«Ի՞նչ քաղաքական բարտերի մասին է խոսքը. ընտրական օրենսգրքի որոշակի դրույթների շուրջ համաձայնության ենք եկել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 16-ին Ազգային ժողովում իշխող կոալիցիայի՝ ՀՀԿ, ՀՅԴ-ի եւ ընդդիմադիր ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի միջեւ ստորագրվեց ընտրական օրենսգրքում կատարվելիք փոփոխությունների շուրջ փոխհամաձայնության փաստաթուղթ, որին, սակայն, չմիացան «Ժառանգություն» կուսակցությունը եւ քաղհասարակությունը:

Նկատենք, որ ընտրական օրենսգրքում սպասվող փոփոխություններով նախատեսվում է հիմնովին փոխել քվեարկության գործընթացը. մասնավորապես՝ ընտրողները կկարողանան քվեարկել միայն նույնականացման քարտերով, ինչպես նաեւ քվեարկության ողջ ընթացքը տեղամասում կտեսագրվի եւ առցանց կհեռարձակվի:

Սակայն տեսակետ կա, որ ստորագրվածը ոչ թե ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուսին է վերաբերում, այլ այդ ուժերի քաղաքական ապագային, այլ կերպ ասած՝ դա քաղաքական բարտերի փաստաթուղթ է:
Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ:

-Պարո՛ն Ավետիսյան, արդյոք ԸՕ-ի շուրջ ստորագրված փոխհամաձայնության փաստաթուղթը փոխհամաձայնություն չէր՝ առաջիկա Աժ ընտրությունների արդյունքում մանդատների բաշխման գործընթացի շուրջ, այլ կերպ ասած՝ քաղաքական բարտեր:

-Չեմ կիսում այս տեսակետը: Ինչ քաղաքական բարտերի մասին է խոսքը: Կոնկրետ ընտրական օրենսգրքի որոշակի դրույթների շուրջ համաձայնության ենք եկել: Ինձ համար անհասկանալի է քաղաքական բարտերի տերմինալոգիան:

Ընդամենը բանակցային գործընթացը, որը նախօրոք էլ հայտարարվել էր, որ կարող է վերսկսվել, կայացավ, եւ կողմերը որոշակի փոխզիջումների գնացին, դա է տեղի ունեցել, որի արդյունքում կունենանք հնարավորություն, այսպես ասած, էլ ավելի ապահովել թափանցիկությունը գործընթացի հանդեպ: Կարծում եմ, որ ուրիշ վատ բան այդտեղ չկա:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս