«Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը պայմանական վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովի գործունեության մասով օրենքում փոփոխություններ կատարելու նոր նախագիծ է պատրաստել եւ այն ներկայացրել է մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների, որպեսզի վերջիններս փոփոխված տարբերակի մասով իրենց տեսակետը կամ դիտողությունները հայտնեն: Իսկ մինչ այդ դատապարտյալների շրջանում հանձնաժողովի որոշումների մասով նոր աղմուկ է հասունանում:
Պայմանական վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովի գործունեության նպատակն այն է, որ օգնի դատապարտյալին ուղղվել, եւ եթե վերջինս իրեն ՔԿՀ-ում դրսեւորել է պատշաճ ձեւով, խախտում չի արել, ասել է, թե բռնել է ուղղվելու ճանապահը, ապա անկախ հանձնաժողովը նրան սահմանված պատժի կրումից վաղաժամկետ կարող է ազատ արձակել:
Պայմանական վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովում առկա խնդիրները փաստաբան Երվանդ Վարոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում բաժանեց երկու մասի՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ. «Օբյեկտիվ խնդիրները կայանում են նրանում, որ օրենսդրական կարգավորումը բավականին թերի է: Նախատեսված չէ հիմքերի ամբողջ շրջանակը, որոնց դեպքում պիտի պայմանական վաղաժամկետ ազատ արձակումը բավարարվի կամ մերժվի, եւ սա առաջացնում է սուբյեկտիվ խնդիրներ: Երբ հանձնաժողովի որոշումները դառնում են կամայական, առանց հասկանալի պատճառաբանությամբ հանձնաժողովը մի դեպքում որոշում է կայացնում ազատ արձակել անձին կամ հակառակը մերժել, բոլոր դեպքերում անհասկանալի է մնում, թե ինչու մեկ անձի համար դա կիրառելի էր, հաջորդի նկատմամբ` ոչ: Հանձնաժողովների անունն է միայն անկախ, բոլոր անդամները գրեթե պետական կառույցների ներկայացուցիչներ են` ոստիկանություն, դատախազություն, ՔԿՀ ծառայություն, եւ իրենք յուրաքանչյուր անգամ մոտենում են պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հարցին մերժման կանխավարկածով: Հիմնականում գրեթե բոլորին մերժում են եւ միայն փոքր մասն են բավարարում»:
Ըստ նրա՝ բավարարում են այն դեպքում, երբ անձը իր ամբողջ պատժաչափը կրել է, 6 տարի ազատազրկումը անցկացրել է, մնացել է 6 ամիս, եւ այդ անձի համար միեւնույն է լինում, թե հանձնաժողովը կբավարարի՞ իր դիմումը` ավելի վաղ ազատ արձակվելու, թե՞ կմերժի. «Ոլորտը հստակ կարգավորման կարիք ունի: Կոնկրետ օրենսդրական, այսինքն՝ եթե չափանիշները հստակ սահմանեն, կամայական եւ սուբյեկտիվ մոտեցումները հնարավորինս կբացառվեն: Սա կբեռնաթափի կալանավայրերը, որտեղ այսօր անտանելի պայմաններ են, եւ այդ վիճակից է, որ անընդհատ խոսակցություններ են շրջանառվում համաներման մասին: Եթե պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը գործի, գուցե այդ համաներման անհրաժեշտությունն էլ այդքան մեծ չի լինի»:
Փաստաբանի վստահեցմամբ` փոխոխություն պետք է լինի թե՛ հանձնաժողովների ձեւավորման, թե՛ չափանիշների հստակ սահմանման մասով, որ դիմող անձի համար կանխատեսելի լինի` ինքը համապատասխանո՞ւմ է ազատման պայմաններին, թե՞ ոչ:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը եւս փաստեց, որ չկա հանձնաժողովի գործունեության մեջ հստակ չափորոշիչներ, որոնցով հանձնաժողովը պետք է ղեկավարի եւ դրա հիման վրա տա եզրակացություն. «Դատապարտյալները դժգոհում են հատկապես այն բանից, որ հանձնաժողովի անդամներից որեւէ մեկը չի այցելել, նույնիսկ մանրամասն չեն ուսումնասիրում դատապարտյալի գործը, դատապարտյալի վարքագիծը եւ կամայականորեն որոշումներ են կայացնում: Ես միանում են իրենց մտահոգությանը եւ ցանկանում եմ ավելացնել, որ քանի դեռ չկա սահմանված հստակ չափորոշիչները, որեւէ պատճառաբանված որոշում այդպես էլ ակնկակել հնարավոր չէ»:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ տարածքային եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ, հանրային խորհրդի անդամ, ինչպես նաեւ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովի անդամ Կորյուն Առաքելյանի հետ: Վերջինս շտապեց վստահեցնել, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես ներկայացնում են. «Ես գնում եմ, հանդիպում եմ մարդկանց հետ, բոլորս էլ գնում, հանդիպում ենք: Այդ մարդիկ, անկախ նրանից՝ իրենք արժանի են ազատման, թե ոչ, ուզում են, որ դա իրականացվի: Ես՝ որպես քաղաքացի, իմ կարծիքը այն է, որ կան դատապարտյալներ, որոնք պետական հանցագործ չեն, մեկ սխալ են թույլ տվել, կարելի է նրանց մի քիչ լիբերալ լինել, բայց որ ասես՝ չեն ազատում, դա այդքան էլ այդպես չէ: Օրինակ՝ այն հանձնաժողովը, որտեղ ես կամ մի քանի հոգի իմ միջնորդությամբ ազատ են արձակվել: Կրկնում ենք՝ մենք ամեն ամիս գնում ենք, եւ ամեն ամիս հանձնաժողովի նիստ է լինում, եւ հանձնաժողովի մի անդամ մի կալանավայրի մասին զեկուցում է»:
Ինչ կտա պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովի գործունեության մասով ՀՀ արդարադատության նախարարի կողմից իրավապաշտպանների ներկայացված նոր նախագիծը, ապագան ցույց կտա:
Հավելենք, որ ՀՀ-ում գործում է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման 3 անկախ հանձնաժողով, օրինակ՝ «Գորիս»-ի, «Մեղրի»-ի, «Երեւան-Կենտրոն» եւ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները սպասարկող հանձնաժողովի անդամներն են՝ ՀՀ կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Հունան Պողոսյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը, նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգեւների եւ կոչումների վարչության գլխավոր մասնագետ Մհեր Խաչատրյանը, արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կալանավորված անձանց եւ դատապարտյալների հաշվառման բաժնի պետ Սամվել Մանուկյանը, Հանրային խորհրդի անդամ Արմեն Տեր-Տաճատյանը, Մարդու իրավունքների պաշտպանի ռազմական եւ զինծառայողների հարցերով խորհրդական Ռուստամ Մախմուդյանը:
Երկրորդ, որը սպասարկում է «Աբովյան», «Նուբարաշեն», «Վարդաշեն» եւ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկները, հանձնաժողովի նախագահն է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանը, անդամներն են՝ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Կարեն Գասպարյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը, առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանը, արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի տեղակալ Ռաֆիկ Հովհաննիսյանը, հանրային խորհրդի անդամ Կորյուն Առաքելյանը, Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Տիգրան Մարտիրոսյանը, Երեւանի պետական համալսարանի հոգեբանության տեսության եւ պատմության ամբիոնի դասախոս Էլդա Գրինը:
Երրորդ, որը սպասարկում է «Սան», «Վանաձոր», «Արթիկ», «Կոշ» եւ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկները, հանձնաժողովի նախագահն է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը, անդամներն են` առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը, ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանը, նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Տիգրան Երանոսյանը, արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի տեղակալ Արսեն Համբարձումյանը, հանրային խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը:
Քնար Մանուկյան