ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԱՐՏԱՌՈՑ ՄԻՋԱԴԵՊ Է ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հռոմի Պապի այցից առաջ Հայաստանի սուրբ քաղաքում՝ Էջմիածնում, ուշագրավ միջադեպ է արձանագրվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Էջմիածնի քաղաքապետարանի մարզադպրոցի տնօրենի տեղակալ Արամ Բեյբությանը գինովցած, դանակի սպառնալիքով պատանդ է վերցրել Էջմիածին-Երեւան երթուղու միկրոավտոբուսի վարորդին եւ ուղեւորներին, հայհոյանքներով եւ սպառնալիքներով պարտադրել այն վարել իր մատնանշած վայրը: Իսկ երբ «Գազել»-ը հասել է Բեյբությանի տան մոտ, նա ուղեւորներին հրահանգել է իջնել ավտոմեքենայից, իսկ ինքն իր մոտ եղած դանակով կոտրել է «Գազել»-ի ապակիները, հայելիները, պատռել անիվներն ու նստարանները: Այս պատմության մեջ ամենատարօրինակն այն է, որ դանակով ուղեւորին սպանել սպառնացող փոխտնօրենին ՀՀ քննչական կոմիտեի քննիչները ստորագրությամբ ազատ են արձակել, ավելին՝ անգամ քրեական գործ չեն հարուցել: Իհարկե, այս երեւույթն այդքան տարօրինակ չէր լինի, եթե Հայաստանի իրավապահները բոլորի հանդեպ այդքան «մարդասեր» եւ ներողամիտ գտնվեին: Հիշեցնենք, որ, օրինակ, Ազատության հրապարակում տոնածառ տեղադրելու համար Գեւորգ Սաֆարյանն արդեն հինգ ամսից ավել կալանքի տակ է, ոստիկաններին խաղալիք ատրճանակով սպառնալու համար Հայկ Կյուրեղյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման եւ այսպես շարունակ: Եւ երբ մարդիկ ասում են, որ Հայաստանում արդարադատություն չկա, իշխանություններին թվում է, թե ասում են՝ իրավապահ կամ դատավոր չկա: Օրենքները խտրական կիրառելն է հենց արդարադատության բացակայության մասին վկայում: Իսկ ինչո՞ւ է փոխտնօրենը նման բան արել:

 
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն այդպես էլ չի կողմնորոշվում՝ ի վերջո, նոր կուսակցություն հիմնի եւ մասնակցի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, թե հրաժարվի այդ գաղափարից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երբ վերջերս նա կրկին փորձել է Սերժ Սարգսյանից «դաբրո» ստանալ, վերջինս նրան միանշանակ ասել է, որ գործարար-քաղաքականություն տարբերակն իր սրտով չէ, եւ դրա վառ ապացույցը Գագիկ Ծառուկյանի հետ տեղի ունեցած հայտնի պատմությունն է: Ու եթե Աբրահամյանը որոշի, այնուամենայնիվ, կուսակցություն հիմնել՝ միեւնույն ժամանակ գիտակցելով, որ ինքը չի կարող ո՛չ պատգամավորի եւ ո՛չ էլ նախարարի պաշտոնի հավակնել, ՌԴ քաղաքացի է, ապա հավանականությունը մեծ է, որ երբ անգամ գումար ներդնելով կարողանա իր կուսակիցներին խորհրդարան գործուղել, ապա ինչ-որ պահից նրանք իրեն չեն «լքի» ու իշխանությունների հետ ինքնուրույն գործարքի մեջ չեն մտնի:

 
Ռոբերտ Քոչարյանը չի շտապում հրապարակային աջակցել իր իշխանության օրոք արտգործնախարար աշխատած Վարդան Օսկանյանի կողմից հիմնադրվելիք «Համախմբում» կուսակցությանը: Այսօր նախատեսված է այդ կուսակցության հիմնադիր համագումարը, որին Քոչարյանը չի մասնակցի, քանի որ արտերկրում է՝ Աթենքում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երբ Վարդան Օսկանյանը եւ մյուսները դիմել են Քոչարյանին՝ իրենց առաջնորդելու համար, նա փաստացի հրաժարվել է: Ըստ նույն լուրերի՝ նա իր շուրջ համախմբվել ցանկացողներին ասել է, որ ամեն ինչով կաջակցի նրանց, ինչ-որ պահի հնարավոր է նաեւ հրապարակային սատարի, սակայն, այս պահին համաձայն չէ առաջնորդել: «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Մարգարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել իրենց եւ Ռոբերտ Քոչարյանի համագործակցության հնարավոր տարբերակները: «Մենք այդ թեմայով ավելի քան մանրամասն խոսել ենք եւ ասել ենք տեսակետը, ես նախորդ ասածներին ավելացնելու բան չունեմ»,- պատասխանեց Մարգարյանը:

 
Այս տարվա առաջին հինգ ամիսների արդյունքներով, ինքնաթիռով Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել 34 հազար 692 ուղեւոր: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած պաշտոնական վիճակագրությունից, որոնցում ներկայացված են Հայաստանի երկու օդանավակայաններից՝ «Զվարթնոցից» եւ «Շիրակից» ուղեւորների մեկնման եւ ժամանման տվյալները: Հարկ է նկատել, որ ինքնաթիռով մեկնած եւ չվերադարձածների թիվը չի կարելի ասել, որ ամբողջությամբ արտացոլում է արտագաղթի պատկերը: Իհարկե, չվերադարձածների մի մասը հենց արտագաղթածներն են, սակայն մյուս կողմից էլ հայտնի է, որ դեպի Ռուսաստան արտագաղթողները հիմնականում նախընտրում են ավտոբուսով մեկնել, քանի որ այդպես տոմսի արժեքն էժան է, եւ անվճար ուղեբեռ տեղափոխելու հնարավորությունն էլ ավելի մեծ է: Հարկ է նշել, որ ավտոմոբիլային տրանսպորտով մեկնում-ժամանումների տվյալները հրապարակում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը՝ եռամսյակային կտրվածքով:

 

 
ԱՆԿՈՆՍԵՆՍՈՒՍ
Ընտրական օրենսգրքի վերաբերյալ իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության միջեւ 4+4+4 ձեւաչափով բանակցությունները երեկ հանգուցալուծվեցին երեք կողմերի կոնսեսուսը կարեւորող ձեւաչափի կազմաքանդմամբ: Երեկ ուշ երեկոյան կայացած քննարկմանն այդպես էլ չներկայացան քաղհասարակության ներկայացուցիչները՝ հրաժարվելով ստորագրել համատեղ հայտարարությունը: Դա, սակայն, չխանգարեց, որ «նոր ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպման տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փոխհամաձայնության մասին» անվանումը կրող փաստաթուղթը անսքող ուրախությաբ ստորագրեն ազգային ժողովի ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես», «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» խմբակցությունները՝ մի կողմից, եւ իշխող Հանրապետական եւ ՀՅԴ խմբակցությունները՝ մյուս կողմից: Ավելին՝ փաստաթղթի ստորագրումից առաջ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը բավականին թափանցիկ ակնարկ պարունակող մի կատակ արեց: Խոսքն ուղղելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին՝ ասաց. «Ստորագրեք, սա Ձեր՝ իշխանության գալու փաստաթուղթն է»:
Ի սկզբանե ընդդիմության եւ քաղհասարակության կողմից առաջադրված 5 պահանջներից իշխանությունները, փաստորեն, լիարժեքորեն բավարարեցին միայն երկուսը, իսկ ամենակարեւոր, սկզբունքային պահանջը՝ համամասնական, այսպես կոչված, ռեյտինգային, ընտրակարգի փոփոխության շուրջ այդպես էլ չբավարվեց, անգամ այդ ուղղությամբ ձեւական, կոսմետիկ փոփոխություններ չառաջարկվեցին իշխանության կողմից, այնպես, ինչպես դա արվեց մնացած պահանջներից, օրինակ, ընտրացուցակների հրապարակման պահանջի դեպքում: Եվ չնայած սրան՝ ընդդիմությունը մեծ ուրախությամբ արձանագրեց, որ կոնսենսուսը կայացավ, եւ սեղմեց իշխանական կողմի ձեռքը, իսկ նոր ԸՕ ողջ գործընթացի թիվ մեկ համակարգող Դավիթ Հարությունյանն էլ շտապեց հայտարարել, որ այս կոնսենսուսի փաստը իրենք կներկայացնեն միջազգային կառույցներին:
Այսպիսով՝ իրականացավ այն, ինչի մասին դեռեւս ամիսներ առաջ բարձրաձայնում էին Լեւոն Զուրաբյանի առաջարկած 4+4+4 ձեւաչափի գործընթացը մերժող ընդդիմադիր ուժերը՝ ասելով, որ այդպիսով ՀԱԿ-ը, ըստ էության, իր ծառայություններն է առաջարկում իշխանությանը՝ միջազգային կառույցների առջեւ լեգիտիմացնելու ԸՕ խայտառակ նախագծի մշակման գործընթացը:
Ինչ վերաբերում է քաղհասարակության ներկայացուցիչների որոշմանը, ապա դրա մոտիվացիան, թերեւս, հասկանալի է: Եթե ՀԱԿ-ը կամ ԸՕ շուրջ կոնսենսուսն արձանագրած մնացած ընդդիմադիր ուժերը՝ ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, երեկվա փաստաթուղթը ստորագրելով լուծեցին իրենց ապագայի հետ կապված քաղաքական խնդիրները, ապա քաղհասարակությունն էլ իր երեկվա բացակայությամբ լուծեց իր ազդեցության պահպանման եւ նույն միջազգային կառույցներից հետագա ֆինանսական սնուցման հարցը:




Լրահոս