Չդասախոս չենք անվանում, տգեղ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երկու օր առաջ “Ժողովուրդ”-ը “Դասախոսների գրքեր “նաղդելու” բիզնեսը” հոդվածում անդրադարձել էր տարբեր բուհերի դասախոսների կողմից ուսանողներին ստիպողաբար գրքեր վաճառելու երեւույթին: Ներկայացնելով ուսանողների բողոքները` հրապարակել էինք նաեւ նրանց կողմից նշված դասախոսների անուններ, որոնց շարքում էր նաեւ ԵՊՀ լրագրության ֆակուլտետի դասախոս Աստղիկ Ավետիսյանը: Ուսանողն Ա. Ավետիսյանի մասին մասնավորապես նշել էր. “PR-ը լրագրության մեջ” գիրքն արժե 1600 դրամ: Իր անձնական աշխատությունն է, ուզենք-չուզենք գնում ենք: Կոնկրետ ինձ խնդիրներ պետք չեն”:
Մեր վերոնշյալ հոդվածին հաջորդեց Ա. Ավետիսյանի հեռախոսազանգը խմբագրություն. նա բորբոքված բացատրում էր, որ երբեւէ չի ստիպել ուսանողներին գիրք գնել, եւ սխալ ենք արել, որ մեջբերել ենք բողոքող ուսանողի խոսքը` առանց իրեն զանգահարելու: Նա ամոթանք տվեց այն ուսանողներին, որոնք նման տեղեկատվություն են ներկայացրել իր մասին: Թեեւ տիկնոջը մանրամասնորեն բացատրեցինք, որ նշյալ նյութի նպատակը ընդամենն ուսանողների բողոքները ներկայացնելն էր, որովհետեւ մեր աշխատանքն ունենալու է շարունակություն եւ, անշուշտ, անդրադառնալու ենք նաեւ դասախոսների արձագանքներին, այդուհանդերձ, Ավետիսյանը նախընտրեց կոռեկտության սահմանները հատել ֆեյսբուքյան իր գրառմամբ: Նշենք, որ հեռախոսազրույցի ընթացքում մի քանի անգամ առաջարկեցինք ներկայացնել սեփական ասելիքը` կապված ուսանողի կողմից իր մասին ասվածի հետ, սակայն լրագրող տիկինն ընտրեց քաղաքակիրթ մարդուն, դասախոսին անվայել կեցվածք. նա անզուսպ, անհարգալից մի գրառում կատարեց ֆեյսբուքյան իր էջում`  վիրավորական խոսքերի տարափ տեղալով հոդվածագրի ու լրատվամիջոցի հասցեին: 
Համակարծիք չլինելով սեփական ուսանողների գնահատականներին, որոնք “Ժողովուրդ”-ի լրագրողն ընդամենն առանց փոփոխության ներկայացրել էր, տիկին դասախոսն իր  ողջ մաղձը թափեց “Ժողովուրդ” օրաթերթի անվան վրա: Ստորեւ ներկայացնում ենք Ավետիսյան Աստղիկի գրառումը.
“Պատվերով հոդված գրելը դարձել է մեր կյանքի անբաժան մասը: Այսօր “Չժողովուրդ” թերթում կարդում եմ իմ բիզնեսի մասին, որ իբր ստիպում եմ, որ ուսանողներն իմ գրքերը գնեն: Հարգարժան լրագրող, նման հոդված պատրաստելու համար գոնե երկրորդ կողմին էլ պետք է հարցում անեք եւ տեսնեք, արդյոք այն ինֆորմացիան, որը մատուցում են խմբագրությունում նստած եւ թիթեռնիկային լրագրությամբ զբաղվող ժուռնալիստին, համապատասխանում է իրականությանը: 
Գիրքը, որը հրատարակել է “Անտարես” հրատարակչությունը 2008 թվականին, վաճառում է այն, եւ դրանից ես հոնորար չեմ ստանում: Մյուս 3 գրքերը, որոնք հրատարակել է ԵՊՀ հրատարակչությունը, էլի ինձ հետ կապ չունի, որովհետեւ դա ԵՊՀ սեփականությունն է համարվում: Այսինքն՝ իմ շահագրգռվածությունը ո՞րն է…. Հարգելով իմ գործընկեր խմբագիրներին, խնդրում եմ, հոնորար մի՛ տվեք այն մարդկանց, ովքեր նստած բամբասանքներ են գրում”:
Նկատենք, որ լրագրողին մասնագիտական ու բարոյական խրատներ տալու փոխարեն նա՝ որպես քաղաքակիրթ մարդ եւ պրոֆեսիոնալ լրագրող, կարող էր իր ասելիքը ձեւակերպել «շուկայականից» փոքր-ինչ տարբեր ոճով, քանզի մեր հոդվածում որեւէ անձնական վիրավորանք կամ անհարգալից խոսք տեղ չէր գտել այս դասախոսի հասցեին: Ընդամենը ուսանողի դժգոհությունն էինք ներկայացրել, Ավետիսյանին էլ հնարավորություն տվել հաջորդ իսկ օրն արձագանքել սեփական հակափաստարկներով: Կարծում ենք, որ դասախոսը, այն էլ` լրագրության, պիտի որ հարգի ուսանողների` սեփական կարծիքն ունենալու իրավունքը:   
Լրագրողական մեր ազատությունը մենք չափավոր ենք տնօրինել` բուն թեմայից չենք շեղվել, իսկ բորբոքված տիկնոջ անունն էլ մենք չէ, որ հիշատակել ենք: Սակայն, եթե տիկին դասախոսը (թերեւս զերծ մնանք չդասախոս անվանելուց` հարգելով մեզ ու բարեկրթության տարրական  նորմերը) զբաղվում է լրագրողին անձնապես վիրավորելով ու լրատվամիջոցին վարկաբեկելով, հայտնվում ենք երկընտրանքի առջեւ. գուցե շեղվե՞լ բուն թեմայից եւ առավել համակողմանի անդրադառնալ Ավետիսյան Աստղիկի գործունեությանը՝ հիշեցնելով այն տարիները, որ Աստղիկը “Բազե”-ի խոսնակն էր: Կամ ինչպես եղավ, որ նրա գրքերը հայտնվեցին օդանավակայանի կրպակներում, եթե տիկինն իսկապես գրքերի բիզնես չի անում: Բայց փոխարենն առաջարկում ենք հետեւել անբարեխիղճ դասախոսներին “ջրի երես” հանելուն միտված մեր առաջիկա հոդվածաշարին, որը, ինչպես երեւում է, ցավոտ է լինելու մի շարք բուհերի անձնակազմի համար:
Հ.Գ. Ինչ վերաբերում է Ավետիսյան Աստղիկի հանդիմանանքին, թե նշված հրապարակման մեջ իր հեղինակած գրքի անվանումն իր իսկ ուսանողի կողմից ճշգրիտ ներկայացված չէ, ապա ստիպված ենք արձանագրել, որ այդ փաստն ինքնին արդեն լավագույնս խոսում է թե՛ այդ գրքի, թե՛ նրա հեղինակի մասնագիտական ունակությունների մասին: Թերեւս դա է պատճառը, որ մենք գրեթե ամեն օր ստիպված ենք լինում նաեւ նրա կրթած ուսանողներին սովորեցնել լրագրության տարրական կանոնները:
“ԺՈՂՈՎՈՒՐԴ”
04.10.2013թ.




Լրահոս