Մի շարք հեռուստասերիալներից եւ հումորային ծրագրերից հայտնի դերասանուհի Մարգարիտ Խաչատրյանը տեւական ժամանակ է` էկրաններին չի երեւում: «Ժողովուրդ»-ը պարզել է` ինչով է նա այժմ զբաղված, արդյոք ծրագրում է առաջիկայում ներկայանալ հանդիսատեսին: Վերջինս անդրադարձել է նաեւ այն հարցին, թե արդյոք իր մեջ ապրող դերասանուհին երբեւէ խանգարել է կառուցել իր անձնական կյանքը:
-Տիկի՛ն Մարգարիտ, որքանով տեղյակ ենք` վերջին տարիներին հանդես եք գալիս շոու-ներկայացումներում: Համագործակցում եք դերասան Արթուր Հակոբյանի հետ: Կպատմե՞ք այդ մասին:
-Այո՛, ես, Արթուրը եւ երգիչ-ամուսիններ Արմանը ու Յանան այժմ աշխատում ենք համերգային նոր ծրագրի վրա: Այն տրագիկոմեդիա է, որը, թերեւս, կներկայացնենք նախ Երեւանում, ապա` մարզերում: Բացի այդ` ես նաեւ ստեղծագործում եմ. երգերի երաժշտություն եմ գրում: Ես ինձ երգահան չեմ համարում, բայց այնպես է ստացվել, որ արդեն 13 երգ ունեմ եւ պատրաստվում եմ ստեղծագործություններիս «Տիրամայր» շարքը շուտով հանձնել հանդիսատեսի դատին: Հիմնականում, կարդալով Ժաննա Աբրահամյանի խոսքերը, հնչյուններն իրենք իրենց այցի են գալիս:
-Այսօր հանդիսատեսին ամենաշատը ո՞ր թեմաներն են հետաքրքրում, մարդկանց շրջանում ծիծաղ հարուցում:
-Առհասարակ, ես վստահ եմ, որ ամենաբարդ բանը ծիծաղ կորզելն է: Բայց միայն ծիծաղ հարուցելը չէ խնդիրը: Այսօր հոգու սով է, սիրո սով, ազնվության, արդարության պակաս կա: Արվեստի ցանկացած ստեղծագործություն, որը կդրդի մարդուն սիրել, շեդեվր է: Իսկ հումորի միջոցով հնարավոր է նրբորեն վեր հանել մարդու այս կամ այն թերությունը, այսինքն` ցույց տալ դա, բայց դրա համար նրան «չսպանել»:
-Այսօրվա հումորային հաղորդումները դիտո՞ւմ եք, ի՞նչ կածիք ունեք դրանց մասին:
-Անկեղծ ասած` չեմ դիտում: Եթե, օրինակ, իմ մասնակցությամբ ծրագրերն էլ երեբեւէ դիտել եմ, անմիջապես անջատել եմ հեռուստացույցը, որովհետեւ առաջին հերթին չեմ հավանում ինքս ինձ: Այսօրվա հաղորդումների վերաբերյալ չեմ էլ ուզում կարծիք հայտնել, որովհետեւ դաժան կլինի, եթե արտահայտվեմ: Մարդիկ պետք է հասկանան` որտեղ է այն սահմանը, որից հետո գալիս է գռեհկությունը:
-Սովորել եք Հրաչյա Ղափլանյանի կուրսում: Ձեր առաջին քայլերը կատարել եք Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` անվանի դերասանների կողքին: Դուք տեսել եք, թե ինչ լրջությամբ էին նրանք մոտենում իրենց գործին: Կպատմե՞ք այդ մասին:
-Այն ժամանակ ոչ ոք բեմում հենց այնպես չէր հայտնվում, ոչ ոքի մտքով չէր անցնում, որ, օրինակ, կարելի է թատրոնը վարձակալության տալ: Վաղը չէ մյուս օրը կարող է փոքրամասնությունների ինչ-որ խումբ վարձակալել թատրոնը, մեկ էլ տեսնենք` իրենց ժողովն այնտեղ են անում: Իսկ ժամանակին թատրոնը սրբության սրբոց էր, եկեղեցի, խորանի պես մի բան: Մենք մի մուտքից դեպի մյուսը գնալու համար անգամ վարագույրի ետեւում բեմը ոտնատակ չէինք տալիս. դահլիճով պտտվում էինք ու հասնում մեր ուզած տեղը: Հիմա էլ կան արվեստի մարդիկ, որոնք նման վերաբերմունք ունեն թատրոնի նկատմամբ, բայց նրանք վերջին մոհիկաններն են:
-Տիկի՛ն Մարգարիտ, հե՞շտ է լինել կանացի, ինչու ոչ` նաեւ սեքսուալ, բայց միեւնույն ժամանակ չվախենալ բեմում ծիծաղելի երեւալուց: Եղե՞լ է այնպես, որ դերասանուհին խանգարի Մարգարիտ Խաչատրյան կնոջը, խոչընդոտի նրա անձնական կյանքին:
-Ո՛չ, չի խանգարել: Դա նախեւառաջ ներաշխարհի հետ կապված հարց է: Մարգարիտ Խաչատրյանը բացարձակապես կապ չունի իր կերպարների հետ, թերեւս նրանց հետ նմանությունը միայն կենսունակությունն է: Ես առ այսօր աշխատում եմ ինքս ինձ վրա, որ այդ կերպարների «դարակները» չդատարկվեն: Ինչ վերաբերում է ծիծաղելի երեւալուն, նայեք Բարբարա Սթրեյզանդի մասնակցությամբ «Ծիծաղելի աղջիկը» ֆիլմը: Կարծում եմ` որքան էլ այդ կերպարը զվարճալի լինի, նրանից ավելի ցանկալի կին չկա:
-Դուք, որքանով տեղյակ ենք, այս պահին միայնակ եք, այո՞, Ձեր կողքին տղամարդ չկա:
-Այո՛, բայց ապրում եմ մայրիկիս հետ, այնպես որ երբեք միայնակ չեմ (ծիծաղում է): Ես ունեմ որդի, ունեմ թոռ, որի անունը Էրոս է` հին հունական սիրո աստծո անունով: Հիմա էլ սպասում եմ թոռնուհուս ծնունդին:
-Թերեւս երբեք էլ ուշ չէ նոր կյանք սկսելու համար…
-Ես համոզված եմ, որ այս տարիքում էլ ուշ չէ անձնական կյանքը կառուցելու համար: Ամեն օր ամեն թփի վրա նոր զատիկ է նստում, ուրեմն` օրը նորովի է բացվում: Իմ մեջ այնքան սեր կա, որ տալիս եմ բոլորին եւ համոզված եմ, որ այդ տվածը վերադառնալու է ինձ (ծիծաղում է):
ՈՐՏԵ՞Ղ Է «ԿԱՐԳԻՆ ՍԵՐԻԱԼԻ» ՋԵՄՄԱՆ
Տեւական ժամանակ է` «Դժբախտ երջանկություն», «Ճակատագրի գերիներ», «Այսպես էլ ապրում ենք», «Կարուսել», «Ընտանեկան իրավիճակներ» եւ այլ հեռուստասերիալներից, «Մեր բակը 2», «Երեք ընկեր», «Տաքսի, էլի լավա» եւ այլ ֆիլմերից հայտնի դերասանուհի եւ վերջապես «Կարգին սերիալ»-ի սիրելի կերպարներից մեկը` տիկին Ջեմման, նույն ինքը` Ժենյա Մկրտումյանը, էկրաններին չի երեւում: Վերջին շրջանում նրան տեսանք միայն «Սիրո գործակից» ռոմանտիկ կատակերգությունում եւ «Առաջին դեմք» ֆիլմում, ոչ այնքան կենտրոնական կերպարներում: Ուստի հեռուստադիտողները սկսել են անհանգստանալ եւ հետաքրքրվում են` որտեղ է տիկին Ժենյան եւ ինչով է այժմ զբաղված:
Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ ինքը հանդես է գալիս «Վանա կատու» անունը կրող ներկայացման մեջ, որը բեմադրվել է սիրված դերասան Կարեն Ջանիբեկյանի կնոջ` դրամատուրգ Լիանա Անթառանյանի հեղինակած ստեղծագործության հիման վրա: «Մի քանի օրից այս ներկայացմամբ մեկնելու ենք Սիսիան: Նշեմ, որ դրա շրջանակում ընդգրկված դերասանների թվում են Արա Սարգսյանը եւ հենց ինքը` Լիանան»,-մանրամասնեց նա:
