Փոքր երկրների Եվրոպայի առաջնությունից միայն ոսկե մեդալ եմ ակնկալում. Արա Պողոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 28-ից Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը կմեկնարկի Փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում: Մինչև 20 տարեկանների ազգային ընտրանին էլ նախապատրաստվում է հուլիսին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը: Այս օրերին հավաքականները մարզումներ և ստուգողական հանդիպումներ են անցկացնում Երևանում: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը խոսեց տարվող աշխատանքների, ակնկալիքների և թիմերի մասին:

 Պարոն Պողոսյան, Բասկետբոլի Հայաստանի հավաքականն ունի նոր մարզիչ՝Տիգրան Գյոկչյանը, ինչո՞ւ ֆեդերացիայի ընտրությունը կանգ առավ հենց նրա վրա:

-Տիգրան Գյոկչյանը ծնվել և մեծացել է Հայաստանում: Որպես բասկետբոլիստ կայացել է հենց այստեղ: Այնուհետև տեղափոխվել է Լիբանան, որտեղ դարձել է առաջատար խաղացող և ապա մարզիչ: Մարզել է Լիբանանի տարբեր տարիքի հավաքականները, աշխատել է Լիբանանի ազգային հավաքականում, իսկ այժմ գլխավորում է լիբանանյան հայտնի ակումբներից մեկը: Մեր խնդիրը թիմում շատ հայեր ընդգրկելն է: Քանի որ միայն դրա շնորհիվ հայկական բասկետբոլը վերածնունդ կապրի:

Ի՞նչ խնդիրներ ունի լուծելու Հայաստանի բասկետբոլի հավաքականը:

-Այժմ Հայաստանի ազգային հավաքակնն իր առաջ խնդիր ունի դառնալ Փոքր երկրների Եվրոպայի չեմպիոն: Հենց այդ չեմպիոնությունը կլինի հայկական բասկետբոլի վերածննդի սկիզբը:

Ինչպե՞ս եք կատարել խաղացողների ընտրությունը:

-Շատ բարդ: Հայ բասկետբոլիստները սփռված են ամբողջ աշխարհով: Սկզբում մենք պարզում էինք, որ տվյալ խաղացողը հայ է, այնուհետև կապվում էինք ծնողների, մարզիչների և գործակալների հետ: Ցավոք ոչ բոլորին կարողացանք ընդգրկել Հայաստանի հավաքականում: Տարբեր պատճառներ կային: Օրինակ Իրանի Իսլամական հանրապետության թիմում կան հայ խաղացողներ, ովքեր, ցավոք, դեռ չեն համալրել հավաքականը, բայց աշխատանքներ են տարվում, այդ ուղղությամբ: Մեր թիմը պետք է օրեցօր ուժեղանա:

Հավաքականը կարղ էր համալրել միայն մեկ օտարերկրացի. ընտրվեց ԲրայանԴանսթոնը, ինչու՞:

-Առաջին հերթին` Դանսթոնը շատ լավ բասկետբոլիստ է: Նա երկու տարի անընդմեջ Եվրոպայում ճանաչվել է լավագույն պաշտպան: Բացի այդ, մեզ համար կարևոր են նաև մարդկային որակները: Դանսթոնը բավականին հայտնի բասկետբոլիստ է, բայց չի տառապում աստղային հիվանդությամբ: Մեծամիտ չէ, շատ բարի է և սիրում է Հայաստանը, հայերին:

Ի՞նչ ակնկալիքներ ունեք փոքր երկրների Եվրոպայի առաջնությունից:

-Ինձ կբավարարի միայն ոսկե մեդալը: Հնարավոր է, որ լինեն մարդիկ, որոնք կբավարարվեն ուրիշ հարկի մեդալներով, բայց դա ինձ չի գոհացնի: Ես վաղուց եմ երազել այս թիմն ունենալու մասին և միայն հաղթանակ եմ ցանկանում:

Հուլիսից 15-ից Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնարկելու էԵվրոպայի առաջնությունում: Նրանցից ի՞նչ սպասելիքներ կան:

-Բարդ է ասել: Մեր երիտասարդական հավաքականը բավականին ուժեղ խաղացողներ են համալրել, սակայն կանխատեսումներ չեմ ցանկանում անել: Եթե հնգյակ մտնեն, կհամարեմ լավ արդյունք:

Իսկ Մ18 աղջիկների հավաքականից ի՞նչ սպասելիքներ կան:

-Աղջիկները հանդես են գալու C դիվիզիոնում, որը շատ անկանխատեսելի է: Հույս ունեմ, որ առաջին տեղը կգրավեն:

 Պարոն Պողոսյան, հավաքականները համալրած մարզիկները դրսում ապրող հայերեն, ի՞նչ աշխատանքներ են տարվելու երկրի ներսում մարզաձևը մասսայական դարձնելու ուղղությամբ:

-Դա մեր բոլորի ցավն է: Այդ ամենը կախված է ֆինանսների հետ: Հույս ունենք, որ մեր կողքին կկանգնեն հովանավորներ: Մենք չենք կարող պետությունից փող խնդրել կամ պահանջել, քանի որ մենք երկիրը պատերազմի մեջ է: Հույս ունենք երկրի ներսում զարգացնել աշխարհում շատ հայտնի սթրիթ բոլը: Աստիճանաբար պետք է ավելանան բասկետբոլով զբաղվողների թիվը:

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս