Որոշ ընկերություններ խոչընդոտո՞ւմ են մանկապարտեզներին սնունդ մատակարարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 13-ին «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ը բողոք է ստացել Ա/Ձ Էդուարդ Առուստամյանից: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ բողոք բերողի՝ «Էդուարդ Առուստամյան» ԱՁ-ի հետ այս տարվա փետրվարից մինչ օրս 7 տարբեր կազմակերպություններ խզել են իրենց պայմանագրերը եւ այդ մասին իրենց որոշումներն ուղարկել գնումների աջակցման կենտրոն ՊՈԱԿ:

Նշենք, որ այս ԱՁ-ն երեք տարի է, ինչ Երեւանի 160 մանկապարտեզի սննդամթերք է մատակարարում:

Այս խնդրի շուրջ հունիսի 17-ին գնումների աջակցման կենտրոն ՊՈԱԿ-ի գնումների բողոքարկման խորհուրդը նիստ է հրավիրել, որի ընթացքում ե՛ւ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչը, ե՛ւ «Էդ. Առուստամյան» Ա/Ձ-ի լիազոր ներկայացուցիչը հայտնեցին իրենց դիրքորոշումները: Այդ նիստին ներկար էր նաեւ «Ժողովուրդ»-ը:

«Էդուարդ Առուստամյան» Ա/Ձ-ի լիազոր ներկայացուցիչ Հարություն Գուլոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ներկայացրեց, որ բողոք բերելու պատճառներից մեկն այն է, որ Երեւանի քաղաքապետարանը պնդում է, որ Ա/Ձ-ի կողմից ներկայացված փաստաթղթերը անընթեռնելի են: «Բացի այս, իրենք պահանջում են պայմանագրի ամբողջ գումարի չափով կատարողական, հանձնման-ընդունման ակտեր ներկայացնել, բայց գնումների մասին ՀՀ օրենքը դա չի պարտադրում: Մենք բանավոր դիմել ենք քաղաքապետարան եւ պահանջել ենք տրամադրել ավարտական պահք: Իրենք մեզ պատասխանել են՝ գնացեք եւ 160 մանկապարտեզներից ընդունման հանձնման ակտեր վերցրեք: Բայց ես պայմանագիր կնքել եմ անձամբ քաղաքապետարանի հետ»,- նկատեց Հ. Գուլոյանը:

Նշենք, որ «Էդուարդ Առուստամյան» Ա/Ձ-ն դիմելով գնումների աջակցման կենտրոն՝ պահանջում է որպես միջանյալ ընթացակարգ կիրառել ժամանակավոր միջոց եւ կասեցնել «ԵՔ-ՇՀԱՊՁԲ-16/98» ծածկագրով շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու ընթացակարգի արդյունքներով պայմանագրի կնքումը:
Չնայած սրան՝ նիստի ընթացքում քաղաքապետարանի ներկայացուցիչը դիրքորոշում հայտնեց եւ եւս մեկ անգամ հաստատեց, որ Ա/Ձ-ի կողմից ներկայացված փաստաթղթերը ընթեռնելի չեն: «Իրենց կողմից տրամադրված հանձնման-ընդունման արձանագրությունները պարզապես հնարավոր չէ ընթերցնել: Դրա համար օրենսդրությամբ սահմանված մի դրույթ կա, ըստ որի՝ երբ մասնակիցը ներկայացնում է համապատասխան որակավորման փաստթղթերը, նրան մեկ օր ժամկետ է տրամադրվում եւ այդ մասին ծանուցվում, որպեսզի վերջինս շտկի արձանագրված թերությունները»,-հայտարարեց քաղաքապետարանի ներկայացուցիչը:

Բացի այս, վերջինս նիստի ընթացքում նկատեց նաեւ, որ մատակարարը չի ներկայացրել պայմանագրի գումարի չափով հանձնման-ընդունման ակտեր: «Երկու անգամ ծանուցելուց հետո, ի վերջո, էլեկտրոնային փոստին Ա/Ձ-ի կողմից ուղարկվել են հանձնման-ընդունման մասին արձանագրությունները: Այնուհետեւ հեռախոսի միջոցով ճշտվել է՝ Ա/Ձ-ն ամբողջությա՞մբ է կատարել պարտավորությունները, թե՞ ոչ: Իսկ պատասխանը եղել է բացասական, որը հետեւյալն է՝ ոչ, ամբողջությամբ կատարված չէ, որովհետեւ քիչ են պատվիրել», – ներկայացրեց քաղաքապետարանի ներկայացուցիչը:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ քաղաքապետարանը իր դիրքորոշումը օրենքով սահմանված կարգով ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարություն՝ տվյալ մասնակցին ոչ միայն զրկելու գնումների մրցույթին մասնակցելու, այլեւ սեւ ցուցակում ներառելու մասին: Սակայն «Էդուարդ Առուստամյան» Ա/Ձ-ի ներկայացուցիչ Հ. Գուլոյանը հակադարձելով քաղաքապետարանի ներկայացուցչի դիրքորոշմանը՝ ասաց. «Ներկայացվել է, որ մենք պետք է թաղապետարաններից կամ մանկապարտեզներից պահանջենք հանձնման-ընդունման ակտեր, բայց մենք ո՛չ վարչական շրջանների եւ ո՛չ էլ մանկապարտեզների հետ պայմանագիր չունենք կնքած եւ իրավունք էլ չունենք իրենցից պահանջել: Դա քաղաքապետարանի գործառույթն է, որն իրենք չեն անում եւ այն թողնում են մեզ»: Ինչեւէ, նիստի վերջում գնումների բողոքարկման խորհուրդը հայտարարեց, որ «Էդուարդ Առուստամյան» Ա/Ձ-ի բողոքը բավարարելու եւ չբավարարելու մասին որոշումը կհայտարարի հունիսի 20-ին:

Երեկ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Ա/Ձ-ի բողոքը գնումների բողոքարկման խորհուրդը բավարարել է: Այսինքն՝ ժամանակավորապես կասեցվել է «ԵՔ-ՇՀԱՊՁԲ-16/98» ծածկագրով շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու ընթացակարգի արդյունքներով պայմանագրի կնքումը՝ մինչեւ Ա/Ձ-ն կներկայացնի համապատասխան, «ընթեռնելի» փաստաթղթերը:

Նիստի ավարտին «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ «Էդուարդ Առուստամյան» Ա/Ձ-ի լիազոր ներկայացուցիչ Հ. Գուլոյանի հետ եւ փոխանցեց մանկապարտեզների աշխատակիցների դժգոհությունները կապված իրենց մատակարարման հետ: «Արդեն երեք տարի է, ինչ 160 մանկապարտեզի սնունդ ենք մատակարարում, բայց այս ընթացքում ոչ մի բողոք նրանց կողմից չենք ստացել: Իսկ ուշացումները արդարացված են: Օրինակ՝ թարմ հացի համար սպասում ենք, դրա համար էլ այն ուշացնում ենք: Բայց մենք 3 տարվա մեջ անընդհատ պայքարի մեջ ենք եղել: Անուններ չտանք, ուղղակի ուզում են հանել մեզ այս բիզնեսից: Չտանք անուններ: Մենք զրոյից մեզնով սկսել ենք, իսկ հիմա ամեն կողմից ուզում են քարկոծել: Եւ մինչեւ հիմա որ ոտքի վրա կանգնած ենք, շատերին զայրացնում է»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անկեղծացավ Ա/Ձ-ի ներկայացուցիչը՝ Հ. Գուլոյանը:

Հ.Գ. «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան այն մասին, որ «Էդուարդ Առուստամյան» ԱՁ-ի գործունեությունը խոչընդոտելու հարցում որոշակի ակտիվություն են դրսեւորում «Հայկազունք» ՍՊԸ-ն, «Տիսա» ՍՊԸ-ն եւ այլն: Ի դեպ, այս ընկերությունները կապվում են ծագումով արցախցի հայտնի գործարար Յուրի Ադյանի անվան հետ: Նշենք, որ վերջինիս են պատկանում նաեւ «Երեքնուկ», «Ամարաս Յուս» եւ «Սեար գրուպ» ընկերությունները: Սրանք այն ընկերություններն են, որոնք անընդմեջ հաղթել են գրեթե բոլոր մրցույթներում եւ մանկապարտեզներին, ծերանոցներին ու մանկատներին մշտապես մատակարարել են ապրանքներ` իրականից կրկնակի-եռակի բարձր գներով: Ինչի արդյունքում հայտնվել են սեւ ցուցակում եւ զրկվել մրցույթներին մասնակցելու իրավունքից: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել Յ. Ադյանի հետ, սակայն վերջինս այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս