Քրեական հեղինակություն համարվող Ռաֆիկ Մադոյանի սպանության նախապատրաստության գործով մեղադրանք է առաջադրվել 6 անձանց, իսկ պատվիրատուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
“Փաստինֆո”-ի ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն` Քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել, որ Ռաֆիկ Մադոյանի սպանելու առաջարկի հեղինակը Հովհաննես Ղամարյանն է, ով ունեցել է լարված հարաբերություններ Մադոյանի հետ: Նրան սպանելու համար Ղամարյանը, ինչպես պարզվել է քննությամբ, դիմել է ընկերոջը` Սարգիս Զազյանին, ու ազգական Դավիթ Զիրոյանին` Ռաֆիկ Մադոյանի սպանության դիմաց խոստանալով 500.000 ԱՄՆ դոլար և առանձնատուն Իսպանիայում:
Համաձայնության գալով` Զազյանն ու Զիրոյանը` ձեռնամուխ են եղել սպանության նախապատրաստությանը: Սարգիս Զազյանը 2012թ. հոկտեմբերին դիմել է նախկին ազատամարտիկ ընկերոջը` Վարուժան Քարիմյանին՝ առաջարկելով ամսական 1000 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց հետևել Ռաֆիկ Մադոյանին: Հետաքրքրության դաշտում է եղել թերեւս ամեն ինչ` թե նրա ամենօրյա երթուղին, թե հաճախակի գտնվելու վայրերը:
Վարուժան Քարիմյանը “աշխատանքի” է անցել 2013 թվականին եւ երեք ամիս` փետրվար-ապրիլ ընկած ամիսներին հետևել Ռաֆիկ Մադոյանին: Կուտակած տեղեկատվությունը փոխանցել է Զազյանին, ինչի դիմաց վերջինից ընդհանուր առմամբ ստացել է 3000 ԱՄՆ դոլար: Ինչպես մեզ հաջողվեց պարզել, քիլերին գտնելու գործը ստանձնել էր Զիրոյանը, ով այդ նպատակով անգամ Ռուսաստանից եկել է Հայաստան` ընթացիկ ծախսերը հոգալու համար Հովհաննես Ղամարյանից ստանալով շուրջ 5500 ԱՄՆ դոլար: Սպանությունը կատարողին գտնելու համար դիմել է աներորդուն՝ Արմեն Սարգսյանին: Վերջինս էլ դուրս է եկել Գեւորգ Պետրոսյանի վրա, ով, սակայն, մերժել է առաջարկը:
“Փաստինֆո”-ի ունեցած տեղեկություններով` պատճառը եղել է Ռաֆիկ Մադոյանի` ԱԱԾ Երևան քաղաքի վարչության շենքի հարևանությամբ բնակվելը:
Հանցավոր մտադրությունն իրագործելուն ուղղված դիտավորյալ գործողություններն ավարտին հասցնելու նպատակով Դավիթ Զիրոյանը 2013թ. մայիսի սկզբներին դիմել է Մարտին Ծերունյանին: Վերջինս, խոստանալով գտնել համապատասխան մարդ, երկու օր անց հանդիպել է մեկ այլ անձի, ով որպես խոստացված գումարի վճարման երաշխիք պահանջել է Դավիթ Զիրոյանին մինչև հանցագործության ավարտը մնալ Հայաստանում:
Սակայն հանցագործության վերաբերյալ ստացած տեղեկություններն իրացնելիս ՀՀ ոստիկանության աշխատակիցների ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել ու 2013թ. մայիսի 10-ին կանխվել է Ռաֆիկ Մադոյանի սպանությունը:
Վարուժան Քարիմյանը, Սարգիս Զազյանը, Դավիթ Զիրոյանը, Արմեն Պետրոսյանը, Մարտին Ծերունյանը, Գևորգ Պետրոսյանը կալանավորված են, նրանց մեղադրանք առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստություն: Իսկ Հովհաննես Ղամարյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Ըստ “Փաստինֆո”-ի