Խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ 68 կողմ, 21 դեմ եւ 18 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց ՀՀ հարկային օրենսգիրքը: Ու թեեւ նախօրեին ԱԺ շատ պատգամավորներ «տաքացած» քննադատում էին նախագիծը` մատնացույց անելով դրա ռիսկերը, այնուամենայնիվ, շատերը վաղ առավոտյան ՀՀԿ խմբակցությունից ու կառավարությունից ստացված համապատասխան զանգերի արդյունքում մտքափոխվեցին եւ կողմ քվեարկեցին` բարձրաձայն հույս հայտնելով, որ մինչեւ երկրորդ ընթերցում նախագիծը կլրամշակվի:
Ու այս իրավիճակում ամենաուշագրավը իշխանական կոալիցիայի մաս կազմող Դաշնակցության պահվածքն էր: Երեկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ առայժմ ձեռնպահ են քվեարկում: Իսկ թե ինչպես կքվեարկեն երկրորդ ընթերցման ժամանակ, կորոշվի ՀՅԴ-ի ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ հարկային օրենսգրքի հեղինակների դրսեւորած մոտեցումից: Սա, իհարկե, կարելի էր հասկանալ, եթե այդ նախագիծը խորհրդարան չգար կառավարությունից, որտեղ ՀՅԴ-ն 3 ներկայացուցիչներ ունի` ի դեմս ՀՀ էկոնոմիկայի, տարածքային կառավարման ու կրթության եւ գիտության նախարարների: Չէ՞ որ դաշնակցական նախարարները կարող էին իրենց առարկությունները հենց գործադիրում ծավալված քննարկումների ժամանակ հայտնել:
Հիշեցնենք, որ հարկային փաթեթի՝ արդեն առաջին ընթերցմամբ ընդունված նախագծով նախատեսվում է տնտեսվարողների տուգանքների դեպքում բողոքարկման հնարավորության փաստացի վերացում, հարկերի բեռի ավելացում, ինչն իր հերթին բերելու է զանգվածային թանկացումների:
Անցած տարվա նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում բացահայտված հանցավոր խմբի քրեական գործով արդեն տեւական ժամանակ է, կարելի է ասել, որ քննություն չի ընթանում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս քրեական գործի շրջանակներում արդեն երկու ամսից ավել է՝ ոչ մի նոր զարգացում կամ գործընթաց չկա: Այնպիսի տպավորություն է, որ քրեական գործը քննող ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական խումբն ընդամենը ժամանակ է ձգում: Այս ընթացքում միակ գործողությունը, որը քննչական մարմինն իրականացնում է, քրեական գործով կալանավորված անձանց կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդություններով դատարան դիմելն է: Իրավապահ համակարգին մոտ կանգնած շրջանակները առավել հավանական են համարում, որ ԱԱԾ-ն ժամանակ կձգի, մինչեւ կլրանա նախաքննության ժամկետը՝ մեկ տարին: Այսինքն՝ նոյեմբերին նոր միայն քրգործը կուղարկվի դատարան: Արդյունքում դատավարությունը կհամընկնի 2017-ի ԱԺ ընտրությունների նախընտրական շրջանի հետ եւ կլինի հեղափոխական ընդդիմադիրներին հասցեագրված զգուշացման պես մի բան:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ իշխող Հանրապետական կուսակցությունում համաձայնության են եկել Վանաձորի քաղաքապետի՝ իրենց կուսակցության թեկնածուի հարցում: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Վանաձորում պետք է տեղի ունենան տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ: ՀՀ ընտրական նոր օրենսգրքով Վանաձորում այս անգամ քաղաքապետին ուղղակի չեն ընտրի: Վանաձորցիները կընտրեն քաղաքի ավագանի, որն էլ իր կազմից կընտրի քաղաքապետին: Այսինքն՝ քաղաքապետը կդառնա այն կուսակցության ներկայացուցիչը, որը ավագանու կազմում մեծամասնություն կունենա: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ի Վանաձորի ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորելու է ՀՀ Լոռու մարզի «Վանաձոր» նոտարական գրասենյակի նոտար Մամիկոն Ասլանյանը: Իհարկե, վերջինս հավաստիացնում է, որ կուսակցությունում որոշում, որպես այդպիսին, դեռեւս չի կայացվել, սակայն միեւնույն ժամանակ չի էլ հերքում, որ ինքը ցանկանում է Հայաստանի երրորդ քաղաքի քաղաքապետը դառնալ:
Հայաստանի գրանցված աշխատողների թիվը կազմում է 669 հազար, որից 254 հազարը գերատեսչությունների եւ պետական հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցներն են: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2016-ի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի կենսաթոշակառուների թիվը կազմում է 465 հազար 802: Ստացվում է, որ կենսաթոշակների համար անհրաժեշտ գումարները գոյանում են 415 հազար աշխատողների վճարած հարկերի հաշվին: Այլ կերպ ասած՝ ամեն մի աշխատողի բաժին է հասնում մեկից ավել (1,1) թոշակառու: Եւ եթե այդ թվին ավելացնենք նաեւ 80 հազար 438 ընտանեկան նպաստ ստացող, 25 հազար 933 սոցիալական նպաստ ստացող եւ 10 հազար 512 եռամսյակային օգնություն ստացող ընտանիքներին, պատկերն առավել մտահոգիչ է դառնում: Սոցիալական ապահովության համար անհրաժեշտ միջոցների ապահովման բեռը փաստացի իրականացնում է երկրի բնակչության մոտ 15 տոկոսը, մնացած 85 տոկոսը կազմում են կենսաթոշակ ստացողները կամ պետական հիմնարկ-ձեռնարկությունների աշխատողները, այլ կերպ ասած՝ փոքրամասնության ստեղծած բարիքի «սպառողները»:
ԴԵՊԻ ԿԱԶԱՆ 2
Երեկ հայտնի դարձավ, որ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Սարգսյան-Ալիեւ-Պուտին հանդիպմանը չի մասնակցելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջազգային մանդատ ունեցող միակ կառույցը՝ ԵԱՀԿ-ն: Այդ մասին ռուսական ՏԱՍՍ-ին ասել է ԵԱՀԿ-ի մամուլի հետ կապերի բաժնի ղեկավար Ն. Ռաջակովիչը։ Ուշագրավ է, որ վերջինս որեւէ կերպ չի ցանկացել մեկնաբանել կամ պատճառաբանել այդ փաստը. «ԵԱՀԿ-ն ներգրավված չէ Ղարաբաղի հարցով Սանկտ Պետերբուրգում կազմակերպվող հանդիպմանը, եւ մենք չենք կարող այն մեկնաբանել: Որքանով որ մենք տեղյակ ենք, այն տեղի է ունենում Ռուսաստանի նախաձեռնությամբ։ Դուք պետք է ձեր հարցերը ռուսաստանյան իշխանություններին ուղղեք»,- ասել է ԵԱՀԿ ներկայացուցիչը:
Իհարկե, Վիեննայում մայիսի 16-ին կայացած հանդիպումը ԱՄՆ նախաձեռնությամբ իրականացվեց, ինչի մասին հիշատակեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, եւ այս իմաստով կարելի է Սանկտ Պետերբուրգում սպասվող հանդիպումը համարել ռուսական պատասխան նախաձեռնությունը՝ պարիտետի պահպանման սկզբունքով: Սակայն այն, որ այդ հանդիպմանը չի մասնակցելու ԵԱՀԿ-ն, արդեն իսկ բավականին մտահոգիչ է: Ստացվում է, որ ՌԴ հայտ է ներկայացնում՝ միանձնյա իր ձեռքը վերցնելու հակամարտության կարգավորման ղեկը: Եվ այս իրավիճակում դժվար է ասել՝ արդյոք Սանկտ Պետերբուրգում քննարկումները կլինեն Վիեննայում ձեռք բերված համաձայնությունների շուրջ, թե ռուսական կողմը առաջ կբերի բոլորովին նոր բանակցային օրակարգ՝ նոր սկզբունքների, կամ ինչպես օրերս նշել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Է. Մամեդյարովը՝ «կարգավորման նոր ուղենիշների» շուրջ:
Պարզ ասած՝ բացառապես ռուսական նախաձեռնությամբ եւ ռուսական մասնակցությամբ անցկացվելիք այդ հանդիպման հետ կապված վերաթարմանում են, այսպես կոչված, «Լավրովի պլանի» շուրջ մտահոգությունները, առավել եւս, որ ադրբեջանական կողմը անթաքույց ոգեւորությամբ է խոսում այդ պլանի գործարկման հնարավորության մասին:
Ի վերջո, չմոռանանք, թե ինչ եղավ տարիներ առաջ, երբ դարձյալ բացառապես ռուսական նախաձեռնությամբ Սոչիում անցկացվեց նման մի հանդիպում, որին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահներն ընդամենը դիտորդի կարգավիճակով ներկա էին, սակայն որեւէ կերպ չէին մասնակցում… դրան հաջորդեց Կազանի գագաթնաժողովը, որի ընթացքում, ինչպես հայտնի դարձավ Սերժ Սագսյանի՝ «Բլումբերգին» տված հարցազրույցից, բանակցային սեղանին էր դրվել մի փաստաթուղթ, որով ՀՀ-ը պետք է վերադարձներ ազատագրված մի քանի շրջաններ՝ առանց ԼՂՀ-ի կարգավիճակի հստակեցման: Բարեբախտաբար այն ժամանակ այդ փաստաթուղթը տորպեդահարվեց Ադրբեջանի կողմից: Սական արդյոք նույնը կկրկնվի նաեւ այս անգամ: Դատելով մի շարք աշխարհաքաղաքական եւ տնտեսական գործոններից՝ ոչ: Այնպես որ, Սանկտ Պետերբուրգում կարող է սկսվել մեզ համար չափազանց վտանգավոր նոր գործընթաց՝ «Կազան 2»: