Ի՞նչ հողերի հանձման մասին է խոսքը, կամ ո՞վ կարող է իր վրա հողեր հանձնելու պարտականություններ վերցնել. ԼՂՀ պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը հայտարարել էր, թե Սանկտ Պետերբուրգում կողմերի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել ԼՂՀ 7 շրջանների հանձնումը ենթադրող փուլային տարբերակի շուրջ: Այս հայտարարությանն անմիջապես արձագանքեց ՀՀ ԱԳՆ-ն՝ հայտարարելով, թե որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, իսկ արդեն երեկ հարցին անդրադարձավ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հայտարարելով, թե կա հրապարակված պաշտոնական փաստաթւղթ, որտեղ նման պայմանավորվածության մասին խոսք չկա, իսկ դրանից դուրս մեկնաբանությունները նա որակեց «անբարեխիղճ եւ այլասերված»:

Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանի հետ:

-Պարո՛ն Իշխանյան, Մամեդովի հայտարարությունը՝ ԼՂՀ 7 շրջանները զիջելու մասին, լուրջ մտահոգության տեղիք տվեց, ու թեեւ թե՛ ՀՀ ԱԳՆ-ն, թե՛ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը դա հերքել են, այդուհանդերձ, արդյո՞ք դա լիովին անհիմն հայտարարություն եք համարում:

-Անհանգստությունը եւ այդ մտահոգությունները, որ բոլորս ունենք, հասկանալի են: Ընդհանրապես Ղարաբաղի հիմնահարցի հետ կապված ոչ միայն դիտում, այլ նաեւ փորձում ենք ներգործություն ունենալ, բայց կարծում եմ, որ ադրբեջանական կողմի այդ «բացված» փակագծերը պետք է ընդունել որպես սադրանք, մանավանդ որ այդ ամենը ոչ թե պետք է դիտարկել որպես բանակցություն, այլ որպես պարզ հանդիպում: Ի վերջո, բանակցությունների գործընթացն անցյալ տարիներին գտնվում էր փակուղում եւ արդեն իսկ արծածված էր, եւ այդ ամենի վերջակետը, կարծես թե, ապրիլյան դեպքերն են: Սրանից հետո երկու հանդիպում տեղի ունեցավ՝ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում: Վիեննայի հանդիպման արդյունքում խոսվեց հետաքննությունների մեխանիզմների տեղակայման եւ միջնորդական առաքելություն իրականացնող գրասենյակի ընդլայման մասին, իսկ Սանկտ Պետերբուրգում մի քիչ ավելի ժլատ են տեղեկատվության առումով, այնպես որ միակողմանի մեկնաբանություններ անելը, կարծում եմ, ճիշտ չի:

-Իսկ բացառո՞ւմ եք, որ սանկտպետերբուրգյան հանդիպման ժամանակ բանակցությունների սեղանին Կազանյան փաստաթուղթն էր դրված, որով նախատեսվում էր ԼՂՀ շրջանների վերադարձ, եւ ինչպես այդ մասին ապրիլին խոստովանեց Ս. Սարգսյանը, հայկական կողմը համաձայն էր:

-Վերջին 6-7 տարիներին խոսվում է մադրիդյան փաստաթղթի, այնուհետեւ Կազանի փաստաթղթի կամ նորացված մադրիդյան սկզբունքների մասին, որն աստիճանաբար «գաղտնազերծվել եւ բացվել է»: Իսկ թե ինչ փաստաթուղթ էր այս անգամ դրված սեղանին, չենք կարող ասել: Բազմիցս մենք առիթ ունեցել ենք մեր տեսակետները ներկայացնելու թե՛ որպես քաղաքական ուժ, թե՛ որպես արցախյան կողմ: Ինչ հողերի հանձման մասին է խոսքը, կամ ով կարող է իր վրա լիազորություններ եւ պարտականություններ վերցնել հողեր հանձնելու:

-Պարո՛ն Իշխանյան, ուշագրավն այն է, որ Սանկտ Պետերբուրգից վերադառնալու հաջորդ իսկ օրը Սերժ Սարգսյանը այցելեց Լեռնային Ղարաբաղ: Արդյո՞ք սա պարզ զուգադիպութուն է:

-Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո Հայաստանի նախագահն այցելում է Արցախ. բնականաբար, դա կարող է որոշ մեկնաբանությունների տեղիք տալ, բայց դրանք լինում են ուղղակի իրականության պատկերը պարզ չլինելու մեկնաբանություններ, ինչը մի քիչ զարմանալի է: Կան, այո, մտահոգություններ, եւ ամեն մի այցելություն, այո, իր հետ բերում է վերլուծությունների, պատկերացումների ինչ-որ մի փուլ, բայց ես չեմ կարծում, որ խուճապային ինչ-որ տրամադրվածություն կա: Պարզապես մտահոգություններ են, մեկնաբանություններ, որոնք արդեն առաջացնում են մթնոլորտ:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս