ԱՐԴՅՈ՞Ք ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃԻ ԱՌԱՐԿԱ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի Օրլանդո քաղաքում տեղի ունեցած ողբերգությունը դարձել է երկրում քննարկվող թիվ մեկ թեման: Բարոյական ու մարդկային կողմից զատ հարցը ամբողջովին թեւակոխել է քաղաքական հարթություն` դառնալով կուսակցությունների միջեւ պայքարի նոր առիթ: ԱՄՆ-ում նույնիսկ լոկալ ահաբեկչությունը կամ հանցագործությունը հեշտությամբ կարող է վերափոխվել լուրջ քաղաքական խնդրի եւ շահարկվել պայքարող հոսանքներից որեւէ մեկի կողմից, իսկ, ահա, Հայաստանում խնդիրն ունի իր յուրօրինակությունը:

Օրլանդոյի զանգվածային սպանությունների պատմությունն ունի երկու երես, որոնք հաջողությամբ խաղարկվում են Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի եւ դեմոկրատ Հիլարի Քլինթոնի կողմից: Իրադրությունից առավելագույն օգուտ, այնուամենայնիվ, կարծես քաղում է Թրամփը ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, Փարիզի ու Բրյուսելի ահաբեկչություններից: Հիշենք, որ այդ ժամանակ Թրամփը դեռեւս հանրապետականների բազմաթիվ թեկնածուներից մեկն էր, որը կարողացավ ստեղծված վախի մթնոլորտը ճշգրտորեն կիրառել իր քարոզչության մեջ եւ հասնել զգալի հաջողությունների: Ի հակառակ իր մրցակիցների, որոնք հանդես էին գալիս ավելի զուսպ կեցվածքով, Թրամփն անթաքույց բարձրաձայնում էր մահմեդականների մուտքը արգելելու, նրանց կտտանքների ենթարկելու եւ նմանատիպ այլ հակամարդկային միջոցառումների անհրաժեշտության մասին, ինչը զարմանալիորեն հմայում էր բազմաթիվ ամերիկացիների: Նման իրավիճակում Թրամփը հասարակության աչքին դրսեւորվում է իբրեւ կոշտ քաղաքականության մարմնավորում, որին վիճակված է զսպելու ԱՄՆ-ում ծայրահեղականության աստիճանական աճը:
Եվ, ահա, այժմ, երբ պարզ է դարձել, որ մոտ 50 մարդ դաժանորեն գնդակահարած մոլագարը կրում էր ծայրահեղ իսլամիզմի ազդեցությունը, Թրամփը կրկին հանդես է գալիս իբրեւ «փրկիչ»: Ինչպես Փարիզի ու Բրյուսելի ահաբեկչությունների օրերին, այսօր եւս Թրամփը խոսում է մահմեդականների դեմ լայն «պատերազմ» սկսելու մասին: Թվիթերի իր էջում Թրամփը շնորհակալություն է հայտնում իր այն կողմնակիցներին, որոնք հրապարակավ հայտարարել էին, թե Օրլանդոյի դեպքերն էլ ցույց տվեցին Թրամփի իրավացիությունը: Միացյալ Նահանգների լրատվական դաշտը գրոհ ձեռնարկեց Թրամփի այս հայտարարությանն ի պատասխան` զարմանալով գործարարի ցինիկության աստիճանի վրա, որը ողբերգության շահարկմամբ փորձում է քաղաքական դիվիդենտներ շահել: Ազգային անվտանգության հիմնահարցի առթիվ ունեցած ելույթում Թրամփը փորձում էր վախի ու տեռորի մթնոլորտ ստեղծել` պնդելով, որ այսպես շարունակվելու դեպքում ԱՄՆ-ից ոչինչ չի մնալու: Ըստ նրա` քաղաքական կոռեկտությունը մի կողմ նետելու պահը վաղուց է հասունացած, եւ պետք է ԱՄՆ-ում ապրող մահմեդականներին հիշեցնել, թե ինչ վատ հետեւանքներ կարող է ունենալ ծայրահեղականության հանդեպ հակումը:
Իսկ, ահա, «Դեմոկրատական» կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը եւ նրա հանդեպ դրականորեն տրամադրված լրատվական հարթակները փորձեցին խնդիրը ներկայացնել զենքի տարածման սահմանափակման համատեքստում: ԱՄՆ-ում հանրապետականների ու դեմոկրատների միջեւ վաղուց ընթանում է կարծր պայքար զենքի տարածման հիմնախնդրի առնչությամբ: Հանրապետականները կողմ են զենքի անարգել տարածմանը` պնդելով, որ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի զենք գնելու, տնօրինելու եւ օգտագործելու, ինչպես որ սահմանված է երկրի Սահմանադրության 2-րդ հոդվածով: Դրան հակառակ` դեմոկրատները հանդես են գալիս զենքի տարածումը սահմանափակելու օգտին` բացատրելով, որ ցանկացած քաղաքացու կողմից ազատորեն զենք գնելը հղի է ծանր հետեւանքներով: Այժմ դեմոկրատական շրջանակները փորձում են քաղաքական բանավեճը տանել իրենց ցանկացած ուղղությամբ: Դրա հետ մեկտեղ Քլինթոնը, որը միտում ունի շարունակելու Բարաք Օբամայի քաղաքական գիծը, հակված է խուսափել «ռադիկալ իսլամիզմ» ձեւակերպումից` խաղաղության ու փոխգործակցության կոչեր հնչեցնելով: Ազգային անվտանգության հիմնախնդրին նվիրված իր ելույթում` նախկին պետքարտուղարը կոչ էր անում միասնականորեն հանդես գալ տեռորիզմի ու ցանկացած հանցագործության դեմ` առանց բաժանարար գծեր անցկացնելու:
Հանդես բերելով պետական գործչի կեցվածք` Քլինթոնը շեշտել է, որ բոլոր մահմեդականների դեմ արշավ սկսելը աղետ է լինելու, ինչը միմիայն խորացնելու է մահմեդականներին քավության նոխազի վերածելն ու նրանց մեկուսացումը` նորանոր վտանգների ենթարկելով ամերիկացիների խաղաղ կյանքը: Կասկած չկա, որ Քլինթոնին հարող վերլուծաբանների ու լրագրողների հսկայական թիմը հանցագործությունը փորձելու է ուղղել զենքի ազատ վաճառքի ու միասեռականների նկատմամբ ատելության խնդիրների ուղղությամբ: Դրան հակառակ` Թրամփն ու հանրապետականներն էլ շեշտադրելու են ահաբեկչության ու թույլ առաջնորդության բացերը` նկատի ունենալով նախագահ Օբամայի արտաքին քաղաքականության «փափկությունը»: Պատահական չէ, որ ԱՄՆ Կոնգրեսի նիստում հարգանքի լռության րոպեից անմիջապես հետո դեմոկրատները, պահանջելով օրակարգ մտցնել զենքի տարածումը սահմանափակող օրենսդրությունը, տեղերից բղավում ու ընդհատում էին հանրապետական կուսկացությունը ներկայացնող խոսնակ Փոլ Ռայանին:
Հայաստանում տեղական հանցագործությունները քաղաքական սուր պայքարի առարկա մեծ մասամբ չեն դառնում: Պատճառը թերեւս այն է, որ հնչեղ հանցագործությունների մեղավորները գերազանցապես կապված են իշխանության բարձրագույն օղակների հետ, որոնք էլ հմտորեն պարտակում են գործը: Ըստ էության, քաղաքական բանավեճ չի կարող ընթանալ մի հարցում, որտեղ կողմերից մեկը ունի հստակ շահագրգռվածություն եւ ջանք չի խնայում հրապարակայնություն թույլ չտալու համար: Բայց եւ չի կարելի մոռանալ, որ, օրինակ, Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը ամբողջովին վերաճեց քաղաքական բանավեճի, երբ ընդդիմությունն իշխանություններին եւ մասնավորապես նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրում էր գործի բացահայտումը ուղղորդելու մեջ: Այսպիսով` ԱՄՆ-ում հասարակության անվտանգությանը սպառնող ցանկացած հիմնահարցը վերածվում է քաղաքական բանավեճի առարկայի, իսկ Հայաստանում հետեւողականորեն լղոզվում է: Սրա պատճառը բացառապես կեղծված ընտրություններն են, որոնք վիժեցնում են քաղաքական համակարգի զարգացումը եւ թաքնված ական դառնում պետության անվտանգության համար:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 
ՕԹԵՎԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ԱՐՏԱԳԱՂԹԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆ

Այս տարվա հուլիսի 3-ին ՀՀ Արագածոտնի մարզի Օթեւան գյուղում տեղի կունենա համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Առաջադրված թեկնածուները երկուսն են՝ Ջամալ Սալմոյանը եւ Գոհար Սայադյանը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նախկին գյուղապետ Բրո Ֆատոյանն այս անգամ չի առաջադրելու իր թեկնածությունը: Բանն այն է, որ վերջինս Արագածոտնի մարզպետի փոփոխությունից հետո հրաժարական է ներկայացրել եւ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ առաջադրված թեկնածու Գոհար Սայադյանը մյուս թեկնածուի՝ Ջամալ Սալմոյանի եղբոր կինն է եւ իր թեկնածությունը ձեւական է առաջադրել:
Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Ջամալ Սալմոյանի հետ:
-Պարո՛ն Սալմոյան, Օթեւանի գյուղապետի պաշտոնի համար պայքարելու եք Ձեր եղբոր կնոջ՝ Գոհար Սայադյանի հետ: Ի՞նչ եք կարծում՝ կհաղթե՞ք:
-Չէ, ինքը հետ է վերցնելու իր փաստաթղթերը. ձեւական է դրել իր թեկնածությունը:
-Չի՞ ցանկանում գյուղապետ դառնալ:
-Չէ (ծիծաղում է-Ս.Հ.), եթե ես ընտրվեմ, ինքն ինչու դառնա գյուղապետ:
-Ստացվում է, որ միայնակ եք պայքարելու՝ ինքներդ Ձեզ հետ: Հե՞շտ կլինի:
-Դե, պայքարելու եմ, բայց ես եմ անցնելու:
-Իսկ Հանրապետական կուսակցությունից Ձեզ թո՞ւյլ էին տվել առաջադրվել:
-Ճիշտն ասած՝ իրենք են ինձ առաջարկել առաջադրել թեկնածությունս:
-Դուք ՀՀԿ-ակա՞ն եք:
-Անկուսակցական եմ:
-Ինչպե՞ս է ստացվել, որ Դուք անկուսակցական եք, բայց ՀՀԿ-ն առաջարկել է առաջադրել հենց Ձեր թեկնածությունը գյուղապետի պաշտոնի համար:
-Իրենք են առաջարկել ու ասել, որ դու պետք է ընտրվես գյուղապետ:
-Իսկ չե՞ն առաջարկել անդամագրվել ՀՀԿ-ին:
-Դե, նպատակ չեմ դրել, բայց երեւի ես անկուսակցական էլ մնամ:
-Իսկ գյուղացիները Ձե՞զ կընտրեն:
-Դե, ոնց ասում են՝ ժամանակը ցույց կտա: Բոլորը ուզում են, նախկին գյուղապետին ոնց ընտրեցին, այնպես էլ ինձ կընտրեն: Գովել չլինի՝ մարդ ենք, պետք է նայենք գյուղին:
