Առավոտ. Իջեվանի ԲԿ-ի ղեկավարը որակավորում չունի, բայց մրցույթում հաղթել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այս տարվա սեպտեմբերի 27-ին կայացավ “Իջեւանի ԲԿ” ՓԲԸ-ի տնօրենի թափուր հաստիքի հերթական մրցույթը։  Այս մասին գրում է “Առավոտ” թերթը եւ հավելում. “Տնօրենի ընտրության մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններից է առողջապահության կազմակերպչի որակավորման առկայությունը։ Սակայն վերոնշյալ մրցույթին մասնակցելու համար հայտ էր ներկայացրել Իջեւանի ԱԱՊԿ ՓԲԸ-ի սոնոգրաֆիստ Վազգեն Մարգարյանը, որը չունի առողջապահության կազմակերպչի որակավորում։ Այդ մասին մրցութային հանձնաժողովի նախագահ, Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանին եւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին հայտնել է մրցույթի մյուս մասնակից, կենտրոնի տնօրենի ժ/պ Հրաչյա Ներսիսյանը։
Մրցութային հանձնաժողովը, սակայն, Ներսիսյանի հայտարարությունը թողել է անարձագանք։ Մրցույթը կայացել է, ու երկու մասնակիցներն էլ ստացել են հավասար միավորներ։
Ըստ կարգի՝ մրցույթի արդյունքները հանձնաժողովը ներկայացնում է լիազոր մարմնի ներկայացուցչին, տվյալ դեպքում՝ Տավուշի մարզպետին, որն էլ կայացնում է որոշում, թե ով կշարունակի ղեկավարել բուժկենտրոնը։ Այս պարագայում Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը որոշել է, որ կենտրոնը կշարունակի ղեկավարել առողջապահական ոլորտում ղեկավարման փորձ եւ առողջապահության կազմակերպչի որակավորում չունեցող Վազգեն Մարգարյանը, որն անգամ մրցույթին մասնակցելու իրավունք չուներ”,- գրում է “Առավոտը” (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):




Լրահոս