ՍԽԱԼՆԵՐՈՎ ԱՎՏՈԿԱՅԱՐԱՆ
Երեւանի կենտրոնական ավտոկայարանի ուղեւորների սպասասրահում տեղադրված մոնիտորը տեղեկություններ է հաղորդում տարբեր վայրեր մեկնող ավտոբուսների եւ միկրոավտոբուսների ուղերթերի ժամերի եւ ուղեվարձի մասին: Եթե հավատանք այդ տվյալներին, ամեն օր՝ ժ. 9-ին եւ 15-ին, մայրաքաղաքից Ալավերդի քաղաքով Նոյեմբերյան է մեկնում միկրոավտոբուս, որի ուղեվարձը 1500 դրամ է: Նշենք, որ այդպիսի ուղերթ չի իրականացվում, եւ նման էժան ուղեվարձով ոչ մի միկրոավտոբուս Երեւանից Նոյեմբերյան չի մեկնում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հիշյալ ուղերթը եղել է 3 տարի առաջ եւ գործել ընդամենը մի քանի օր: Նույն այդ մոնիտորը տեղեկություններ չի հաղորդում ամեն օր՝ ժ. 9-ին, 14:30-ին եւ 16-ին Երեւանի կենտրոնական ավտոկայարանից Իջեւանով Նոյեմբերյան մեկնող միկրոավտոբուսների մասին, որոնց ուղեվարձը 2000 դրամ է: Ավտոկայարանում վարորդներից իմացանք, որ այդ տեղեկությունները մոնիտորի վրա տեղադրվում են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության (ՏԿՆ) կողմից: Ի դեպ, ավտոկայարանի մոնիտորին Լոռու մարզի Մղարթ գյուղի անունը սխալ է գրված՝ Մղարտ: Մի՞թե ՏԿՆ-ում գրագետ մարդ չկա, որ տեսնի այդ տառասխալը: Նախկինում «Ժողովուրդ»-ը գրել է, որ Երեւանի կենտրոնական ավտոկայարանի տոմսարկղերում Երեւան-Իջեւան-Նոյեմբերյան միկրոավտոբուսային երթուղու տոմսեր չեն վաճառվում, եւ ուղեւորները միկրոավտոբուսում «տեղ պահելու» համար ստիպված են զանգահարել վարորդներին: Հետաքրքիր է, դեռ քանի՞ անգամ պիտի բարձրաձայնենք այս խնդիրների մասին, որ ՏԿՆ-ում ի վերջո ուշադրություն դարձնեն այս բարձիթողի վիճակին:
Տավուշ
ԴՊՐՈՑ` 15 ԱՇԱԿԵՐՏՈՎ
Վրաստանին սահմանամերձ Լոռու մարզի Ջիլիզա համայնքի դպրոցը լուրջ խնդիրների առաջ է կանգնած: Անցած 2 տարիների ընթացքում այստեղ ընդհանրապես չեն դասավանդվել անգլերեն եւ ռուսաց լեզու առարկաները: Ներկա դրությամբ անգլերենի ուսուցչուհին հետծննդաբերական արձակուրդի մեջ է, իսկ ռուսերենի հետ կապված էլ, թեեւ արդեն ուսուցչուհի են աշխատանքի ընդունել, բայց դասաժամերը քիչ են, եւ դժվար թե այդ ընթացքում երեխաները հասցնեն սովորել 2 տարի չսովորածը: Դպրոցի տնօրեն Սաթենիկ Թունյանի հետ զրուցելիս պարզվեց, որ դպրոցում խնդիրները շատ են: Նա նշեց, որ դպրոցում ոչ բոլոր ուսուցիչներն են մասնագետներ, եւ որ ֆիզիկայի, ինֆորմատիկայի, աշխարհագրության մասնագետներ չունեն: Պարզվում է՝ այս առարկաներն աշակերտներին դասավանդում են համապատասխան մասնագիտություն չունեցող ուսուցիչները: 103 բնակիչ ունեցող Ջիլիզայի դպրոցն ունի 15 աշակերտ, իսկ դպրոցում աշխատողների թիվը հինգով ավել է: Լոռու մարզպետարանի կրթության վարչությունում դպրոցի մասին լավ գիտեն՝ մարզում բացառիկ պատմություն է: Ուսուցիչների թիվն ավելացնել պատրաստ են, խնդիրն այլ է. թափուր աշխատատեղերի մրցույթ բազմիցս է հայտարարվել, բայց ապարդյուն: Դիմողներ չկան, ուստի մրցույթները չեն կայանում: Գյուղն ու դպրոցն ունեն եւս մեկ խնդիր. դպրոցում տարրական դասարանների դռները փակ են արդեն 2 տարի. աշակերտ չկա:
Լոռի