«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է փուլային կարգավորում ունենա: Վիեննայի հանդիպման ժամանակ Հայաստանի կողմից առաջարկված պայմաններ ընդունվեցին: Սանկտ Պետերբուրգի հանդիպումը դրական արդյունքներ ունի»: Այս մասին, ինչպես փոխանցում է «ԱզերԹԱջ»-ը, զինծառայողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ալիևի խոսքով՝ Ադրբեջանը «թույլ չի տա իր տարածքում երկրորդ հայկական պետություն ստեղծել»:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում միջազգային իրավունքը չի աշխատում: Չնայած այն բանին, որ մեր երկիրը շարունակում է դիվանագիտական և քաղաքական ջանքեր գործադրել»,- նշել է Ադրբեջանի նախագահը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ադմինիստրացիայի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը հայտարարել էր, որ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության «փուլային կարգավորման» շուրջ համաձայնության են եկել:
«Հանդիպման ժամանակ հավանություն է տրվել հակամարտության փուլային կարգավորմանը: Այսինքն՝ պետք է ազատագրվեն 5 շրջանները, ապա ևս 2 շրջան, որից հետո պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Կողմերը համաձայնության են հասել այդ ուղղությամբ»,- ասել էր Մամեդովը:
ArmLur.am-ին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հորդորեց նման հարցերով չդիմել, քանի որ Սանկտ Պետերբուրգում որևէ համաձայնություն ձեռք չի բերվել: «Բանակցային գործընթացի վերաբերյալ որևէ համաձայնություն հանդիպման ընթացքում չի եղել»,- հավելեց ԱԳՆ մամուլի խոսնակը: