ՌԴ-ԻՆ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ, ՈՐ ՀՀ-Ն ԱԶԳԱՅԻՆ ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂ ՈՒՆԵՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանի կարծիքով կառավարության կողմից հայտարարված բաց երկնքի քաղաքականությունը բլեֆ է, քանի որ մեր երկինքը երբեք էլ փակ չի եղել: Ավիացիայի ոլորտի հետ կապված այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Շահեն Պետրոսյանի հետ:

-Պարո՛ն Պետրոսյան, ինչո՞ւ Հայաստանին այդպես էլ չի հաջողվում ունենալ ազգային ավիափոխադրող:
-Իրենց դա պետք չէ: Եթե պետք լիներ, ապա չէին վերացնի «Հայկական ավիաուղիներ» ընկերությունը: Մասնավորապես՝ ամբողջ ավիացիոն ոլորտը տրված է Ռուսաստանին, դա հենց ՌԴ-ին ձեռնտու չէ, որ մենք հայկական ավիափոխադրող ունենանք, որովհետեւ բեռնաուղեւորափոխադրումների ողջ շուկան ՌԴ-ն է տնօրինում: Հայաստանը գտնվում է վասալային վիճակում, եւ ամբողջ այդ շուկան ուղղակի տվել է Ռուսաստանին: Երկրորդ պատճառը կոռուպցիան է, այն, որ թալանվեց ուղեւորափոխադրումների շուկան եւ տարիներ առաջ այն տրվեց իրենց յուրային Բաղդասարովին, որն էլ իր հերթին ապականեց հայկական ավիացիան: Եւ դա արդեն քաղավիացիայի վարչության նախկին պետ Արտյոմ Մովսիսյանի պաշտոնավարման տարիներին էր:
-Հայտնի է, որ ՀՀ-ում բաց երկնքի քաղաքականությունը գործադրվեց ԱՄՆ-ի ջանքերով: Ըստ Ձեզ՝ այն որքանո՞վ է նպաստել, կամ հակառակը՝ խոչընդոտել հայկական քաղավիացիայի զարգացմանը:
-Բաց երկնքի քաղաքականություն կոչվածն ուղղակի բլեֆ է, այդպիսի բան գոյություն չունի, որովհետեւ մեր երկինքը երբեք էլ փակ չի եղել: Խնդիրն այն է, որ, երբ սկսվեց «Հայկական ավիաուղիների» արհեստական սնանկացման գործընթացը, պատճառները պարզ էին: Մարդիկ հասնում են իշխանության եւ մտածում միայն իրենց մասին: Այդպես եղավ, երբ ոլորտը տրվեց «Արմավիա»-ին: Ես այն ժամանակ զգուշացրի, որ վտանգավոր հետեւանքներ է ունենալու դա, որովհետեւ ոլորտով սկսեցին զբաղվել ոչ պրոֆեսիոնալ մարդիկ: Ու սկսվեց «Արմավիա»-ի սնանկացման գործընթացը: Հետո ստեղծվեց նոր ավիաընկերություն՝ «Էյր Արմենիա», եւ այդ պահին որոշվեց, որ պետք է ազատականացնել երկինքը, այսինքն՝ հաշվի չառնելով սեփական փոխադրողի շահերը՝ ամբողջությամբ տալ օտարներին: «Էյր Արմենիա»-ն անմիջապես սնանկացավ եւ չդիմացավ ռուսական ընկերությունների վարած քաղաքականությանը: Արդյունքում՝ հիմա սեփական ավիաընկերություն չունենք:
-Ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանի պաշտոնակությունը եւ Սերգեյ Ավետիսյանի նշանակումը: Այս փոփոխությունը հայկական ավիացիային ի՞նչ կտա:
-Անձամբ չեմ ճանաչում Սերգեյ Ավետիսյանին: Մի անգամ ես իր հետ շփվել եմ, երբ ինքը մշակույթի նախարարության գործերի կառավարիչն էր: Հետագայում նշանակվեց էկոնոմիկայի փոխնախարար, ապա՝ սուպեր ավիացիոն մասնագետ (ծիծաղում է-Ս.Հ.): Պարզ է, չէ՞. մշակույթից էկոնոմիկա, ապա ավիացիա, հոյակապ առաջընթաց:
-Պարո՛ն Պետրոսյան, իսկ ինչո՞ւ են Հայաստանում ավիատոմսերի գներն ավելի թանկ, քան Վրաստանում:
-Ինչպես հայտնի է՝ ավիացիոն փոխադրումների գինն առաջանում է օդանավի վարձակալության, նավթի գնի, օդանավակայանի սպասարկման վարձերից: Մեզ մոտ վառելիքի գինը 2 անգամ ավելի բարձր է, քան Վրաստանում: Բնական է, որ եթե ավստրիական ընկերությունը գալիս է եւ այստեղից է նավթ լիցքավորում, ապա ինքը կրկնակի թանկ է վճարում, քան Թբիլիսիում կվճարեր: Այսինքն՝ վառելիք ներկրողը x գումարով վաճառում է օդանավակայանին, որն էլ 2 անգամ թանկ գնով վաճառում է օդանավերին: Մինչդեռ օդանավակայանը կարող է իր սպասարկման գումարը ավելացնել, իսկ վառելիքը վաճառել այն գնով, որով գնել է: Դրա համար էլ ավիատոմսերի գները Հայաստանում այդքան թանկ են: Բացի այս՝ օդանավը այստեղ մի քանի հարյուր դոլարով թանկ է կայանում, քան Թբիլիսիի կամ այլ օդանավակայաններում: Օդանավակայանն ինքը արդեն մենաշնորհային կառույց է, վառելիք բերողը՝ նույնպես. այս դեպքում երկուսն էլ իրար հետ գալիս են հանցավոր համագործակցության: Դրա համար էլ ոչ մի նորմալ ընկերություն չի ցանկանում գալ: Օրինակ՝ «Քաթար Էյրվեյզ» ավիաընկերությունն իր նավթով է գալիս, այստեղից նավթ չի գնում: Դրա համար էլ նրանց առաջարկած տոմսերը մատչելի են:
-Բացի նշվածից՝ ավիատոմսերի թանկացման ա՞յլ պատճառներ կան:
-Բորտ-սնունդ հասկացություն կա, մեր տարիներին այդ գումարը կազմում էր 2 դոլար, որովհետեւ պատկանում էր «Հայկական ավիաուղիներ»-ին, իսկ հիմա տրվել է մեկ այլ ընկերության, որն էլ 20 դոլարով է առաջարկում: Բացի այս՝ 10 հազար դրամները՝ 20 եվրո յուրաքանչյուր ուղեւորի համար որպես օդի վարձ: Այս ամբողջը գումարվում է իրար: Ավելացրած, որ ՀՀ-ում օդանավակայանի սպասարկման գները թանկ են, սարսափելի թանկ: Եթե համեմատենք նորմալ օդանավակայանների հետ, ապա մերը տարածաշրջանում ամենաթանկն է:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 
ԱՂԲԱՎԱՅՐԵՐԻ ԽՆԴԻՐԸ ՍՈՒՐ Է
Տավուշի մարզում աղբավայրերի հիմնախնդիրը սուր է: Մարզկենտրոն Իջեւան քաղաքի աղբավայրը գտնվում է Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի եզրին, որտեղ ստեղծվել է հակասանիտարական վիճակ: Իջեւանի քաղաքապետարանը պարբերաբար աղբավայրում աշխատանքներ է կատարում, տրակտորը աղբը թաղում է հողի շերտի տակ, սակայն դա լուծում չէ: Նշենք, որ Իջեւանի աղբավայրը գտնվում է ոչ թե Իջեւանի, այլ Լուսաձոր գյուղի վարչական տարածքում: Նախատեսվում էր, որ Տավուշի եւ Լոռու մարզերի համար աղբի վերամշակման գործարան է կառուցվելու, սակայն այդ ծրագիրը չեղյալ համարվեց: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը 2015թ. կայացած իր ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարեց, որ աղբի վերամշակման ձեռնարկություն նախատեսվում է կառուցել Դիլիջանի մոտակայքում, սակայն պարզվեց՝ Տավուշի մարզում եղած կենցաղային աղբի քանակությունը բավարար չէ, որպեսզի այդ ձեռնարկությունը շահույթով աշխատի: Աղբավայրի խնդիրն առկա է նաեւ Նոյեմբերյան քաղաքում: Սահմանամերձ Նոյեմբերյանի աղբավայրը գտնվում է քաղաքային գերեզմանատան մոտ: Նոյեմբերյանցիները դժգոհում են, որ գերեզմանատան հարակից տարածքում երբեմն հակասանիտարական վիճակ է ստեղծվում, աղբատար մեքենան աղբը թափում է հենց ճանապարհի եզրին: Նոյեմբերյանին հարակից Ջուջեւան համայնքի կենցաղային աղբը տեղափոխվում է 10 կմ հեռավորությամբ գտնվող Ոսկեվան գյուղի ամայի տարածք՝ Խլեզձոր կոչվող հանդամաս: Ջուջեւան համայնքի ղեկավար Ժորա Չիլինգարյանն ասաց, որ աղբավայրերի համար օրենքով նախատեսված չափանիշները խիստ են, աղբավայրը պետք է հեռու լինի բնակավայրից, գյուղատնտեսական նշանակության հողերից, ստորգետնյա ջրերից, անտառներից, սելավատարներից: Աղբավայրում պետք է կավային շերտ ստեղծվի, աղբ լցնելուց հետո տրակտորը պետք է այն հարթեցնի, նորից կավ լցվի եւ այդպես շարունակ: Սակայն Տավուշի մարզի համայնքները ֆինանսական հնարավորություն չունեն այդպիսի չափանիշներով աղբավայր կառուցելու եւ շահագործելու համար: Գյուղերում աղբահանությունը կատարվում է ամիսը 1-2 անգամ, աղբն էլ թափում են բնակավայրի որեւէ խուլ հատվածում: Գյուղական աղբավայրերի մեծ մասը ցանկապատված չէ, դրանք բաց են մարդկանց եւ կենդանիների մուտքի համար:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 
ԲԱՑ ՆԱՄԱԿ

ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՆԳԱՆԱԿՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՏԵՂ ՉԵՆ ՀԱՍԵԼ

Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանի մի խումբ մանկավարժներ բաց նամակով դիմել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն` բողոքելով Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի կողմից Ղարաբաղին օգնելու նպատակով հանգանակված միջոցների տնօրինումից: Քանի որ այդ քաղաքում քաղաքային եւ, Սերժ Սարգսյանի խոսքերով ասած՝ «տեղական իշխանիկներից» վախը մեծ է, ուստի նամակագիրներն իրենց անունները գերադասել են գաղտնի պահել, սակայն բովանդակությունը հուշում է, որ այն ճշմարտանման է:

«Ամբողջ հայ ազգը ոգեւորվել է մեր զինվորների քաջագործություններով: Մենք՝ մանկավարժներս, իրավունք ունենք հպարտանալու, որ հայրենասեր սերունդ ենք դաստիարակել, բայց ցավում ենք, որ ինչ-որ մարզպետ ոտնահարել է մեր իրավունքները եւ, չգիտես ինչու, պարտադրել է մարզի տարածքի տնօրեններին մեր հավաքած գումարները փոխանցել կասկածելի հաշվի վրա: Այս մասին մենք իմացել ենք «Ժողովուրդ» օրաթերթից, այլապես թույլ չէինք տա: Մեզ համար շատ վիրավորական է, որ օգնության ցուցակներում մեր դպրոցների անունները չկան: Մեր չնչին աշխատավարձից փող հավաքեցինք մեր հերոս երեխաների ընտանիքներին օգնելու համար: Բայց արի ու տես պարոն Գուլոյանը, հաշվի չառնելով մեր կարծիքը, տնօրինել է մեր հավաքած գումարները ոչ հայրենասիրական նպատակներով: Այսինքն՝ ինչ հայրենասեր, երբ նրա կենսագրականում տեղեկություն չկա բանակում ծառայելու մասին:
Մենք չգիտենք՝ ընտրակաշառք բաժանել է, թե ոչ, բայց Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածությունը պաշտպանելու համար ապրիլի 15-ին Աբովյանի տարածքի բոլոր մանկավարժները մարզպետի կարգադրությամբ գնացել էին Հրազդան՝ միտինգի մասնակցելու: Սակայն քաջատեղյակ ենք, որ մեր հավաքած գումարներով իր սուպերմարկետների չիրացված ապրանքներն է իրացրել, որի իրավունքը նա չուներ: Ավելորդ չենք համարում ասել, որ այդ միտինգին հրազդանցիներ չկային:
Ծանոթ ձեռագիր է: Ժամանակին Գուլոյանի աները ամանորի տոներին բորբոսնած կարագ, «Լուսաստղ» օղի, գոմեշի միս եւ պահեստում մնացած այլ ապրանքները որպես օգնություն բաժանում էր մանկավարժներին: Մարզպետի այս արարքը համարում ենք անբարոյականություն, պաշտոնեական դիրքի չարաշահում եւ անհարգալից վերաբերմունք մարզի ուսուցիչների նկատմամբ:
Հագելի՛ խմբագրություն, դրամահավաք կատարվել է մարզի բոլոր դպրոցներից եւ կազմակերպություններից, ինչու է Ձեր գրած հոդվածում եղել միայն Հրազդանի մի երկու դպրոց: Շեմը եղել է 5000 դրամ՝ յուրաքանչյուրից: Պատկերացնում եք՝ խոսքը ինչ գումարների մասին է:
Խնդրում ենք թերթի միջոցով մեզ տեղեկացնել Ձեր հոդվածի արդյունքը: Գոնե իմանանք, որ բոլոր մանկավարժներն են մասնակցել այդ միջոցառմանը:
Հարգելի՛ վարչապետ, մարզպետին՝ Ձեր որդու բաջանաղին եւ գործընկերոջը, ի՞նչ պատիժ սահմանեցիք մեր փողերը մսխելու համար:
Աբովյանի տարածքի մի խումբ մանկավարժներ, անուններս չենք գրում, որովհետեւ մեզ կհոշոտեն»:




Լրահոս