-Քանի՞ ընտրող ունի Օթեւանը:
-Շատ էին, բայց գնացել են. 18 ընտրող կա:
-Ինչո՞ւ են գնացել:
-Պայմաններից ելնելով, գնացել են արտագնա աշխատանքի:
-Նախկին գյուղապետ Բրո Ֆատոյանն էլ է գնացել արտագնա աշխատանքի:
-Այո՛, Ռուսաստան է գնացել:
-Լավ, իսկ ընտրվելուց հետո գյուղի համար ի՞նչ եք անելու:
-Դե, գյուղի հոգսերի համար պետք է մտածեմ եւ դրանք լուծեմ իմ ուժերի, հնարավորությունների սահմաններում: Եթե ոսկե սարեր խոստանամ ու չկատարեմ, դա չի լինի: Ժամանակը ցույց կտա:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 
ԲԼԹ

Կառավարությունն աշխատում է այդ ուղղությամբ, «1»-ին լրատվականի հետ զրույցում պատասխանել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

«Այստեղ առաջացավ կառավարման մեթոդոլոգիայի դասագրքային հարց. իյա, իրո՞ք: Իսկ մենք էլ միամտաբար արդյունք էինք ակնկալում: Թե չէ առաջընթաց գրանցում եք, որ ի՞նչ անեք: Ո՞վ է ասում, որ առաջընթաց չկա: Կառավարությունը որ ոլորտում աշխատում է, նախանձելի առաջընթաց է գրանցում. օրինակ՝ կոռուպցիայի դեմ պայքարում է, կոռուպցիան ծաղկում է, դիցուք՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունը արձանագրել է, որ Հայաստանը, 2014 թվականի համեմատ, կոռուպցիայի ընկալման ցուցանիշով նահանջել է մեկ տեղով՝ 94-ից զբաղեցնելով 95-րդ տեղը:
Մենաշնորհի դեմ պայքարի արդյունքում համակարգն ավելի մոնոպոլիզացվեց, մասնավորապես՝ համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից ամեն տարի ներկայացվող զեկույցում Հայաստանը 2014 թվականին 144 երկրների շարքում զբաղեցրել է 85-րդ հորիզոնականը՝ 6 կետով նահանջելով 2013 թվականի ցուցանիշից: Նույն պատկերն է նաեւ Heritage Foundation կազմակերպության գնահատականով: Heritage Foundation հիմնադրամի զեկույցի համաձայն՝ 2015թ. տնտեսական ազատության ցուցիչով (2015 Index of Economic Freedom) Հայաստանի տնտեսությունն աշխարհի 178 երկրների շարքում զբաղեցրել է 52-րդ տեղը` 67,1 միավորով, իսկ 2014-ին Հայաստանը 41-րդ տեղում էր` 68,9 միավորով:
Իսկ «ամենանախանձելի արդյունավետությունը» գրանցվել է աղքատության դեմ պայքարում: Սոցիալական անհավասարությանը վերաբերող ռազմավարության մշակմամբ՝ արտագաղթն ու աղքատությունը հասան անասելի տեմպերի: Օրինակ՝ 2008 թվականի համեմատ՝ 2014 թվականին աղքատությունն աճել է 2,3 տոկոսով՝ կազմելով 30 տոկոս, իսկ արտագաղթի տեմպերով կարող էր հիանալ նույնիսկ չինական կառավարությունը՝ զարգացման նման դինամիկա տեսնելով:
2001թ. համեմատ՝ 2011թ. Հայաստանի մշտական բնակչությունը պակասել է 170 հազարով, իսկ 2011, 2012, 2013 թթ Հայաստանից հեռացել է շուրջ 150 հազար մարդ: Միգուցե, այնուամենայնիվ, կառավարությունը որոշակի դադա՞ր վերցնի, համ կհանգստանա, մյուս կողմից էլ այդքան առաջընթացն էլ մի բան չի, մարդիկ փիս են սովորում»:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս