Թուրքիայի էլեկտորնային մամուլը լայնորեն անդրադարձել է Հռոմի Պապի հայաստանյան այցի 2-րդ օրվա գործողություններին, մասնավորապես Հանրապետության հրապարակում երկու հովվապետերի հանդիսապետությամբ կատարված էկումենիկ աղոթքին:
«Ermenihaber.am»-ի հաղորդմամբ՝ «Պապի ուղերձը Հայաստանի ու Թուրքիայի հաշտության համար» և «Պապը աղոթեց Հայաստանի ու Թուրքիայի համար» վերտառությամբ նյութերում (Hurriyet, Milliyet, Haberler) թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Հանրապետության հրապարակում կայացած էկումենիկ արարողության ժամանակ Սրբազան Քահանայապետի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից խաղաղության աղոթք է հղվել:
Նշվում է, որ Հռոմի Պապը կրկին հիշեցրել է 1915թ. իրադարձությունների մասին՝ այս անգամ դրանք բնորոշելով «Մեծ եղեռն» արտահայտությամբ:
«Ասել կուզեմ՝ ձեր տառապանքները նաև մեր տառապանքներն են: Աստված օրհնի թող ձեր ապագան, որպեսզի հարթվի հայ և թուրք ժողովուրդների հաշտության ուղին և խաղաղությունը տիրի Ղարաբաղում»,- մեջբերվում է Ֆրանցիսկոս Պապի խոսքերից: