ՀՀԿ-Ն ՈՐՈՇԵԼ Է ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորի քաղաքապետի ընտրություններին մոտ 3 ամիս կա, սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ երեկ գիշեր որոշում է կայացվել, թե ով պետք է գլխավորի Վանաձորի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ի ցուցակը: Խոսքը ՀՀ արդարադատության նախարարության Լոռու մարզի «Վանաձոր» նոտարական տարածքի նոտար Մամիկոն Ասլանյանի մասին է:
Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Մամիկոն Ասլանյանի հետ:

-Պարո՛ն Ասլանյան, երեկ երեկոյան Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վերջնական որոշում է կայացրել, որ Վանաձորի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ի ընտրացուցակը պետք է Դուք գլխավորեք:
-Տեղյակ չեմ, ես այս պահին որեւէ պաշտոնական բան չունեմ, եթե ես ապրիորի հայտարարություն անեմ, չեմ կարծում, որ դա ճիշտ է, մանավանդ կուսակցության անունից:
-Ձեզ համարում են Ազգային Ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանի «մարդը»:
-Ես ժողովրդի մարդն եմ: Կարեն Կարապետյանը շատ կարգին անձնավորություն է, իրենց ընտանիքը մեծ ծրագրեր է իրականացնում, շատ պատվարժան մարդիկ են, ես չեմ խորշի իրենց աջակցությունը վայելելուց: Բնականաբար ինքը Հանրապետական կուսակցության գործադիրի անդամ է եւ բնականաբար, եթե ես գլխավորեմ ցուցակը, բնական չի, որ ինքը պետք է աջակցի: Շատ հարգում եմ իրենց ընտանիքին:
-Ինչո՞ւ եք ուզում դառնալ քաղաքապետ: Օրինակ՝ նոտարի պաշտոնը փող, եկամուտ բերող ու ավելի անփորձանք պաշտոն է, մինչդեռ քաղաքապետի պաշտոնում փող աշխատելը ռիսկային է եւ փորձանքներով լի:
-(Ծիծաղում է-Ք.Մ ) Եկեք այդ հարցին չպատասխանեմ:
-Դուք ՀՀ արդարադատության նախարարության Լոռու մարզի «Վանաձոր» նոտարական տարածքի նոտարն եք ու այս պաշտոնին նշանակվել եք դեռեւս 2007 թվականից: Ըստ էության, շատ լավ գիտեք, թե Վանաձորում ինչքան օլիգարխ կա, ով ինչքան գումար ունի, ինչ գույք է գնել: Ո՞նց եք պատրաստվում նախկին պաշտոնի գիտելիքը եւ տեղեկացվածությունը քաղաքապետ ընտրվելու մեջ օգտագործել:
-Վանաձորում օլիգարխներ չկան: Հիմա ինձ մոտ մի մարդ կա, հաճախորդներից մեկը ձեռքով ցույց է տալիս իրեն եւ ասում է, թե ինքն է օլիգարխը (ծիծաղում է-Ք.Մ): Ցանկացած հնարավորություն, որը կլինի իմ ուղեծրում, իմ շփման, իմ ընկերական շրջանակում, ես իմ մեջ պարտավորություն կվերցնեմ եւ ի շահ Վանաձոր քաղաքի կօգտագործեմ:
-Հիմա բավականին արդիական է՝ բանակում պարտադիր ժամկետային ծառայություն չանցած անձանց պաշտոնի են նշանակում: Ձեր կենսագրության մեջ եւս նշված չէ, որ ծառայել եք բանակում:
-Ծառայել եմ, մարտական հերթապահություն էլ եմ իրականացրել սահմանամերձ շրջաններում, պաշտպանության նախարարի պատվոգիր էլ ունեմ: 1996 թվականից 1998 թվականներին առաջին սպայական խմբի մեջ եմ եղել, Վազգեն Սարգսյանն է իմ սպայական կոչումը շնորհել ու մասնակցել եմ նաեւ սահմանների պաշտպանությանը:
-Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ իշխանությունները Վանաձոր քաղաքում պարտվեցին: Ըստ Ձեզ՝ Վանաձորի գործող քաղաքապետի գործունեությո՞ւնն էր պատճառը, որ պարտվեցին, թե իշխանությունների նկատմամբ բացասական վերաբերմունքով էր այս ամենը պայմանավորված:
-Չեմ կարծում, թե անձնավորված է, որ ինչ-որ մեկով էր պայմանավորված, պարտություններ ու հաղթանակներ այդ դեպքում չեն լինում, դա վերաբերմունքի տեսակ էր իրավական փաստաթղթի, որը, ասենք, միգուցե սխալ ներկայացվեց, ճիշտ չմատուցվեց, ընտրարշավը ճիշտ չտարվեց, թե չէ այնպես չի, որ իշխանությունը դրանով կա՛մ պարտվեց, կա՛մ ընդդիմությունը հաղթեց: Դա ավելի շատ, կարծում եմ, որ իրավական փաստաթուղթն այո կամ ոչ ասելու հարց էր, եւ կրկնում եմ՝ չեմ կարծում, որ դա խորը անձնավորված խնդիր էր:
-Հաշվի առնելով նախկին համապետական ընտրությունների արդյունքները եւ այն փաստը, որ այս ՏԻՄ ընտրությունները լինելու են քաղաքական, պատրա՞ստ եք հնարավոր պարտության:
-Իհարկե, ամեն ինչին էլ պատրաստ եմ, կյանքը այնքան անակնկալներ ունի, իհարկե, ձգտում եմ, եթե մասնակցեմ ընտրություններին, բնականաբար, պիտի հաղթենք, բնականաբար, մարդը ամեն ինչին էլ պատրաստ է, եւ դա բնական է:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ՏԱՔՍՈՒ ՎԱՐՈՐԴ ԹԵ ՓԱՍՏԱԲԱՆ
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ դատաիրավական ոլորտի մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ փաստաբանական դպրոցի ավարտական քննություններից «կտրվել են»: Պարզվում է՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Լեւոն Ավետիսյանը, որի լիազորությունները այս տարվա մարտին էին դադարեցվել, որոշել է դառնալ փաստաբան: Սակայն, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, չի կարողացել որակավորման քննությունները հանձնել եւ կտրվել է քննությունից եւ որոշել է՝ հերթական անգամ կրկին պետք է փորձի:
«Ժողովուրդ»-ը նախկին դատավորից փորձեց պարզել, թե ինչ հարցեր են եղել, որ չի կարողացել պատասխանել եւ կտրվել է քննությունից: Ի պատասխան՝ Լեւոն Ավետիսյանն ասաց. «Չեն կտրել, տենց բան չկա, համակարգչի խնդիր կար, ես համակարգչին լավ չեմ տիրապետում, ժամանակի առումով չհասցրեցի, թե չէ գիտելիքի խնդիր չկար»:
-Ինչո՞վ է գայթակղում փաստաբանի պաշտոնը, որ որոշեցիք նորից դպրոց ընդունվել:
-Եթե մասնագիտությունը իրավաբան է, ապա ուրիշ ինչ պետք է գնա, անի… կարող է գնա, տաքսու վարորդ աշխատի՞:
-Սովորաբար փաստաբանները դատավորների հետ անհամաձայնություն ունեն, ո՞նց եք պատկերացնում՝ Ձեր նախկին գործընկերների դեմ որեւէ բան խոսեք կամ հակառակը փորձեք ապացուցել:
-Շատ լավ եմ պատկերացնում, ոնց ես դատավոր ժամանակ եմ փաստաբաններին վերաբերվել եւ որեւէ մեկին չեմ վիրավորել եւ որեւէ մեկի իրավունքներն ու արժանապատվությունը չեմ սահմանափակել: Եթե որեւէ մեկը փորձի իմը սահմանափակել, ես օրենքով նախատեսված կարգով կպաշտպանեմ: Կարծում եմ՝ այդ խնդիրը չեմ ունենա, քանի որ որեւէ մեկին ժամանակին անտեղի չեմ վիրավորել:
-Հիմա պարապո՞ւմ եք:
-Հիմա խնդրել եմ քննությունները հետաձգել, քանի որ երկար ժամանակով գնում եմ բուժման, եւ հայտնի չէ, թե երբ կգամ: Առողջական խնդիրներս լուծեմ, էլի դիմելու եմ: Այս ընթացքում բավականին պարապել եմ, որ արագության հարցում կարողանամ հասցնել: Անկեղծ ասում եմ, որ համակարգիչը դանդաղ էի հավաքում, խնդիրը ընդամենը դա է:
-Դատավորրը միշտ դատական նիստերին բոլորին բարձունքից է նայում, իսկ հիմա ո՞նց եք պատկերացնում, որ Ձեզ բարձունքից նայեն:
-Ես բոլորի հետ էլ նորմալ եմ եղել, փաստաբանն էլ կոլեգա մարդ է, հիմա որ քո բախտը բերել է, դու դատավոր ես աշխատում, դա չի նշանակում, որ դու փաստաբանին պետք է արհամարհես, խելոք փաստաբանները իրենց տեղը լավ գիտեն եւ միշտ էլ իրենց իրավունքները պաշտպանում են:
-Եթե այս որակավորման քննությունը հաղթահարեք եւ փաստաբան դառնաք, ըստ Ձեզ՝ քաղաքացիները նախկին դատավորին կվստահեն, կդիմեն, որ իրենց շահերը պաշտպանի:
-Ինձ թվում է՝ դրա խնդիրը չեմ ունենա, 40 տարի աշխատել եմ համակարգում, բոլորը ինձ ճանաչում են, քաղաքացիները բոլոր դատավորներից դժգոհ չեն, կան դժգոհ քաղաքացիներ, կան գոհ քաղաքացիներ, որեւէ քաղաքացի իմ աշխատած ժամանակ չի դժգոհել ու չի ասել, որ ես անարդար եմ կամ նման այլ բան, վերաքննիչ բողոք էլ են գրել, ինչը իրենց իրավունքն է:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է պահպանել Հայաստանի հետ ռազմավարական համագործակցությունը: ՌԴ պաշտպանության նախարարը հիշեցրել է, որ երկկողմ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը կանոնակարգում եւ պահպանում են 50 պայմանագրեր եւ համաձայնագրեր: «Մեր համագործակցության տեմպն ու ինտենսիվությունը բավարարում է մեզ: Մենք համագործակցում ենք բոլոր ուղղություններով»,- ասել է Շոյգուն:

 

 

ԿՈՆԿՐԵՏ ՔԱՅԼԵՐ
Արցախն ակնկալում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրման կոնկրետ գործողություններ: Այս մասին «Արմենպրես»-ին ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ առաջիկայում սպասվող հանդիպմանը:
«Սպասվող հանդիպումը շատ կարեւոր է այն առումով, որ Վիեննայից հետո մի նոր ուղղություն է բացվել ղարաբաղա-ադրբեջանական խնդրի կարգավորման գործընթացում: Դա համապատասխան մեխանիզմների մշակումն ու սահմանային հատվածում կիրառումն է: Այն թույլ կտա ֆիքսել զինադադարի ռեժիմի խախտումները: Վիեննայի հանդիպման ընթացքում ընդհանուր համաձայնության են եկել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները, այդ գործընթացը, փաստորեն, մեկնարկել է: Հիմա մնացած բոլոր հանդիպումներում արդեն պետք է ընդհանուրից դեպի մասնավոր ընթացք ապահովել»,- ասել է Բաբայանը:

 

 

ՀԱՆՔ` «ԿՈՒԿՈՒՌՈՒԶՆԻԿԻ» ՏԵՂՈՒՄ
Երիտասարդական պալատի տեղում՝ քաղաքի կենտրոնում, կառուցվում է ավազի հանք: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Երիտասարդական պալատի ճարտարապետներից մեկը` Հրաչ Պողոսյանը: Նրա խոսքով` մրցույթում շահել էր ճապոնացի ճարտարապետի նախագիծը, որը, սակայն, այսպես ասած, կորել էր` կառուցապատողի սնանկացման պատճառով:
«Նա մարտունեցի մարդ էր, Ռուսաստանում ճանապարհաշինարարությամբ էր զբաղվում: Հետո սնանկացավ: Հիմա ո՛չ ինքը կա, ո՛չ նախագիծը, ո՛չ գումար, ո՛չ էլ հույս կա, որ մի օր կհարստանա, կսկսի դրանով զբաղվել: Ճարտարապետն էլ, քանի որ չստացավ իր նախագծի իրականացման գումարը, գնաց»,- ասել է Հ. Պողոսյանը:
Հիշեցնենք, որ Երիտասարդական պալատը` մեր քաղաքի ոչնչացված խորհրդանիշներից մեկը, նախագծել են ճարտարապետներ Հրաչ Պողոսյանը, Արթուր Թարխանյանը եւ Սպարտակ Խաչիկյանը: Շենքը քանդվել է 2006 թ-ին:

 

 

ՉՆՉԻՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ
Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար կնվազի 2.58 դրամով՝ 48.78 դրամից կազմելով 46.2 դրամ: Այս մասին երեկ ՀԾԿՀ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը: Սակայն մինչ այդ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում աշխատանքային քննարկում է նախատեսված սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների հետ: Դրանց արդյունքները նկատի առնելով՝ հարցը կներկայացվի հանձնաժողովի նիստին, որը տեղի կունենա հունիսի 24-ին:




Լրահոս