդենիսի բնակիչ Հակոբ Թովմասյանն ու իր որդին՝ Թովմաս Թովմասյանը, կարտոֆիլի դաշտը ջրելուց հետո տուն գնալու ճանապարհին ցանկացել էին խանութից արեւածաղկի սերմեր գնել: Այդ ընթացքում վերջիններիս հետ խանութ էր մտել նաեւ ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի աշխատակից Նարեկ Նիկողոսյանը` ցանկանալով արտահերթ գնումներ կատարել: Հերթի հետ կապված չնչին խոսակցությունը վերածվել էր քաշքշուկի, եւ ոստիկան Նարեկ Նիկողոսյանն օգնության խումբ էր հրավիրել խանութի բակ: Վարդենիսի ոստիկանության մի քանի աշխատակիցներ, վայրկյաններ անց դեպքի վայր հասնելով, հորն ու որդուն դաժան ծեծել էին եւ բերման ենթարկել ոստիկանություն, որից հետո քրեական գործ հարուցվեց հոր ու որդու նկատմամբ՝ իշխանության ներկայացուցչին դիմադրելու հատկանիշներով: Նրանք կալանավորվեցին:
Հակոբ Թովմասյանը փորձել էր ոստիկանությունում հայտարարություն տալ այն մասին, որ ոստիկանն է սադրել, իրեն ու որդուն ծեծել խանութի բակում, սակայն Վարդենիսի ոստիկանապետ Համլետ Ղամբարյանը 3 օր շարունակ չէր ընդունել հաղորդումը: Ու երբ մամուլում աղմուկ բարձրացավ այս թեմայի շուրջ, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հրահանգեց Վարդենիսի ոստիկանապետի, ոստիկանության աշխատակիցների եւ քննիչների նկատմամբ քրեական գործ հարուցել: Արդեն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, ըստ պաշտոնական տեղեկության, «Հակոբ Թ.-ն եւ Թովմաս Թ.-ն հաղորդումներ են տվել այն մասին, որ հիշյալ միջադեպի կապակցությամբ ոստիկանության աշխատակիցները դեպքի վայրում բռնություն են կիրառել իրենց նկատմամբ եւ պատճառել մարմնական վնասվածքներ: Հայտնել էին նաեւ, որ իրենք ապօրինի բերման են ենթարկվել ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղ ծառայություն իրականացնող ոստիկաններն իրենց հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչեցրել ու հրաժարվել իրենց նկատմամբ կիրառված ապօրինությունների վերաբերյալ հաղորդում ընդունելուց: Այս փաստերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, չարաշահելը) հարուցվել է քրեական գործ»: Ոստիկաններին ու քննիչներին իրենց պաշտոնեական դիրքը չարաշահելու, հոր ու որդու «գլխին գործ սարքելու» համար սպառնում էր մինչեւ 4 տարվա ազատազրկում՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով:
Տպավորությունն այնպիսին էր, որ ՀՀ գլխավոր դատախազն այսքան փաստեր ունենալով ձեռքի տակ՝ իր այդ որոշմամբ նպատակ ուներ Վարդենիսի ոստիկանապետից սկսած, մինչեւ դատախազ ու քննիչ, պատասխանատվության ենթարկել, սակայն նման բան չեղավ: Ինչպես ցույց տվեցին զարգացումները, այս ամենը պարզապես փոթորիկ էր մի բաժակ ջրում, կամ Սերժ Սարգսյանի խոսքով ասած՝ «քամու տատանում»: ՀՔԾ քննիչները կայացրին կարճման որոշում, դատախազությունն էլ չառարկեց: Եւ ոստիկաններին ու քննիչներին պատժելու գործը մարտին կարճվեց: Մինչդեռ հայր եւ որդի Թովմասյանները դեռ «դատարանի դռներն» են:

Երկրորդ հաղորդումը ՀՔԾ-ին
Ու քանի որ իրավապահ համակարգը նախորդ հանցանքը ներեց ու «ծածկեց», ոստիկանապետ Համլետ Ղամբարյանը փաստացի նոր հանցանք գործեց, որի մասին հայտնում են այս անգամ էլ Գեւորգյանները:
Բանն այն է, որ օրեր առաջ Վարդենիս քաղաքի բնակիչ 24-ամյա Ռազմիկ Գեւորգյանը դիմել է ՀՔԾ: «ժողովուրդը» պաշտոնապես հատուկ քննչական ծառայությունից տեղեկացավ, որ քաղաքացին հայտնել է, որ 2016 թվականի ապրիլի 25-ին ոստիկանության Վարդենիսի ծառայողներն իրեն տարել են ոստիկանության Վարդենիսի բաժին: Ըստ մեր տեղեկությունների՝ երիտասարդին տարել են ոստիկանապետ Ղամբարյանի աշխատասենյակ, որտեղ եղել է նաեւ Գեղարքունիքի մարզային ոստիկանապետի տեղակալ Տիգրան Հակոբյանը: Երկու բարձրաստիճան ոստիկաններով սպառնալիքներ են հնչեցրել Ռազմիկի հասցեին, ինչի ազդեցության տակ երիտասարդը արհեստական հաղորդում է ներկայացրել Վարդենիս քաղաքում գտնվող Սուրբ Վարդան կոչվող տարածքում ապրիլի 24-ին տեղի ունեցած միջադեպի մասին:
Այս հայտարարության հիման վրա հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի առաջին մասով` պաշտոնեական լիազորություններն անցնելը, չարաշահելը: Թե ում նկատմամբ է հարուցվել այս հոդվածով քրեական գործը, «Ժողովուրդ»-ին պաշտոնապես պարզել չհաջողվեց, բայց դատելով մեզ հասած տեղեկություններից՝ քրեական գործ է հարուցվել Վարդենիսի ոստիկանապետ Համլետ Ղամբարյանի եւ Գեղարքունիքի մարզային վարչության պետի տեղակալ Տիգրան Հակոբյանի նկատմամբ:

Իսկ ինչ էր եղել
Սուրբ Վարդանում
Դեռեւս այս տարվա ապրիլի 28-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքից գողացված հանքանյութի համար պայքարող երկու բանդաները դուրս են եկել իրար դեմ, եւ էլի բանը հասել էր կրակոցներին: Վարդենիսում զինված քայլելն ու մեքենաներով շրջելը այլեւս օրինաչափություն է: Ըստ լուրերի՝ Սոթքի ոսկու հանքից հանքանյութ հանելու թույլտվություն ունեն երկու բանդաներ, որոնցից մեկի ղեկավարը Հրաչ Մանուկյանն է՝ Մաշադու Հրաչ, երկրորդը՝ օրերս ազատազրկված Ռաֆայել Թադեւոսյանը՝ Մեմիրի Ռաֆոն: Հերթական «ռազբորկայի» արդյունքում ապրիլի 24-ին կրակոցներից վիրավորվել էր Վահե Մանուկյանը, որը Հրաչ Մանուկյանի թիմից է, նրա ազգականը:
Այսպիսով՝ Վարդենիս քաղաքի բնակիչ Ռազմիկ Գեւորգյանին (Գեւորգյանների պնդմամբ՝ շփոթելով իր եղբոր հետ) տարել են Վարդենիսի ոստիկանության բաժին: Ոստիկանապետ Ղամբարյանն ու վարչության պետի տեղակալ Տիգրան Հակոբյանը սպառնացել են, հայհոյել ու ստիպել հիվանդություն ունեցող երիտասարդին, որ ցուցմունքներ տա իր փաստացի քեռու՝ Ռաֆայել Թադեւոսյանի դեմ: Ռազմիկ Գեւորգյանն էլ գրել է ոստիկանների համար ցանկալի ցուցմունքը իր քեռու դեմ, որի հիման վրա ոստիկանները հունիսի 9-ին հայտնաբերեցին եւ կալանավորեցին Ռաֆայել Թադեւոսյանին:

Ոստիկանապետը
բանդայի մասին
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ, ինչպես նաեւ իր ղեկավարած բաժնի եւ հատկապես իր դեմ արդեն երկրորդ անգամ ՀՔԾ-ում ներկայացված բողոքի մասին փորձեց զրուցել ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Համլետ Ղամբարյանի հետ, սակայն նա հարցը լսելով՝ հորդորեց դիմել ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն:
Թե ինչ ընթացք կունենա այս քրեական գործը ոստիկանապետ Ղամբարյանի դեմ, թերեւս դժվար չէ կանխատեսել: Բայց սա դեռ ամենը չէ:
Շարունակելի

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԴԱՌՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Արդեն մեկ ամիս է, ինչ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը գտնվում է Հայաստանում: Վերջինս անդրադառնալով քառօրյա պատերազմին՝ հայտնել էր, որ դա պատերազմ չէր, այլ մեծ դիվերսիա:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը, անդրադառնալով Սամվել Բաբայանի հայտարարությանը, ասաց. «Սամվել Բաբայանը խոսքերը թող ինքը մեկնաբանի եւ բացատրություն տա՝ ինչ է ասել, ինքը ավելի լավ կբացատրի, թե ինչու է այդպես ասել»:
-Սամվել Բաբայանը նաեւ հայտնել էր, որ պատրաստ չենք պաշտպանության, ի՞նչ կասեք այս մասին:
-Մնացած բոլոր մարդիկ, ովքեր տվյալ կարծիք են հայտնում, ընդամենը իրենց անձնական կարծիքն է, որը շատ դեպքերում շատ հեռու է իրականությունից: Եղել եմ ժամանակին այդ պաշտոնում, այդ պաշտոնի դառնությունը եւ հպարտությունը վայելել եմ եւ գիտեմ՝ դա ինչ է, իսկ այսօրվա բանակի հրամանատարը բոլոր հարցերին պատասխանել է, եւ եթե անհրաժեշտ լինի, նորից կպատասխանի:
-Տարիներ առաջ պետության միջոցներով առանձնատուն եք կառուցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում, եւ լուրեր էին պտտվում, որ հետագայում այդ տունը վաճառել եք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակին, իսկ հետագայում բանակը այն Ձեզ նվիրատվություն է արել: Ի՞նչ կասեք այս տեղեկությունների մասին:
-Կարող եք փաստաթղթերը նայել, առաջինը պիտի ասեմ, որ այդ տունը պաշտպանության նախարար եղած ժամանակ չեմ կառուցել, երբ պաշտպանության նախարար եմ եղել, այդ տունը արդեն ունեցել եմ, եղել եմ բանակի շտաբի պետ: Երկրորդը՝ տունը երբեք վաճառքի չի ենթարկվել եւ այսօր էլ այդ տունը իմ սեփականությունն է:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԿԵՂԾ  ՀԱՍՏԻՔՆԵՐ
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հունիսի 13-ին վարույթ է ընդունվել Երեւանի թիվ 120 մանկապարտեզում 2011-2016թթ. առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Նախնական քննության տվյալներով մանկապարտեզի աշխատակիցների հաստիքների վրա ձեւակերպվել են անձինք, ովքեր իրականում աշխատանքի չեն հաճախել, սակայն հաշվարկվել եւ նրանց անունով ելքագրվել է աշխատավարձ: Քննությամբ պարզվել է մանկապարտեզի հաստիքացուցակի 6 հաստիքների վրա ձեւակերպված այն անձանց ինքնությունը, ովքեր աշխատանքի չեն ներկայացել, սակայն նրանց հաշվեհամարներին, որպես աշխատավարձ, բյուջեից փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի գումար, ինչը բանկային քարտերի միջոցով կանխիկացվել եւ հափշտակվել է:

 

 
ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ է
Դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ երեկ քննվել է զինված հանցախմբի գործով կալանավորված Վահան Շիրխանյանի կալանքի երկարացան հարցը: Կալանքի միջնորդությունը ներկայացրել է ԱԱԾ քննչական վարչությունը: Փաստաբանը դատարանին էր ներկայացրել երկու միջնորդություն, առաջին միջնորդությամբ խնդրվում էր ազատ արձակել գրավի դիմաց, երկրորդը` հիմք ընդունել նրա առողջական վատ վիճակը: Սակայն դատավոր Բեկթաշյանը մերժել էր երկու միջնորդությունն էլ` երկու ամսով կրկին եկարաձգելով Շիրխանյանի կալանքի ժամկետը: Վահան Շիրխանյանի որդուց` Գեորգի Շիրխանյանից տեղեկացանք, որ Շիրխանյանի առողջական վիճակը այս պահին էլ ծանր է, ունի անոթների հետ կապված լուրջ խնդիրներ եւ որեւէ բուժում չի ստանում. «Վահան Շիրխանյանի վիճակն այնքան ծանր է, որ անգամ գործը վարող քննիչն էր զանգահարել ու առաջարկում էր նրան տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց: Սակայն մենք հրաժարվեցինք, քանի որ դատապարտյալների հիվանդանոցում չկա անոթային բաժանմունք եւ մասնագետներ, ուստի ոչնչով չէին կարող օգնել նրան: Փոխարենը խնդրեցինք տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, որպեսզի բուժումը կազմակերպեր Շիրխանյանի բժիշկը, բայց մերժվեցինք»,- ասել է Գեորգի Շիրխանյանը:




Լրահոս