Ահաբեկումների չերևացող կողմը. ընդդիմությանը նոր օրակարգ են պարտադրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալությամբ ՀՀ իշխանությունները, ի թիվս բազմաթիվ նպատակների, փորձում են իրենց համար շատ կարեւոր մի խնդիր լուծել, որը ոչ միայն չերեւացող է, այլեւ դրա մասին բարձրաձայնելն անգամ ընդդիմադիր դաշտում կարող է միանշանակ չընկալվել ու դրածո ընդդիմադիրների կողմից օգտագործվել այդ մասին բարձրաձայնողներին վարկաբեկելու համար:

1999 թվականի Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո Հայաստանի իշխանությունները հետեւողականորեն ամեն ինչ արել են, որ քաղաքական դաշտն աղճատվի: ՀՀ իշխանությունները շատ լավ գիտակցելով, որ քաղաքական իրավիճակը հնարավոր է փոխել, միայն լուրջ, տարիների, տասնամյակների գործունեության հեռանկարով ընդդիմադիր կուսակցությունների առկայության դեպքում իրենց քայլերով փորձել են Հայաստանում բացառել նման զարգացումները: Հախուռն, դժգոհության ալիքի վրա հեղափոխության հնարավորությունը եւս տեսականորեն հնարավոր է, բայց դրա իրականացման համար անհրաժեշտ է իշխանական որոշակի շրջանակների աջակցությունը: Իշխանական համակարգի տոտալ վերահսկողությամբ իշխանությունները բացառել են, որ իրենց ներսում փոփոխության կողմնակից ինչ-որ շրջանակներ ձեւավորվեն:

Մյուս կողմից էլ հետեւողական քայլերով կուսակցություններին վարկաբեկելով` հանրային ընկալման մեջ ավելի արմատական են դարձրել այն մտայնությունը, որ քաղաքականությունը անբարոյականություն է: Այս ամենի հետ ընդդիմադիրներին անընդհատ հետապնդելով՝ ՀՀ իշխանությունները հանրության լայն զանգվածներին պարտադրել են ընդդիմադիր կուսակցությունների հետ գործ ունենալուց ձեռնպահ մնալ:

Ընդդիմադիր գործիչների ձերբակալությունը թեժացնում է քաղաքական կյանքը եւ մարդկանց ուշադրությունը սեւեռում է ներքաղաքական խնդիրների վրա: Շատերին կարող է թվալ, թե այդ ամենը նպաստում է իշխանափոխությանը, բայց իրականում հակառակն է տեղի ունենում. հետապնդումները մարդկանց ստիպում են քաղաքականությունից հեռու մնալ: 2003 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում ընդդիմադիր երկու թեկնածունների` Ստեփան Դեմիրճյանի եւ Արտաշես Գեղամյանի օգտին ընդհանուր քվեարկել էր շուրջ 650 հազար ընտրող:

Դրանից ընդամենը երկու ամիս անց՝ մայիսի 25-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններում Ստեփան Դեմիրճյանի գլխավորած «Արդարություն» դաշինքը կարողացավ իր օգտին պահել միայն 160 հազար քվե: Սա այն դեպքում, երբ այդ ընթացքում Գեղամյանի համագործակցությունն իշխանությունների հետ կայացել էր, եւ ենթադրվում էր, որ Դեմիրճյանի եւ Գեղամյանի ձայների մեծ մասը պետք է «անցնեին» հենց «Արդարություն» դաշինքին:

Բայց նման բան տեղի չունեցավ, քանի որ նախագահական ընտրությունների ողջ ընթացքում եւ դրանից հետո իշխանությունների կողմից ընդդիմության վստահված անձանց եւ ակտիվիստների նկատմամբ կիրառված ռեպրեսիաները վախի մթնոլորտ ձեւավորեցին՝ այդպիսով ազդելով մարդկանց քվեարկության վրա: 2003-ից 2007 թվականներին իշխանությունները մշտապես կարողացան ընդդիմությանը պարտադրել իրենց օրակարգը, որի էությունը պարզ եւ կոնկրետ էր. ընդդիմադիր կուսակցությունների մի մասը ծախվել են, չծախվածներն էլ ոչինչ չեն կարող անել. ընդդիմադիր լինելը վտանգավոր է:

Արդյունքում, 2006-ի գարնանն արդեն ակնհայտ դարձավ, որ ընդդիմադիր դաշտում վակուում է ստեղծվել: Հենց այդ ժամանակ էլ իշխանությունները սկսեցին 2007-ի ԱԺ ընտրություններին ընդառաջ սեփական «ընդդիմությունը» ստեղծել` ի դեմս ԲՀԿ-ի: Իսկ հասարակության ահաբեկման խնդիրը լուծեցին՝ 2006-ի դեկտեմբերի 6-ին Ժիրայր Սէֆիլյանին, Վարդան Մալխասյանին եւ նրանց ընկերներին ձերբակալելով:

Երբ 2007-ի հոկտեմբերի 23-ին ոստիկանները հարձակվեցին քաղաքականություն վերադարձած ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջին հանրահավաքի իրազեկումն իրականացնող խմբի վրա եւ բռնությամբ նրանց բերման ենթարկեցին, շատերի համար անհասկանալի էր, թե ինչու են իշխանությունները նման քայլի գնում եւ 2008-ի փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ ինչու են քաղաքական դաշտը թեժացնում:

Բայց փաստն այն է, որ այդ եւ դրան հաջորդած ահաբեկումներն իրենց արդյունքը տվեցին. տասնյակ հազարավոր մարդիկ էին մասնակցում Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքներին, բայց չէին համարձակվում վստահված անձ դառնալ եւ գնալ տեղամասեր` ընտրությունների ընթացքը վերահսկելու համար:

2012-ի ԱԺ եւ 2013-ի նախագահական ընտրությունների, 2015-ի դեկտեմբերի սահմանադրական հանրաքվեի փորձը ցույց տվեց, որ «նախազգուշական» ահաբեկումների նկատմամբ իմունիտետ ունեցող անձանց թիվը Հայաստանում գնալով շատացել է:

Ավելին՝ վերջին մեկ տարվա ընթացքում քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում սկսել են լուրջ խմորումներ ընթանալ, որոնց նպատակը 2017-ի խորհրդարանական ընտրություններին ի սկզբանե լուրջ պատրաստվելն է: Մյուս կողմից քաղաքական դաշտում ընդդիմադիր նոր կուսակցություններ սկսեցին կազմավորվել, որոնց շուրջ սկսեցին համախմբվել նախկին քաղաքացիական ակտիվիստները: Գնալով հանրության շրջանում սկսել է ավելանալ այն գիտակցությունը, որ բոլոր նրանք, ովքեր իսկապես ցանկանում են Հայաստանում իշխանափոխության հասնել, անմիջական պետք է զբաղվեն քաղաքականությամբ, քանի որ դա է միակ ճանապարհը:

Ժիրայր Սէֆիլյանին հերթական անգամ ձերբակալելով՝ ՀՀ իշխանությունները նախ փորձում են ընդդիմադիրներին ահաբեկելու մթնոլորտին որոշակի թարմություն հաղորդել: Մյուս կողմից էլ ընդդիմադիր քաղաքական ուժերին, որոնք ներկայումս զբաղված են կուսակցական շինարարությամբ եւ 2017-ի ԱԺ ընտրություններին նախապատրաստվելով, իշխանությունները փորձում են նոր քաղաքական օրակարգ պարտադրել, որի էությունը, ինչպես միշտ, նույնն է. դուք քաղբանտարկյալներ ունեք, զբաղվեք նրանց ազատության համար պայքարելով: Ավելին՝ բացառված չէ, որ եթե իշխանությունները տեսնեն, որ միայն Սէֆիլյանին հետապնդելով իրենց չի հաջողվում ընդդիմությանը թելադրել ուժերը հյուծող եւ ոչինչ չտվող իրենց օրակարգը, ապա նոր ձերբակալությունների եւս կդիմեն:

Ստեղծված իրավիճակում ընդդիմությունը հնարավորություն կունենա իշխանությունների ծրագրերը ձախողել, եթե կարողանա սառնասրտություն պահպանելով շարունակել զբաղվել 2017-ի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստությամբ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս