ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԹԵ ՀԱՄԱՁԱՅՆԵՆ
Երեկ Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ամփոփել է  Հայաստանի նախագահության վեց ամիսները, որից հետո հնչած հարցերի թվում բարձրացվել է նաեւ Ղարաբաղի հարցը: «Հայաստանի  ղեկավարությունը պատրաստ է գնալ հիմնախնդրի լուծման միայն այն ճանապարհով, որը համահունչ է միջազգային հանրության դիրքորոշումներին: Ուստի, եթե ադրբեջանական կողմը համաձայնի միջազգային հանրության չափանիշների համապատասխան լուծման, միայն այդ դեպքում հնարավոր կլինի ակնկալել հակամարտության խաղաղ կարգավորում»,-ՀՀ տեսակետն է ներկայացրել Նալբանդյանը:

ԸՆԴԴԵՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ
Ստրասբուրգում՝ ԵԽ շենքի դիմաց, մի խումբ հայեր երեկ բողոքի ակցիա են անցկացրել` «Մենք դեմ ենք Հայաստանի չընտրված նախագահ Սերժ Սարգսյանի վարած ներքին եւ արտաքին քաղաքականությանը» կարգախոսով: «Պահանջում ենք, որ Սերժ Սարգսյանը եւ նրա գլխավորած պատվիրակությունը հերթական անգամ չստեն ԵԽ պատվիրակության ներկայացուցիչներին, թե իբր իրենք դեմ են արտագաղթին, ստեղծում են պայմաններ Հայաստանում մնալու համար: Մենք դեմ ենք նաեւ նախագահի աթոռը գողացած անձնավորության որոշմանը` Մաքսային միությանը միանալու վերաբերյալ: Մենք դատապարտում ենք Մաքսային, նոր սովետական միություն ստեղծելուն, հերիք է ստրուկ մնանք ռուսներին»,-«Առավոտ»-ին ասել է ակցիայի կազմակերպիչ, 2008թ. մարտի 1-ի դեպքերի մասնակից, քաղբանտարկյալ Գեւորգ Մանուկյանը:

ՏԵՂԸ ԴՐԵՑ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը ԵԽԽՎ նստաշրջանում անդրադարձել է Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցության մասին ՀՀ իշխանությունների հայտարարություններին: Անդրադառնալով ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ ավելի քանի երեք տարի տարվող բանակցությունների ձախողմանը՝ Հովհաննիսյանն ուշադրություն է հրավիրել խնդրի արմատների վրա: Այս համատեքստում նա շեշտել է. «Շատ հաճախ եղել են իրավիճակներ, երբ եվրոպական կառույցները շոշափելի զիջումների են գնացել, կարող եմ անգամ ասել՝ աչք են փակել որոշ արմատական հարցերի վրա, ինչպիսիք են արդար ընտրությունները եւ մարդու իրավունքները: Հավանաբար դա արվում էր հանուն հարթ բանակցային պրոցեսի: Բոլորն արդեն հոգնել են եվրոպացի դիտորդների սիրելի արտահայտությունը լսելուց, թե այս ընտրությունները մեկ քայլ առաջ էին: Հասարակությունը եւ քաղաքական կուսակցությունները շարունակաբար կորցնում էին վստահությունը եվրակառույցների հանդեպ ամեն անգամ, երբ այս արտահայտությունը հնչում էր հերթական խնդրահարույց ընտրական պրոցեսից հետո»:

ԵՎՐՈՊԱՅԻՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼՈՒ
Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա, որտեղ այսօր կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելի հետ: Իսկ հոկտեմբերի 2-ին Ստրասբուրգում նախատեսված են Ս. Սարգսյանի հանդիպումները ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի եւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի հետ: Նույն օրը Ս. Սարգսյանը կմասնակցի ԵԽԽՎ լիագումար նիստին, որտեղ հանդես կգա ելույթով եւ կպատասխանի պատգամավորների հարցերին:




Լրահոս