Գրադարանավարները կնշեն իրենց մասնագիտական տոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի կառավարության որոշմամբ՝ 2004 թվականից Հայաստանում հոկտեմբերի 7-ը պաշտոնապես նշվում է որպես “Գրադարանավարի օր”: ՀՀ մշակույթի նախարարությունը, կարեւորելով գրադարանների դերը հասարակության կյանքում, արդեն չորրորդ անգամ “Գրադարանավարի օրվա” կապակցությամբ անցկացնում է “Հանդիպման վայրը` գրադարան” խորագրով ծրագիրը, որը նշվում է հոկտեմբերի 7-ին նախորդող  շաբաթ օրը՝ երեկոյան: Արդեն ավանդական դարձած “Հանդիպման վայրը` գրադարան” ծրագիրն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 5-ին: Այդ օրը երեկոյան ժամը 18:00-23:00-ը Հայաստանի Հանրապետության շուրջ 100 գրադարան բաց կլինեն ընթերցողների համար:
“Հանդիպման վայրը` գրադարան” ծրագրի նպատակն է ընդգծել գրքի, գիտելիքի, գրադարանների դերը, ընթերցանության կարեւորությունն արդի տեխնոլոգիաների ժամանակաշրջանում, ինչպես նաեւ նպաստել գրքի եւ գրականության տարածմանն ու նորովի ներկայացմանը: Մեր օրերում գրադարանները ոչ միայն գիրք տրամադրող կազմակերպություններ են, այլեւ տարածաշրջանի համար ժամանցի կազմակերպման կենտրոն, երկխոսությունների միջավայր գրադարանավարի, ընթերցողի, հեղինակի, հրատարակչի միջեւ:
Գրադարաններն առանձնահատուկ են պատրաստվել այդ օրվան` կազմակերպելով ավելի քան 300 միջոցառում. կլոր սեղաններ, գրական գեղարվեստական երեկոներ, գրադարանային խնդիրների քննարկումներ, հանդիպումներ գիտության, մշակույթի, գրականության նշանավոր անձանց հետ եւ այլն:
Այս տարի առանձնակի ուրախությամբ իրենց մասնագիտական տոնը կնշեն Շիրակի մարզային գրադարանի գրադարանավարները: Հոկտեմբերի 7-ին Շիրակի նորաբաց մարզային գրադարանն իր հարկի տակ կհյուրընկալի Հանրապետության մշակույթի եւ գրադարանային ոլորտի ներկայացուցիչներին, ընթերցողներին: Գրադարանի շենքը, որը համարվում է Գյումրի քաղաքի պատմաճարտարապետական շինություններից մեկը, վերակառուցվել է  ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, Իտալիայի կառավարության եւ ՀՀ կառավարության ֆինանսական աջակցությամբ:
Գրադարանային ոլորտը մշտապես գտնվում է ՀՀ մշակույթի նախարարության ուշադրության կենտրոնում: 2012 թվականին “Գրադարանների եւ գրադարանային գործի մասին” օրենքի ընդունումից հետո նախարարության կողմից մշակվել եւ ՀՀ կառավարության կողմից հաստատվել են օրենքից բխող 6 իրավական ակտեր: “Գրադարանների տեխնիկական վերազինում եւ արդիականացում” ծրագրի շրջանակում 2012 թվականին իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող 13 գրադարանների վերազինման եւ արդիականացման աշխատանքներ:




Լրահոս