Արփինե Բեկջանյանը պատրաստվում է իր երկրպագուներին ներկայացնել նոր ձայնասկավառակ: Սա կլինի երգչուհու` թվով երրորդ ալբոմը: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ մտածում է նաեւ նոր տեսահոլովակ նկարահանելու մասին:
Մեր այն հարցին, թե այս փուլում Արփինեն որ ժանրում է նախընտրում ստեղծագործել, վերջինս ուշագրավ խոստովանություն արեց. «Ես միշտ ներկայացրել եմ երաժշտական այն ժանրը, որը պահանջել է հանդիսատեսը, այն ուղղվածությունը, որը մարդիկ հեշտ են ընկալել, հիշել ու մարսել: Բնականաբար, իմ երաժշտական նախասիրություններն այլ են: Ուստի պատրաստվում եմ ներկայանալ ոճային փոփոխությամբ, որը ինձ հոգեհարազատ կլինի»:
Երգչուհին, անդրադառնալով իր ամեն քայլի վերաբերյալ սոցցանցերում, բլոգերում եւ կայքերում ծավալվող բուռն մեկնաբանություններին, նկատեց, որ հանրային անձի կյանքում այդ ամենն անխուսափելի է, բայց միեւնույն ժամանակ նշեց, որ վիրավորական է համարում, երբ իրեն «կպցնում են», օրինակ, «մոռացված» պիտակը. «Ես չեմ մոռացվել, հետո ինչ, որ այսօր մեր դաշտը մոնոպոլիզացված է, անընդհատ նույն դեմքերն են երեւում եթերում:
Ովքեր ինձ հիշում են, հիշում են: Գուցե այս նոր սերնդի կողմից ճանաչված չեմ, բայց պետք չէ այդ սերնդի ներկայացուցիչների շրջանում իմ մասին բացասական կարծիք ձեւավորել: Ի՞նչ է նշանակում մոռացված: Այսինքն` հին խաղալիքներից հոգնեցիք, շպրտեցիք, անցաք նոր խաղալիքի՞: Չէ՞ որ այս պարագայում մարդու մասին է խոսքը: Այն մարդու, ով 1990-ականներին` այդ դժվարին տարիներին, իր ելույթներով ուրախացրել է մարդկանց: Ես եւ իմ սերնդակիցները հաստատ արժանի չենք նման բացասական վերաբերմունքի»,- վրդովմունք հայտնեց երգչուհին:
Նրան դուր չի գալիս մեկ այլ պիտակ եւս` «90-ականների երգչուհի»-ն. «Դա էլ են կպցրել ճակատներիս… Մենք հո չե՞նք մեռել-գնացել: 20 տարեկաններ կան, որոնցից իմ սերնդակիցներով ավելի երիտասարդ ու թարմ ենք երեւում»,-ասաց նա:
Կա կարծիք, թե Արփինեն ինքն է տարբեր հետաքրքրաշարժ, ուշադրություն գրավող լուսանկարներ տեղադրում համացանցում (օրինակ` բաց ոտքերով վերջին լուսանկարը, որը բավական քննարկվեց սոցցանցերում) կամ իր անձի շուրջ խոսակցությունների ալիք բարձրացնում` սեփական փիարի համար. «Ես ոչ թե փիար եմ անում, այլ փորձում եմ իմ կյանքի հետաքրքիր նորություններով եւ դրվագներով կիսվել երկրպագուներիս հետ: Եվ հետո թող իմանան, որ այդքան էլ «հին չենք»` մեր մարմինն էլ է տեղը, հագուկապն էլ»,-եզրափակեց նա:
Աննա Բաբաջանյան