Տիկին Ժենյայի խոսքով` ինքը նախորդ ամառ շատ ավելի մեծ զբաղվածություն ուներ ե՛ւ ներկայացումներում, ե՛ւ ֆիլմերում, սակայն նույնը չի կարող ասել այս տարվա մասին: Հումորային սերիալների սիրված դեմքը խոստովանեց, որ նմանատիպ նախագծերից հրավերներ չկան, միեւնույն ժամանակ, ինքն էլ նման ցանկություն չունի. «Հիմա մի քիչ պասիվացել եմ, հանգստի կարիք ունեմ, ինձ վերականգնվել է պետք»,-ասաց նա:
Մեր այն հարցին, թե Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհուն վերանորոգումից հետո արդյոք կտեսնենք մայր թատրոնի բեմում, վերջինս տվեց դրական պատասխան:
Մենք տեւական ժամանակ Ֆրանսիայում բնակություն հաստատած երգչուհի Մայա Մարգարյանի մայրիկից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես է դուստրը, արդյոք տատիկը հասցրել է հանդիպել թոռնիկին. «Նա լավ է, թոռնիկս արդեն 3 տարեկան է, Մայան ուզում է, որ այս ամառ այցելեմ իրենց, տեսնենք` ինչպես կստացվի»,-եզրափակեց տիկին Ժենյան:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ՍԻՐՏԸ ՍՏԵՆՏԱՎՈՐԵԼ ԵՆ
Սիրված դերասան Հարություն Մովսիսյանն օրերս դիմել է Նորք-Մարաշի սրտաբանական հիվանդանոց, որտեղ էլ որոշվել է, որ նրա սրտի անոթը պետք է ստենտավորել: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանը տեղեկացրել է, թե ինչ խնդիր է ունեցել եւ ինչպես է այժմ իրեն զգում:
«Ցավեր ունեի, դիմեցի բժշկի, եւ կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանն ասաց` պետք է հետազոտություն անցնեմ: Պարզվեց` ստենտի կարիք կա: Պարզապես փրկվեցի… 5 տարի առաջ ոտքիս երեք երակով փոխարինել էին սրտիս անոթները, որոնցից մեկն էլ խցանվել էր, եւ այն ստենտավորեցին»,-ասել է նա:
Դերասանն ուրախությամբ հայտնել է, որ ինքնազգացողությունը կարգավորվել է, դուրս է գրվել հիվանդանոցից եւ կվերադառնա նկարահանման հրապարակ` շարունակելով խաղալ «Երանի» սերիալում:
ՍՈՖԻ ԼՈՐԵՆԸ` ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Իտալացի լեգենդար դերասանուհի Սոֆի Լորենն առաջին անգամ ժամանել է Վրաստան: Ինքնաթիռը հունիսի 14-ի լուսաբացին վայրէջք է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում:
Դերասանուհին` որպես պատվավոր հյուր, մասնակցում է Վրաստանի օպերային երգչուհի Նինո Սուրգուլաձեի «Ցանկության ծառ» բարեգործական հիմնադրամի միջոցառումներին:
Հիմնադրամի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Թբիլիսիում Սոֆի Լորենը հանդիպում կունենա երկրի վարչապետ Իրակլի Կվիրիկաշվիլիի եւ Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Sputnik-ի փոխանցմամբ` Սոֆի Լորենը կայցելի նաեւ Թբիլիսիի օպերայի եւ բալետի թատրոն, որտեղ հունիսի 15-ին տեղի կունենա «Հանուն սիրո» նոր ներկայացման համաշխարհային պրեմիերան: Ի դեպ, նվագախումբը կղեկավարի Սոֆի Լորենի որդին՝ դիրիժոր Կառլո Պոնտի-կրտսերը: