Արամ Խաչատրյան համերգասրահում հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված “Կոմիտաս Վարդապետ” համահայկական փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, տեղեկացնում է Սփյուռքի նախարարությունը:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պետական-հասարակական գործիչներ, Կոմիտասի արվեստի երկրպագուներ:
Նախարար Հրանուշ Հակոբյանն իր խոսքում նշել է. “”Կոմիտաս Վարդապետ” փառատոնի անցկացումը նպաստեց հայկական Սփյուռքի մշակութային և հոգևոր համախմբմանը Կոմիտասի արվեստի շուրջ: Այս օրերին անգամ ճապոնացու, գերմանացու և թուքի շուրթերից հնչեցին Կոմիտասի ստեղծագործություններըե:
Սեպտեմբերի 26-ից մեկնարկած “Կոմիտաս Վարդապետ” փառատոնի մասնակից երգչախմբերն ու անհատ կատարողները, ովքեր Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Էջմիածնում ելույթներ են ունեցել բազմաթիվ բեմերում, փակման հանդիսավոր միջոցառման ժամանակ հանդես են եկել կոմիտասյան կատարումներով:
Աշխարհի 9 երկրից և Արցախից ժամանած մասնակիցները հիացրել են հանդիսատեսին կոմիտասյան ինքնատիպ կատարումներով: Տպավորիչ ելույթով հանդես է եկել Ասուկա Յոշիզակը Ճապոնիայից, ով հազարամյա պատմություն ունեցող ճապոնական կոտո նվագարանով նվագում էր Կոմիտասի ստեղծագործությունները:
Ավստրիայի ներկայացուցիչ Յուհեի Ծուչիդան կատարել է “Հով արեք սարեր ջան” երգը: Կատարումներով հանդես են եկել նաև Աննա Մայիլյանը, Շահե Քեշիշյանը Սիրիայից, Գևորգ Հաճյանը Լիբանանից, “Արարատ” երգչախումբը Իրանից, “Օվսաննա” և “Նորահրաշ” երգչախմբերը Ռուսաստանից:
Միջոցառմանը ելույթ են ունեցել նաև Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը և ՀՀ սփյուռքի նախարարության հովանու ներքո գործող Համահայկական պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը: Միջոցառման ժամանակ ներկայացվել է Հայկ Սայադյանի՝ Կոմիտասին նվիրված ալեգորիկ ֆիմը:
Հայ երգարվեստի մի խումբ նվիրյալներ իրենց վաստակի, ինչպես նաև ,Կոմիտաս Վարդապետե համահայկական փառատոնի կայացմանը նպաստելու համար ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով են պարգևատրվել Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը, “Կոմիտաս” մեդալով պարգևատրվել են ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը, ,Կոմիտաս Վարդապետե համահայկական փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դասախոս Կարինե Բրուտյանը:
ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրերով պարգևատրվել են Կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը, համահայկական պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Եսայանցը:
Փառատոնի մասնակից երգչախմբերին և անհատ կատարողներին տրվել են մասնակցության հավաստագրեր և հուշանվերներ: