ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել, թե կոնկրետ ի՞նչ է անհրաժեշտ Երեւանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատուն դիմելու համար:

Սյուզի Ներսիսյան (31 տարեկան, թարգմանչուհի)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Գերմանիայի դեսպանություն կարող եք դիմել հետեւյալ նախապայմանները բավարարելու դեպքում.
– Դուք պետք է լինեք այն երկրի քաղաքացին, որը ենթարկվում է վիզային ռեժիմին, որի մասին տեղեկություններ կարող եք ստանալ ինտերնետային հետեւյալ էջում՝ http://www.auswaertigesamt.de/diplo/de/WillkommeninD/EinreiseUndAufenthalt/StaatenlisteVisumpflicht.html:
– Ձեր մշտական բնակության վայրը պետք է լինի Հայաստանը: ՀՀ-ում բնակվող օտարերկրյա քաղաքացիների մշտական բնակության վայրն այն դեպքում է համարվում Հայաստանը, երբ հանգամանքներից պարզ է, որ նրանք այստեղ մնալու են ավելի քան 6 ամիս (օր.՝ սովորում եք, աշխատում եք եւ այլն):
– Ձեր այցը պլանավորել եք ամենաուշը երեք ամսից:
– Դուք չեք պատրաստվում Գերմանիայում, Ավստրիայում, Շվեդիայում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Նիդերլանդներում գործունեություն ծավալել կամ երկարատեւ մնալ այնտեղ:
– Ձեր այցելության երկրներն են՝ Գերմանիան, Ավստրիան, Շվեդիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը կամ Նիդերլանդները:
Դեսպանությունն իրավասու չէ ՀՀ այն քաղաքացիների համար, որոնք մշտապես բնակվում են արտասահմանում: Օրինակ՝ ՌԴ-ում ապրող հայ ուսանողը, եթե ցանկանում է դիմել Գերմանիայի դեսպանություն, պետք է համապատասխանաբար գործերը հանձնի Մոսկվայում Գերմանիայի դեսպանությունում կամ իր բնակավայրի համար իրավասու համապատասխան գերմանական հյուպատոսությունում: Սույնը վերաբերում է նաեւ ամերիկյան «Գրին քարտ» կամ մշտական բնակության այլ իրավունք ունեցող անձանց, որոնք Հայաստան են եկել այցելության նպատակով:

Երեւանում Գերմանիայի Դաշնային
Հանրապետության դեսպանություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Լավ է, որ մարդիկ հնարավորություն ունեն ՀՀ-ից դուրս գալ՝ աշխատանքային կամ թեկուզ ժամանակ անցկացնելու եւ հանգստանալու նպատակներով: Բայց ցավալի է, որ վերադարձից հետո հայրենիքը համեմատում են տվյալ պետության հետ եւ հասկանում, որ Հայաստանն առաջիկայում զարգանալու ու եվրոպական երկրներին գոնե մոտենալու հնարավորություն մոտ ապագայում չունի:




Լրահոս