ԱՐՏԱՔԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼՐԱՑՆԵԼ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԴԵՖԻՑԻՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի նոր ընտրական օրենսգիրքը հնարավորինս լայն աջակցություն ունենա: Բայց դա հեշտ գործ չէ, ու ներկայումս այդ ուղղությամբ դրական հույսեր չկան: Հասարակությունը բավական անտարբեր է, իսկ ընդդիմությունն էլ չկարողացավ անցկացնել ամենաառանցքային հարցերը, որոնք կապված էին ընտրացուցակների հրապարակման, մեծամասնական ընտրական բանաձեւի մոտիվներով համամասնական համակարգի ներդրման եւ այլ վիճահարույց դրույթների հետ:

Բացի այս ընթացակարգային կամ տեխնիկական երեւույթը՝ գոյություն ունի մեկ այլ հանգամանք, որն ավելի կարեւոր է ընտրական համակարգի շուրջ կոնսենսուսի համար: Դա վստահությունն է, որն արդեն վաղուց չկա, քաղաքացին չի հավատում, որ այդ համակարգի միջոցով ինքը հնարավորություն ունի ձեւավորելու իր ուզած իշխանությունը: Ավելին՝ երբեմն դա հանրային ընկալումներում պատկերվում է իբրեւ փող բաժանելու գործընթաց, այսինքն՝ պարզ քաղաքական առեւտուր, ընդ որում, կանխիկ գումարով: Բնական է, որ քաղաքական ընտրությունների համակարգի նկատմամբ տեխնիկական ու գաղափարական ընկալման նման հարաբերակցության պայմաններում, կոնսենսուսը պատրանք է: Լավագույն դեպքում կարելի է դրա նկատմամբ էքսպերտային գնահատական ունենալ, որով էլ փորձել լրացնել առկա հանրային անվստահությունը:
Քանի որ իշխանությունը չի կարողանում ներքին լսարանի մոտ վստահություն ապահովել, ապա մնում է միջազգային հանրությունն իր փորձագիտական եզրակացություններով: ԸՕ հեղինակներին պետք է ինչ-որ այլընտրանքային լեգիտիմություն ապահովել, եւ դա հենց եվրոպացիների դրական կարծիքն է: Միջազգային կառույցների դրական գնահատականով էլ իշխանությունը կունենա այն լծակը, որով կկարողանա հակափաստարկել ընդդիմության ու հասարակության քննադատությունները եւ հանրային որոշակի շերտի աջակցությունը կորզելու հույսեր ունենալ: Սա բնական գործընթաց է, քանզի յուրաքանչյուր իշխանություն համակարգի կենսագործունեության ապահովման համար կարիք ունի իր ծրագրերի կամ գործողությունների նկատմամբ հանրային որոշակի կողմնորոշում ապահովել: Ահա թե ինչու ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը վստահություն է հայտնել, «որ առաջիկայում խնդրահարույց հարցերի շուրջ կունենանք կոնսենսուս: Այստեղ խնդիրը միայն իշխանությունն ու ընդդիմությունը չեն, այլ նաեւ քաղաքացիական հասարակությունը, միջազգային հանրությունը…»:
Միեւնույն ժամանակ, սակայն, նշենք, որ որքան էլ միջազգային հանրության կարծիքը, փորձագիտական եզրակացությունը կարեւոր են, որքան էլ դրանք կարող են դրական ազդեցություն ունենալ օրենսգրքով սահմանված կարգավորումների ու դրանց ինստիտուցիոնալ բազայի ապահովման համար, որքան էլ ինչ-ինչ կողմնորոշումների կամ լեգիտիմացման հարցեր լուծեն, միեւնույն է, այդ ամենն ավելին չէ, քան քննադատությունների ու անվստահության հակակշիռների ստեղծումը: Այդ դեպքում դրանց վրա հենվելն արդեն իսկ վտանգավոր է, որովհետեւ վնասվում է մեր քաղաքական համակարգի իրավական, գաղափարական եւ մշակութային ենթահամակարգերի նորմալ կենսագործունեությունը, այլասերվում ամբողջ համակարգը: Մեր խնդիրը ոչ թե լեգիտիմության այլընտրանքային աղբյուր գտնելն է, այլ հանրային վստահություն վաստակելը, այլապես ստեղծված վակուումը մշտապես լցվելու է կոռուպցիոն, մոնոպոլիստական ու քրեական բարքերով:
Ի վերջո, որեւէ արտաքին գնահատական չի կարող փոխլրացնել ներքին համոզմունքներին, վստահության դեֆիցիտին: Նման պայմաններում էլ ավելի է կտրվում իշխանություն-հասարակություն կապը, պետությունն անհաղորդ է մնում քաղաքացիների պահանջմունքներին, ինչն էլ թույլ չի տալիս գրագետ ու հանրային պահանջմունքներից բխող որոշումներ կայացնել: Որքան էլ Հովհաննես Սահակյանն ու իր թիմակիցները փորձեն համաշխարհային կոնսենսուս ապահովել ընտրական օրենսգրքի շուրջ, միեւնույն է, այն չի կայանալու, եթե դրա նկատմամբ չկա հավատ ու վստահություն այն մարդկանց մոտ, ովքեր անմիջականորեն են կրելու տվյալ օրենսգրքի սահմանած խաղի կանոնների բեռը:

ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ

 

 

 
ԱՊԱՌԻԿՈՎ ԵՐԻՆՋՆԵՐ ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Ինչպես հայտնի է՝ ՀՀ-ում տավարաբուծության զարգացման ծրագիրն իրականացվում է 2007 թվականից Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրված դրամաշնորհային միջոցների հաշվին: Այն ներառված չէ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերում: «Ժողովուրդ»-ը գյուղատնտեսության նախարարությունից տեղեկացավ, որ յուրաքանչյուր տարի տոհմային երինջների ներկրումն իրականացվում է ծրագրում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների կողմից ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական հատուկ հաշվին կուտակված գումարների հաշվին: Այսինքն` այս նպատակով պետական բյուջեից նոր ֆինանսական միջոցներ չեն հատկացվում:

Ըստ ԳՆ-ի՝ 2016 թվականին նախատեսված է ներկրել 453 գլուխ տոհմային երինջ, որի հիմնական մասն արդեն ներկրված է: Նախատեսված գումարի չափը կազմում է 550 մլն 802 հազար 700 դրամ:
Այսպես՝ ՀՀ-ում տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում 2016 թվականին նախատեսվել է եվրոպական երկրներից հանրապետություն ներկրել տոհմային երինջների երկրորդ խմբաքանակը՝ թվով 453 գլուխ: Սակայն տոհմային երինջների ներկրման գործընթացն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ «Նիկսոֆտ» ՓԲԸ-ի հետ 2015 թվականի հոկտեմբերի 14-ին կնքված գնման պայմանագրում կատարել փոփոխություններ:
Երինջների ընտրությունը նախատեսվում էր իրականացնել երկու մասնագետների միջոցով: Այս տարվա մարտին նշված մասնագետները մեկնել են Ավստրիա երինջների ընտրությունը կատարելու նպատակով, ապա՝ ապրիլի 9-14 ին Լիտվա, մնացած՝ թվով 198 գլուխ երինջների խմբաքանակի ընտրությունը կատարելու համար: Մասնագետների կողմից ընտրությունը կատարվել է: Սակայն ի հայտ են եկել օրենսդրական խոչընդոտներ, մասնավորապես՝ Լիտվայի գործող օրենսդրությամբ արտահանվող երինջների համար նախատեսվում է կարանտին՝ առնվազն 21 օր տեւողությամբ, ինչից հետո հնարավոր կլինի իրականացնել ՀՀ տեղափոխման գործընթացը: Եւ քանի որ երինջների տեղափոխումն իրականացվելու է մի քանի խմբաքանակներով, ուստի անհրաժեշտություն է առաջացել պայմանագրի վերջնաժամկետը սահմանել մինչեւ այս տարվա հուլիսի 1-ը: Ինչն էլ երկարաձգելու նպատակով ԳՆ-ն դիմել է կառավարություն: Ըստ այդմ, ԳՆ-ն կառավարությունից պահանջում է թույլատրել գյուղատնտեսության նախարարությանը բաց ընթացակարգի արդյունքում «Նիկսոֆտ» ՓԲԸ-ի հետ նախորդ տարվա հոկտեմբերի 14-ին կնքված պայմանագրում կատարել փոփոխություն եւ նախատեսված ապրանքների մատակարարման վերջնաժամկետը սահմանել մինչեւ հուլիսի 1-ը:
Ի դեպ, ներկրված կենդանիները հատկացվում են տարաժամկետ վճարման պայմանով` 4 տարի մարման ժամկետով: Ընդ որում, առաջին տարում տնտեսվարողը վճարում է կենդանու արժեքի 10, 2-րդ տարում` 20, 3-րդ տարում` 30, 4-րդ տարում` 40 տոկոսը` ամբողջությամբ մարելով գումարը:

Ս. Հ.

 

 

 
ԴԵՄ ԵՆ ԽՈՇՈՐԱՑՄԱՆԸ
Հունիսի 14-ին Աժ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հանձնաժողովը կառավարության նիստերի մեծ դահլիճում համայնքների խոշորացման ծրագրի շուրջ արտագնա նիստ է անցկացրել: Ներկա են եղել պատգամավորներ, տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախար Վաչե Տերտերյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, խոշորացվող համայնքների ղեկավարներ: Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բարեկամավան, Կոթի, Ոսկեպար, Բերդավան համայնքների ղեկավարներ Գարիկ Աբազյանը, Ֆելիքս Մելիքյանը, Երվանգ Եգանյանը, Արարատ Գաբրիելյանը իրենց ելույթներում մտահոգություն են հայտնել սպասվող խոշորացման վերաբերյալ: Ոսկեպար համայնքի ղեկավար Երվանգ Եգանյանն ասել է, որ Ոսկեպարի գյուղապետարանն անվճար խմելու ջուր է մատակարարում բնակիչներին, խոշորացվելուց, Նոյեմբերյան համայնքի կազմում ընգրկվելուց հետո գյուղի խմելու ջրի ցանցը, ինչպես Նոյեմբերյան քաղաքում, կտրվի «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին, ինչի արդյունքում ջրի վարձ կսահմանվի:
Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանն էլ նշել է, որ 3600 բնակիչ ունեցող Բերդավանը ֆինանսապես կայացած համայնք է, որը այժմ կարողանում է լուծել իր խնդիրները, իսկ խոշորացվելու նպատակահարմությունը անորոշ է: Բերդավանի գյուղապետը «Ժողովրդին» ասաց, որ Բերդավանը Կողբ համայնքի հետ միավորելու դեպքում համայնքի կենտրոնը լինելու է Կողբը: Նա մտահոգվեց՝ բերդավանցիները ինչպե՞ս են մասնակցելու խոշորացված համայնքի կառավարմանը. Կողբը Բերդավանից 1000 բնակիչ ավել ունի, Կողբից ընտրված համայնքի ղեկավարը եւ ավագանու անդամները բավականաչափ սրտացավ կգտնվե՞ն Բերդավանի հիմնահարցերը լուծելու համար: Նա ասաց, որ Բերդավանի համայնքապետարանը մշտապես կատարում է տեղական բյուջեով նախատեսված գումարների հավաքագրումները, համայնքի ֆոնդային բյուջեում ունենում է մնացորդ գումար, որի հաշվին ամեն տարի գյուղում ինչ-որ խնդիր է լուծում, իսկ Կողբի համայնքապետարանը դժվարությամբ է հավաքագրում տեղական բյուջեով նախատեսված եկամուտները: Բերդավանի բյուջեից մեծ գումարներ են հատկացվում գյուղի մանկապարտեզում բնական գազով ջեռուցման, նախադպրոցական հաստատությունում մանուկների համար լավ պայմաններ ապահովելու համար: Ա. Գաբիրելյանը մտավախություն ունի, որ Կողբ համայնքի կազմում ընդգրկվելու դեպքում Բերդավանի մանկապարտեզին ֆինանսական նման հատկացումներ չեն արվի: Ա. Գաբրիելյանը նշեց, որ գործընթացի վերաբերյալ բնակչությունն իրազեկված չէ: Նա ասաց, որ իրենց համար անհասկանալի է, թե ինչու է Բերդավան համայնքն ընդգրկվում ոչ թե Նոյեմբերյան քաղաքի, այլ Կողբ համայնքի կազմում: Գյուղապետի տեղեկացմամբ՝ բերդավանցիները խոշորացման գործընթացի դեմ բողոքելով՝ նամակով դիմել են ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս