Քաղաքացիական հասարակության կարծիքը միշտ պետք է ուշադրության առանցքում լինի. Վահե Էնֆիաջյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 16-ին Ազգային ժողովում իշխող կոալիցիայի՝ ՀՀԿ, ՀՅԴ-ի եւ ընդդիմադիր ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի միջեւ ստորագրվեց ընտրական օրենսգրքում կատարվելիք փոփոխությունների շուրջ փոխհամաձայնության փաստաթուղթ, որին, սակայն, չմիացան «Ժառանգություն» կուսակցությունը եւ քաղհասարակությունը:

Նկատենք, որ ընտրական օրենսգրքում սպասվող փոփոխություններով նախատեսվում է հիմնովին փոխել քվեարկության գործընթացը. մասնավորապես՝ ընտրողները կկարողանան քվեարկել միայն նույնականացման քարտերով, ինչպես նաեւ քվեարկության ողջ ընթացքը տեղամասում կտեսագրվի եւ առցանց կհեռարձակվի:

Սակայն տեսակետ կա, որ ստորագրվածը ոչ թե ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուսին է վերաբերում, այլ այդ ուժերի քաղաքական ապագային, այլ կերպ ասած՝ դա քաղաքական բարտերի փաստաթուղթ է:
Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է  ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հետ:

-Պարո՛ն Էնֆիաջյան, օրեր առաջ իշխանության եւ ընդդիմադիր որոշ ուժերի միջեւ ստորագրվեց ԸՕ շուրջ կոնսենսուսի մասին փաստաթուղթ: Կարծիք կա, որ ստորագրվածը ոչ այդքան ԸՕ-ին է վերաբերում, որքան գալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներին եւ մանդատների բաշխման հարցում բանակցություններին: Այլ կերպ ասած՝ սա քաղաքական բարտերի փաստաթուղթ է: Ի՞նչ կասեք:

-Ստորագրված փաստաթուղթն իր մեջ քաղաքական նոր մշակույթի տարրեր է պարունակում: Կոնսենսուսային որոշումների քիչ ենք ականատես լինում, իսկ ստորագրված փաստաթուղթը հենց այդպիսին է:

Բազմակարծությունն ինքնին լավ բան է, սակայն այն պետք է զուգակցվի իրականության հետ, եւ եթե փաստերը բացակայում են, ապա ցանկացած մեկնաբանություն տալը նույնպես տեղին չեմ համարում: Անհրաժեշտ է գիտակցել, որ նոր ընտրական օրենսգիրքն առավելագույնս պետք է փակի ընտրակեղծարարների համար բոլոր այն հավանական սողանցքները, որոնք կարող են տեղ գտնել ապագա ընտրություններում: Ամիսներ շարունակ ԲՀԿ-ն աշխատել է ներկայացված ԸՕ-ի նախագծի վրա, իսկ դա աննպատակ չէր, քանի որ հասարակությունը սպասում եւ պահանջում է չկեղծված ընտրություններ:

-Իսկ ինչպիսի՞ տեսակետ ունեք քաղհասարակության ներկայացուցիչների կողմից ստորագրված համաձայնագրին չմիանալու որոշման շուրջ:

-Քաղաքացիական հասարակության կարծիքը միշտ պետք է ուշադրության առանցքում լինի, բայց դրան զուգահեռ պետք է շատ զգոն լինել, որպեսզի մեկ կամ մի քանի հասարակական կազմակերպությունների կամ միավորների կարծիքները չներկայացվի իբրեւ համընդհանուր տեսակետ:

Աշնանն արդեն մեզ սպասվում են ՏԻՄ ընտրություններ, որից ամիսներ անց` 2017-ի գարնանը, համապետական խորհրդարանական ընրություններն են, ուստի ե՛ւ քաղաքական, ե՛ւ հասարակական ուժերը պարտավոր են անել առավելագույնը, որպեսզի սպասվող ընտրություններն անցնեն մեր օրենսդրությանն ու միջազգային չափորոշիչներին համապատասխան:

Արփինե Թովմասյան




Լրահոս