Հայաստանում գործազրկության մակարդակը մինչ այս հրապարակված պաշտոնական ցուցանիշից առնվազն կրկնակի անգամ բարձր է, եւ այս փաստը տարիներ շարունակ համառորեն քողարկվում էր:
Մինչ այս Հայաստանի տարբեր տրամաչափի պաշտոնյաները մշտապես հրաժարվել են հրապարակել Հայաստանում առկա գրանցված աշխատողների թիվը: Իսկ պաշտոնական վիճակագրությունում մշտապես ներկայացվել է, թե իբր Հայաստանում զբաղվածների թիվը 1 մլն 100 հազարից մինչեւ 1 մլն 300 հազարի սահմաններում է: Սակայն նախօրեին խորհրդարանում ՀՀ հարկային օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ հայտնի դարձավ, որ Հայաստանում առկա է 615 հազար գրանցված աշխատող, որից 254 հազարը պետական գերատեսչությունների, հիմնարկ-ձեռնարկությունների աշխատողներն են: Բացի այդ՝ Հայաստանում առկա է նաեւ 54 հազար գործող անհատ ձեռներեց: Այսպիսով ստացվում է, որ Հայաստանի գրանցված աշխատողների ընդհանուր թիվը կազմում է 669 հազար: Ի դեպ, վերը բերված թվերից հետեւում է, որ Հայաստանի աշխատաշուկայի մոտ 38 տոկոսը կազմում են գերատեսչությունները եւ պետական հիմնարկ-ձեռնարկությունները:
Նկատենք, որ մեկ ամիս առաջ հրապարակված պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանի աշխատունակ տարիքի բնակչության թիվը կազմում է 2 մլն 15 հազար: Մեկ այլ տվյալների համաձայն՝ աշխատանքային տարիքի բնակչությունից տնտեսապես ակտիվ է, կամ այլ կերպ ասած՝ աշխատունակ է 1 մլն 316 հազար մարդ: Վերը նշված երկու թվերի տարբերությունը պայմանավորված է նրանով, որ առաջինն իր մեջ ներառում է նաեւ աշխատունակ տարիքի` 14 տարեկանից բարձր անչափահասներին, թոշակի տարիքը լրացած, բայց դեռեւս գործունակ բնակչությանը, ինչպես նաեւ հաշմանդամներին:
Ինչեւէ, տեղեկացնենք, որ պաշտոնական վիճակագրությունը գործազրկության մակարդակը հաշվարկում է հետեւյալ կերպ` տնտեսապես ակտիվ բնակչության թվից հանվում են զբաղվածները, արդյունքում ստացվում է գործազուրկների թիվը, որը համեմատվում է տնտեսապես ակտիվ բնակչության թվի հետ: Հայաստանում զբաղվածների թիվը ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին տվյալի համաձայն՝ կազմում է 1 մլն 72 հազար 600 մարդ: Եթե մինչ այս այդ թիվն ի գիտություն էր ընդունվում, ապա այժմ հարց է ծագում՝ իսկ ինչի հիման վրա են այն ստացել: Ինչպես արդեն նշել ենք, նույն պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանում գրանցված աշխատողների թիվը կազմում է 669 հազար: Այսինքն՝ ԱՎԾ-ն զբաղվածների թիվը իրական եղածից ավելացրել է 403 հազարով: ԱՎԾ-ի հրապարակած մեթոդիկայում նշվում է, որ զբաղվածների թվում ներառվում են նաեւ գյուղատնտեսությունում զբաղվածները: Բայց ով է ասում, որ գյուղատնտեսությունում զբաղված բնակչության թիվը ընդհանուր աշխատանք ունեցողների թվի 37 տոկոսը կարող է կազմել: Հարկ է նկատել, որ գրանցված աշխատողների թվի մի զգալի մասն արդեն իսկ կազմում են գյուղական բնակավայրերի բնակիչները: Այլ կերպ ասած՝ ակնհայտ է, որ գյուղատնտեսությունում զբաղվածների թիվը արհեստական ավելացնելով` արհեստական նվազեցվում է գործազրկության մակարդակը:
