Այսօր՝ 2016 թ. հունիսի 25-ին, Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի Հայաստան կատարած այցի ծրագրով Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում ժամը 11-ին նախատեսված Սբ. Պատարագի եւ Երեւանի Հանրապետության Հրապարակում ժամը 19-ին նախատեսված՝ Էկումենիկ արարողության եւ խաղաղության աղոթքի ընթացքում Հայաստանում առկա քաղբանտարկյալների մասին Հռոմի Պապին տեղեկացնելու նպատակով քաղաքացիական նախաձեռնության կարգով հայտարարվել էր ցուցապաստառներով ֆլեշմոբ կատարելու առաջարկության մասին:
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հայտարարության մեջ ասվում է. «Ոստիկանությունը, իրեն ըստ էության օրենքից դուրս հայտարարելով եւ քողարկվելով Պապի այցելության ընթացքում հասարակական անվտանգության ապահովման արձանագրային արտակարգ ծառայություն անցկացնելու հանգամանքով, զանգվածաբար խախտել է հարյուրավոր քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը, իսկ շուրջ երկու տասնյակ անձանց ապօրինի կերպով, այդ թվում՝ ոմանց նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելով եւ հարվածներ հասցնելով տարել է ոստիկանության տարբեր բաժիններ՝ նրանց զրկելով ազատությունից:
Ոստիկանության գործողություններն ակնհայտ ապօրինի են եւ ոտնահարում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները:
Մեր ունեցած տվյալներով՝ այս պահի դրությամբ բերման են ենթարկվել Շահեն Հարությունյանը, Գագիկ Եղիազարյանը, Ռազմիկ Մանուկյանը, Արամ Մանուկյանը, Տիգրան Մանուկյանը, Վահրամ Պետրոսյանը, Փայլակ Թեւանյանը, Տիգրան Մազմանյանը (լրագրող է), Տիգրան Կիրիշչյանը, Էլմոն Եղնուկյանը, Միքայել Նազարյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Ներսես Գեւորգյանը, Սեւակ Մանուկյանը եւ Հովհաննես Ղազարյանը: Դեռեւս չհաստատված լուրեր կան նաեւ այլ բերման ենթարկվածների վերաբերյալ:
Փաստորեն՝ Ոստիկանության ղեկավարությունը եւ այս զանգվածային բռնություններին մասնակցող բոլոր իրավապահ մարնինների ծառայողները անցել են իրենց լիազորությունների սահմանը եւ կատարել են քրեական հանցագործություն՝ քաղաքական նպատակներով հալածանքի ենթարկելով նշված Ֆլեշմոբի ենթադրյալ մասնակիցներին:
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը, ողջունելով խաղաղության եւ մարդասիրության դեսպան Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի այցը Հայաստան, Կաթոլիկ եկեղեցու Սրբազան Քահանայապետի եւ ամբողջ քաղաքակիրթ աշխարհի ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հայաստանում կան 14 քաղբանտարկյալներ՝ Վոլոդյա Ավետիսյանը, Շանթ Հարությունյանը, Ալեք Պողոսյանը, Ավետիս Ավետիսյանը, Լիպարիտ Պետրոսյանը, Վարդան Վարդանյանը, Վահե Մկրտչյանը, Ալբերտ Մարգարյանը, Սեւակ Մնացականյանը, Հայկ Հարությունյանը, Մկրտիչ Հովհաննիսյանը, Հայկ Կյուրեղյանը, Գեւորգ Սաֆարյանը եւ Ժիրայր Սէֆիլյանը»: