ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 915 ՀԱՄԱՅՆՔ ՈՒՆԵՆԱԼԸ ՇՌԱՅԼՈՒԹՅՈ՞ՒՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ ՀՀ երեք մարզերում համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի գործարկումից հետո որեւէ դրական զարգացում չկա, կառավարությունը ցանկանում է շարունակել այդ ծրագիրը՝ ձեւավորելով 15 նոր խոշորացված համայնքային փնջեր, որոնցում կմիավորվեն 118 համայնքներ: Այս ծրագրին կտրուկ դեմ են արտահայտվում բազմաթիվ համայնքների ղեկավարներ, ինչը, սակայն, հաշվի չի առնվում իշխանության կողմից:
Թե ինչու, երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանից, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանից եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանից:

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյան
-Պարո՛ն Տերտերյան, մի շարք համայնքների ղեկավարներ արդեն հասցրել են իրենց դժգոհությունները հայտնել համայնքների խոշորացման հետ կապված: Ինչո՞ւ ականջալուր չեք լինում այդ դժգոհություններին:
-Ով ասեց, որ դեմ են, շատերն էլ կողմ են: Ազգային ժողովը կասի, թե ինչ անենք, բայց իմ տեսակետն այն է, որ խոշորացումը ճիշտ է:
-Սակայն արդեն իսկ կա ծրագրի պիլոտային կիրառման բացասական փորձը, ինչո՞ւ դա հաշվի չի առնվում:
-Ով ասեց, որ առաջինից դժգոհ են եղել, դա Ձեր կարծիքն է:

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյան
-Պարո՛ն Մելիքյան, արդյո՞ք ճիշտ որոշում է համայնքների խոշորացումը՝ հաշվի առնելով այն փաստը, որ համայնքների ղեկավարները մեծ դժգոհություններ են հայտնել:
-Ես կարծում եմ, որ համայնքներում համայնքի ղեկավարների կողմից բարձրացված դժգոհությունները հիմնականում անձնական բնույթ են կրում, եւ չեմ կարծում, որ դա պետք է տարածել ընդհանուր գաղափարի վրա: Համայնքների խոշորացումը լուծում է բազմաթիվ խնդիրներ` սկսած ֆինանսական միջոցների արդյունավետ ծախսից, որն ամենակարեւորն է, եւ համայնքի բնակչության արդյունավետ սպասարկումից: Կարծում եմ, որ սա կնպաստի նաեւ տարբեր ծրագրերի իրականացմանը, օրինակ՝ ոռոգման ջրի մատակարարման կամ ճանապարհաշինության, ընդհանրապես համայնքի բնակչությանը հուզող ցանկացած տիպի հարցերի հետ կապված: Իսկ ինչ վերաբերում է փաստաթղթաշրջանառությանը, փաստաթղթերի տրամադրմանը, դրանք ընդամենը հորինված արտահայտություններ են, որ բազմիցս բարձրացվում են, բայց չեմ կարծում, որ դրանք իրենց տակ ընդհանրապես որեւէ հիմք ունեն:
-Բայց արդեն իսկ համայնքների խոշորացման փորձ արվել է, մասնավորապես Տավուշի, Լոռու եւ Սյունիքի մարզերում, սակայն էական որեւէ փոփոխություն նկատելի չէ: Որքանո՞վ է ճիշտ մեկ անհաջող փորձից հետո երկրորդն անելը:
-Ես չգիտեմ՝ փորձ եղել է, չի եղել, ինչ արդյունքներ են տվել, ինչ արդյունքներ չեն տվել, բայց մենք պետք է միջազգային փորձից օգտվենք, որ գոյություն ունի հատկապես Եվրոպայում, եւ կարծում եմ, որ խոշոր համայնքները շատ արդյունավետ են իրականացնում թե՛ կառավարումը, թե՛ բնակչության սպասարկումը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյան
-Պարո՛ն Ավետիսյան, Ձեր կարծիքով համայքների խոշորացման որոշումը որքանո՞վ է արդարացի:
-Ճիշտ եմ համարում: Մենք 96 թվականից, երբ որ տեղական ինքնակառավարման մասին օրենքն ընդունեցինք, ունեցանք 915 համայնքներ, եւ նմանատիպ խնդիր կար Սովետական Միության բոլոր փոքր հանրապետություններում, որտեղ եւս բոլորը գնացին այդ քայլին, կամաց-կամաց խոշորացրին: Մեր նման երկրի համար թույլ տալ նման շռայլություն եւ համայնքներին էլ չտալով նորմալ դոտացիա, որ իր հոգսերը հոգա, անիմաստ է: Եթե մարդը այնտեղ չի բնակվում, եթե պետության ձեռքը չի հասնում տվյալ համայնքում խնդիր լուծելու, նշանակում է, որ այդ համայնքը ուղղակի ձեւ է եւ ոչ թե բովանդակություն: Այն պիլոտային ծրագրերը, որոնք եղել են, մանրամասն ուսումնասիրել եմ, տեսել եմ, որ այնտեղ լուրջ ներդրումներ են եղել համայնքների հետ կապված: Հիմա ակնկալվում են նմանատիպ ներդրումներ նաեւ այս խոշորացման արդյունքում նոր համայնքներում, եւ բնական է՝ նաեւ այստեղ հնարավորություն կունենանք, որ պետությունը այդ դոտացիայի գումարը կոնկրետ համայնքին տա, եւ համայնքը կարողանա մեծ խնդիր լուծել: Մենք նաեւ խոսում ենք մյուս` համայնքի սոցիալական խնդրի մասին: Եթե համայնքներում կան երեք-չորս աշխատող, այդ երեք, չորս աշխատող կրճատելը նշանակում է երեք, չորս ընտանիքի զրկել իր օրվա կենսաապահովման խնդիրը լուծելու միջոցից: Դրա համար այժմ կառավարությունը հավաստիացնում է, որ այդ խնդիրը չի լինի. չի լինի համայնքապետ. կա՛մ կլինի ներկայացուցիչ, կա՛մ կլինի համայնքում աշխատող անասնաբույժ, մեխանիզատոր, ջրային համակարգը սպասարկող եւ այլն: Մենք այս խոշորացման մեջ պետք է տեսնենք զարգացման, համայնքների խնդիրների լուծման միտում:
-Եթե իսկապես այս որոշումը կնպաստի համայնքներում առկա խնդիրների լուծմանը, ինչո՞ւ են համայնքների ղեկավարները դժգոհություններ հայտնում:
-Եկեք անկեղծ լինենք, դժգոհությունը լինելու էր: Այն լինելու էր երկու ասպեկտով. համայնքի ղեկավարը ինքը այդ համայնքի տեր ու տիրակալն է, որոշակի հնարավորություն, միջոցներ ունի, կարող է հարազատներին, բարեկամներին օգտակար լինել, ամեն ինչը լրիվ հասկանալի է: Չի կարող լինել միավորում, որ չլինի դժգոհություն: Բայց դա կարող է լինել ե՛ւ սուբյեկտիվ, ե՛ւ օբյեկտիվ: Ավելի լավ է՝ մենք այս շռայլությունը մեզ թույլ չտանք եւ լուծենք կոնկրետ խնդիրներ:

 

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՍՈՒՍԻԿ-ՓՈՒՍԻԿ ԸՆԴՈՒՆԵՑԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

Երեկ Ազգային ժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ձայների 68 կողմ, 21 դեմ եւ 18 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունվեց ՀՀ հարկային նոր օրենսգրքի նախագիծը:

Նկատենք, որ մինչ քվեարկությունը, պատգամավորների ճնշող մեծամասնությունը հասցրել էր նախագծում առկա խնդրահարույց դրույթներին անդրադառնալ՝ բավականին կոշտ քննադատության արժանացնելով փաստաթուղթը: Անգամ ՀՀԿ մի շարք պատգամավորներ բացասական գնահատականներ հնչեցրին նախագծի հետ կապված: Սակայն երեկվա քվեարկության պատկերը ցույց տվեց, որ հակառակ պոպուլիստական հայտարարությունների՝ երբ բանը հասնում է գործելուն, ոչ միայն իշխանական, այլեւ ընդդիմադիր թեւի զգալի հատվածի պատգամավորները սուսիկ-փուսիկ հնազանդվում են:
Այնուամենայնիվ, ուշագրավ է, որ պատգամավորներից շատերն անգամ ներկա չգտնվեցին քվեարկությանը, ինչը փաստում է, որ նրանցից ոմանք հոգով-սրտով դեմ են նախագծին եւ կողմ չքվեարկելու համար ստիպված բացակա ստացան:
Իսկ ահա ԱԺ ՀՅԴ խմբակցության պարագայում ճիշտ հակառակը տեղի ունեցավ: Չնայած այն փաստին, որ դաշնակցական գործընկերներ` ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն ու ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը կառավարության նիստում այս նախագծին կողմ են քվերակել, ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամները ձեռնպահ մնացին` հաշվի չառնելով անգամ իշխանության հետ կոալիցիոն համագործակցության հանգամանքը:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

 

«ԲՐԻԼԻԱՆՏԻ» ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արշակ Մխիթարյանի՝ Բրիլիանտի Արշակի դրամական միջոցները նախորդ տարվա վերջին կազմել են 4 մլն դրամ եւ 1.5 մլն դոլար: Նա որպես եկամուտ հայտարարագրել է վարձակալության դիմաց ստացած եկամուտը՝ 21 մլն 600 հազար դրամը, եւ պատգամավորական աշխատավարձը՝ ամսական 575 հազար դրամ: Բացի այս՝ ԲՀԿ-ական պատգամավորի փոխառություններն անցած տարվա վերջին կազմել են 847 մլն 900 հազար դրամ: Ինչպես հայտնի է՝ վերջին տարիներին պաշտոնյաների կանանց՝ ամուսիններից հարուստ լինելը դարձել է նորաձեւ: Սակայն Արշակ Մխիթարյանի կինն այս տեսանկյունից «մոդայից» ետ է մնացել, քանի որ նա հայտարարագրել է ընդամենը 5 մլն դրամ դրամական միջոց:

 

 

ԼԱՎԱՏԵՍ «ՏՈՒԺԱԾ»-Ը
Ինչպես հայտնի է՝ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի տանից հունվարի 13-ի երեկոյան գողություն էր կատարվել: Անհայտ անձը կամ անձինք մուտք էին գործել մարզպետին պատկանող առանձնատուն, հափշտակել զարդեր, 2 բջջային հեռախոս եւ կանխիկ գումար՝ պատճառելով գույքային վնաս: Անցել է 5 ամիս, սակայն այս գործով դեռեւս ոչ մի ձերբակալված կամ կալանավորված անձ չկա: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հովիկ Աբովյանն ասաց, որ իրեն եւս գործով որեւէ նորություն հայտնի չէ: Մեր այն հարցին, թե անցել է 5 ամիս, հույս ունեք, որ իրավապահները կբացահայտեն, նա պատասխանեց. «Ես լավատես եմ»:

 

 

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է
Հալաբյան փողոցում ապրիլի 25-ին թիվ 63 երթուղու ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի թեման շարունակում է մնալ հանրային քննարկումների առանցքում: Իհարկե, իրավապահները հայտարարեցին, որ կատարվածը ահաբեկչություն չէ, այլ կենցաղային հողի վրա տեղի ունեցած պատահար, սակայն հասարակության շրջանում առկա կասկածները այն մասին, որ իրավապահներն իրականությունը թաքցնում են, այդպես էլ մինչեւ վերջ չվերացան: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս միջադեպը քննող ՀՀ քննչական կոմիտեի քննիչները պատրաստվում են հայտարարել ավտոբուսի պայթյունի գործով նախաքննության ավարտի մասին: Թեեւ ի սկզբանե էլ պարզ էր, որ պայթյունի գործի քննությունը երկար չի տեւի, քանի որ իրականացնող անձը՝ Ռուբեն Բալյանը, զոհվել է: Ուստի այն տարբերակը, որ իրավապահները կկարողանային պարզել, թե որտեղից եւ ինչ նպատակով է նա տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութը ձեռք բերել, իրատեսական չէր:




Լրահոս