Այլեւս վստահաբար կարող ենք պնդել, որ Հայաստանի գործազրկության մակարդակը ոչ թե 18,5 տոկոս է, ինչպես ներկայացված է ԱՎԾ-ի վերջին տվյալներում, այլ առնվազն 35 տոկոսի սահմաններում է: Ի դեպ, Հայաստանում աղքատության պաշտոնական ցուցանիշը հենց 35 տոկոս է կազմում: Չնայած աղքատության եւ գործազրկության ցուցանիշներն անմիջական կապ չունեն, սակայն անուղղակի կապը անհնար է հերքել: Ի վերջո, առնվազն տարօրինակ է, որ 18,5 տոկոս գործազրկության պարագայում աղքատությունը 35 տոկոսից ավել է կազմում: Այսինքն՝ ինչպես կարող է ստացվել, որ 1 մլն 72 հազար զբաղված մարդ ունեցող եւ 3 մլն-ից պակաս բնակչություն ունեցող Հայաստանում մեկ միլիոնից ավել էլ աղքատներ կան: Այս հարցի տրամաբանական բացատրությունը կարող է լինել այն, որ գործազրկության մակարդակն իրականում կրկնակի անգամ ավել է:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԳԻՍՏ Է
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ պայքար ծավալելու մասին հայտարարությունից անցել է ավելի քան մեկ ամիս: «Ժողովուրդ»-ը ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանից փորձեց պարզել, թե ըստ իրեն՝ կոռուպցիայի դեմ պայքարի բանալին որն է: «Կոնկրետ մեզ մոտ, մեր ոլորտում դա կարող է առնչվել գնումների հետ: Այսինքն՝ շինարարության մրցույթ եւ նախագծերի մրցույթ: Արդեն իսկ այն հանգամանքը, որ ամբողջն արվել է թափանցիկ եւ էլեկտրոնային, չկա ուղղակի որեւիցե ձեւ դրա վրա ազդելու, այդ մասով ես հանգիստ եմ: Բայց մենք հիմա որոշակի քաղաքականություն ենք տանում վերջին երկու տարին, դա նոր բան է, որ մրցույթները ամբողջությամբ կենտրոնացված էին քաղաքաշինության նախարարությունում: Արդեն երկու տարի զգալի մասը, հիմա արդեն կեսից ավելին, տալիս ենք մարզպետարաններին, որպեսզի իրենք անցկացնեն եւ իրենք կազմակերպեն: Եւ, ի վերջո, քաղաքաշինության նախարարությունը պետք լինի միայն վերահսկող, ոչ թե մրցույթներ կազմակերպող»,- ասաց Նարեկ Սարգսյանը:
ՉԵՆ ՇՏԱՊՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
Ինչպես հայտնի է՝ Հայաստանի քաղաքական ուժերի մեծ մասը ներկայումս զբաղված է միջկուսակցական ոչ հրապարակային բանակցություններով, որոնց նպատակը համագործակցության, սպասվելիք դաշինքների հնարավորությունները պարզելն է, սակայն որեւէ մեկը չի շտապում բացահայտել, թե ով ում հետ է պատրաստվում դաշինք կազմել: Երեկ «Ժողովուրդ»-ը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանից փորձեց պարզել, թե արդյոք իրենց կուսակցությունը պատրաստվում է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ որեւէ քաղաքական ուժի հետ դաշինք կազմել, մասնավորապես, լուրեր են շրջանառվում այն մասին, որ բացառված չէ «Ժառանգություն»-ը դաշինք կազմի Վարդան Օսկանյանի «Համախմբում»-ի հետ: Ի պատասխան՝ Զարուհի Փոստանջյանն ասաց, որ դեռեւս վաղ է նախընտրական դաշինքների մասին խոսելու համար, եւ որ ինքը չի ցանկանում այդ թեմայով մեկնաբանություններ տալ, քանի որ առարկայական ոչինչ չկա այժմ:
ԾՈՐԱԿԻՑ ԿԵՂՏԱՋՈՒՐ
ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչները դիմել են «Ժողովուրդ» օրաթերթին. նրանք պատմեցին, որ իրենց քաղաքում վերջերս պարբերաբար ջրի անջատումներ են լինում: Մասնավորապես, վերջին երկու օրերին եւս ջուր չեն ունեցել, եւ երբ ջուրը միացվել է, ծորակներից կեղտաջուր է հոսել: Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Բայց մենք ոչ թե երեք օր ջուր չենք ունեցել, այլ հունիսի 14-ին, ժամը 14.00-ից ջուրը կտրվել է, եւ այսօր (երեկ-խմբ.) առավոտյան 07.30 ջուրը միացրել են: Նախապես տեղեկացրել են, որ ջրի անջատման պատճառը եղել է Խարբերդի ջրամբարի մաքրման աշխատանքները: Ջրամբարի մաքրման օրն էր: Հնարավոր է՝ սկզբի մեկ րոպեն ժանգ գա, բայց սատկած մուկ՝ անհնար է»:
ՆՇԱՆԱԿՎԵԼ Է
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը նշանակվել է առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: Նշենք, որ մինչ այդ նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը, սակայն Քուվեյթում ՀՀ դեսպան նշանակվելուց հետո այդ տեղը թափուր էր մնացել:
ՀՐԱՎԵՐ ՄԱՅՐ ԱԹՈՌԻՑ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հունիսի 24-ին հրավիրում է իր զավակներին մասնակցելու Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Բարիգալստյան` Հրաշափառի արարողությանը, որը տեղի կունենա ժամը 15.35-ին: Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից՝ մուտքն ազատ է:
ԶԵԿՈՒՅՑԻ ՀԱՄԱՐ
ԵԽԽՎ համազեկուցողներ Շտեֆան Շեննաքն ու Սեզար Ֆլորին Պրեդան այցելել են Ադրբեջան: Report-ի փոխանցմամբ՝ հունիսի 15-17-ը համազեկուցողները պլանավորում են հանդիպումներ անցկացնել Ադրբեջանի նախագահի, Մեջլիսի նախագահի, գլխավոր դատախազի, արդարադատության նախարարի եւ ԿԸՀ նախագահի հետ: ԵԽԽՎ համազեկուցողները կհանդիպեն նաեւ քաղաքացիական հանրության, ԶԼՄ-ների, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչների հետ: Որպես դիտորդներ՝ նրանք մոնիթորինգ կանցկացնեն Աղդաշում՝ կապված կրկնակի խորհրդարանական ընտրությունների հետ:
ՆՈՐ ԴԵՍՊԱՆ
Սերժ Սարգսյանը հունիսի 15-ին հրամանագիր է ստորագրել Ֆադեյ Չարչօղլյանին Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը` Աթենք): Ս. Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Գագիկ Ղալաչյանն ազատվել է Հունաստանի Հանրապետությունում, Ալբանիայի Հանրապետությունում, Կիպրոսի Հանրապետությունում, Սերբիայի Հանրապետությունում, Բոսնիա եւ Հերցեգովինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից:
ՎԱՐՉԱՊԵՏԸ՝ ՇԻՐԱԿՈՒՄ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ: Նա նախ եղել է Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղերում, ինչպես նաեւ Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում: Ապա Գյումրիում կառավարության ղեկավարն այցելել է տեքստիլի արտադրությամբ զբաղվող «Սասստեքս» ընկերությանը պետության աջակցությամբ տրամադրված շինություններ, որտեղ այժմ ընթանում են շինարարական աշխատանքներ: Ծրագրի իրականացման նպատակով ներդրվում է 4 մլն եվրո, իսկ գործարանում ստեղծվելու է շուրջ 400 նոր աշխատատեղ: Ներկա դրությամբ շինաշխատանքներում ներգրավված է 80 մարդ: Ձեռնարկության ողջ արտադրանքը նախատեսվում է արտահանել եվրոպական երկրներ: Բացի այդ, տեղեկացվել է, որ տեքստիլի արտադրության գործարանը Շիրակի մարզում ունենալու է 10 մասնաճյուղ, որոնցից մեկն արդեն իսկ գործում է Ամասիայում:
ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԱՆԴՈՐՐ
Հունիսի 14-ի լույս 15-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր, հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է հրաձգային եւ դիպուկահար զինատեսակներից: