110 ՏԱՐԻ ԱՆՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպորտային մարմնամարզության աշխարհի անդրանիկ առաջնությունն անցկացվել է 110 տարի առաջ՝ հեռավոր 1903-ին, Բելգիայի Անտվերպեն քաղաքում: Եվ ահա Անտվերպենը նորից դարձել է աշխարհի առաջնության մրցավայր: 78 երկրների 540 մարմնամարզիկներ կմասնակցեն աշխարհի անհատական` թվով 44-րդ առաջնությանը, որը մեկնարկեց երեկ՝ սեպտեմբերի 30-ին, եւ կավարտվի հոկտեմբերի 6-ին: Միջոցառումը կարելի է համարել մարզիկների հնարավորությունների ստուգատես, քանի որ նրանք ավելի շատ կնախապատրաստվեն 2014-ին կայանալիք աշխարհի առաջնությանը, որն արդեն լինելու է օլիմպիական վարկանիշային:
Ինչպես հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը, արդեն Անտվերպենում են Հայաստանի պատվիրակներ Վահագն Ստեփանյանը եւ Հարություն Մերդինյանը: Նրանք սեպտեմբերի 25-ից մարզվում են սպորտի պալատում, որտեղ էլ կայանալու է աշխարհի առաջնությունը: Ընդ որում, Վ. Ստեփանյանի խնդիրն ավելի դժվար է, քանի որ նա նժույգի վրա աշխարհում առաջինը պետք է ցուցադրի իր իսկ ստեղծած մարմնամարզական նոր կապակցությունը: Հաջողության դեպքում մարզաձեւի միջազգային ֆեդերացիան նորամուծությունը կկոչի երեւանցի մարմնամարզիկի անունով: Վերջում հավելենք, որ տղաներին մրցավայր են ուղեկցել մարզիչ Սոս Սարգսյանը եւ պատվիրակության ղեկավար, մրցավար Հակոբ Սերոբյանը:

 ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս