ՊՆ-Ի ՆԱԽԿԻՆ ՇԵՆՔԸ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհի քաղաքակիրթ երկրներում եթե որեւէ իր, առավել եւս մեծ շինություն դադարում է իր նախնական նպատակին ծառայել, ապա այն դեն չեն նետում կամ մատնում անտերության: Մինչդեռ մեզ մոտ հակառակ պատկերն է: Եվ մենք այս հարցում հերթական անգամ համոզվեցինք՝ անմխիթար վիճակում տեսնելով ՀՀ պաշտպանության նախարարության նախկին շենքը: Այն հիմա վաճառքի է դրված, սակայն դեռ գնորդ չունի:
Նշենք, որ շենքը գտնվում է Երեւան-Աշտարակ ճանապարհին եւ շրջապատված է խաղատներով: «Ժողովուրդ»-ն օրեր առաջ եղավ այնտեղ եւ արձանագրեց տիրող տխուր վիճակը: Կոտրված ապակիներով շենքն ամբողջովին կորած է աղբի, փշի ու տատասկի մեջ: Ակնհայտ է, որ տարիներով շենքում վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել, ինչի պատճառով այն բավական հնացել է: Թե ինչու է շենքը հայտնվել նման վիճակում, անհասկանալի է: Չէ՞ որ այն՝ որպես պատերազմական տարիներից մնացած խորհրդանիշ, կարելի էր ծառայեցնել որպես ՊՆ կառույց կամ հատկացնել, օրինակ, երկրապահներին:
«Ժողովուրդ»-ը ՊՆ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից տեղեկացավ, որ շենքն այս պահին վաճառքի է դրված: Արժեքն է 4 միլիարդ 600 միլիոն դրամ: Այս ընթացքում շենքով ընդամենը երկու գնորդ է հետաքրքրվել, սակայն ծանոթանալով անմխիթար վիճակին՝ նրանք հրաժարվել են այն գնելուց:  
Ի դեպ, ՊՆ հին շենքում աշխատել են հետեւյալ նախարարները՝ Վազգեն Մանուկյան, Վազգեն Սարգսյան, Վաղարշակ Հարությունյան, Սերժ Սարգսյան, Միքայել Հարությունյան: Իսկ պաշտպանության ներկայիս նախարար Սեյրան Օհանյանը պաշտոնը ստանձնել է նոր համալիրում:
Տեղեկացնենք, որ Հայաստանի անկախության 17-րդ տարեդարձի օրը` 2008թ. սեպտեմբերի 21-ին, պաշտոնապես բացվել է ՀՀ ՊՆ նոր շենքը՝ շուրջ 26 հա տարածքով: Համալիրի շինարարությունն արժեցել է շուրջ 13 միլիարդ դրամ, որը հատկացվել է արտաբյուջետային միջոցներից: Հիշեցնենք, որ դեռեւս 1993թ. ՀՀ կառավարության որոշմամբ ՊՆ նոր շենքային համալիր կառուցելու համար նախկին հիվանդանոցային համալիրի շենքը հանձնվել էր նախարարությանը, սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով շինարարություն չէր նախաձեռնվել:
Իսկ թե ՊՆ նախկին շենքից ստացված գումարով ինչ է հնարավոր անել, դեռ հայտնի չէ: Ամեն դեպքում, ստանալիք գումարը մեծ չի լինի: ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ վաճառվող շենքի գումարն օգտագործվելու է հաջորդ տարվա շինարարական ծախսերի, այդ թվում նաեւ՝ զինվորականների համար բնակարաններ, զորքի համար կացարան, ճաշարան, բուժկետ կառուցելու համար:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս