ՄՈՍԿՎԱՆ ՓՈԽՈ՞ՒՄ Է ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՏԱԿՏԻԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեր համագործակցության տեմպերը եւ հագեցածությունը բավարարում են մեզ»,- հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախօրեին Մոսկվայում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ժամանակ: Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարն այնուհետեւ արել է ուշագրավ հայտարարություն. «Մենք կցանկանայինք հետագայում էլ շարունակել մեր ռազմավարական գործընկերությունը»:

Ուշադրություն պետք է դարձնել, որ պաշտոնյան չի ասում, թե պետք է խորացնել համագործակցությունը, այլ ուղղակի շարունակել, այն էլ իրենց անորոշ ցանկության մակարդակով ու ոչ թե դաշնակցությունը, այլ գործընկերությունը: Նույն Շոյգուն, սակայն, Ադրբեջանի իր գործընկերոջ հետ չորեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ արել է տրամագծորեն հակառակ հայտարարություն, ինչը տրամաբանորեն ավելի համահունչ պետք է լիներ հայ-ռուսական դաշնակցային, ոչ թե ռուս-ադրբեջանական գործընկերային հարաբերություններին: Ահա թե ինչ է ասել նա. «Մեր ռազմական համագործակցությունը կրում է ստրատեգիական բնույթ, եւ մենք ունենք բավարար պոտենցիալ՝ այն մեծացնելու ու զարգացնելու համար»:
Սովորաբար, եթե համագործակցությունը, մանավանդ դաշնակցային մակարդակում, բավարարում է, գոհացնում է, ապա կողմերը խոսում են այն խորացնելու անհրաժեշտության մասին, այսինքն՝ սա այն սկզբունքն է, որը բնորոշում է հարաբերությունների զարգացում: Իսկ երբ չկա զարգացմանն ուղղված գործողություն, ապա այն դառնում է ստատիկ՝ անշարժ, որն էլ ժամանակի ընթացքում կարող է դառնալ ռեգրեսիվ մակարդակի հարաբերություն: Ինչու, որովհետեւ ժամանակի ընթացքում իրականությունը փոփոխությունների է ենթարկվում, տեղի են ունենում ինովացիոն շարժեր, որոնց հետ համահունչ քայլն էլ սահմանվում է որպես զարգացում: Եվ եթե կողմերը սկսում են բավարարվել առկա պատկերով, ապա, քաղաքական լեզվից թարգմանաբար, դա կարող է նշանակել ոչ կարեւոր հանգամանք, որն էլ տանում է հետընթացի: Ինչո՞ւ ՌԴ պաշտպանության նախարարը Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունների կոնտեքստում չի շեշտում զարգացման կամ խորացման ռազմավարական ասպեկտը, այլ ընդամենը շարունակականության մասին է նշում: Կարելի է առանձնացնել մի քանի պատճառ, որոնցից յուրաքանչյուրն էլ շատ կարեւոր է ռազմավարական մակարդակի հարաբերությունների տեսանկյունից հարցը դիտարկելիս.
1. Իսկապես Ռուսաստանի համար Հայաստանը չի հանդիսանում գեոստրատեգիական այնպիսի կարեւորության երկիր, որի հետ կարելի է ավելի հեռուն գնալ, հետեւաբար պետք է բավարարվել նրանով, ինչ կա:
2. Ադրբեջանին չնեղացնելու ու չվանելու մոտիվացիա: Քանի որ Կրեմլի համար մեծ կարեւորություն ունի Կասպիական ավազանը եւ Թուրքիայի դիրքերի թուլացումը Հարավային Կովկասում, իսկ Ադրբեջանը Թուրքիայի կովկասյան պատվարն է, ապա պետք է Ադրբեջանին հնարավորինս պահել ռուսական նախագծերի տիրույթում: Կրեմլն էլ լավ գիտի, որ ցանկացած ոչ հայանպաստ գործողություն կամ խոսք ուղիղ համեմատական է Բաքվին սիրաշահելու հետ: Հայաստանի հետ համագործակցությունը չխորացնելով էլ, փաստացի, Մոսկվան Ադրբեջանի համար որոշակի տեղ է թողնում գործընկերային ու դաշնակցային հարաբերությունների ընդլայնման համար:
Սա իսկապես մտահոգիչ երեւույթ է, որովհետեւ մեր ռազմավարական դաշնակիցը անում է ճիշտ հակառակ տրամաբանության հայտարարություններ: Նա դաշնակցի հետ խոսում է գործընկերային լեզվով, իսկ գործընկերոջ հետ՝ դաշնակցային: Համենայնդեպս, պայմանագրերով ու ինտեգրացիոն-համագործակցային ձեւաչափերով Երեւանն է դաշնակից եւ ոչ թե Բաքուն, իսկ եթե դաշնակցային հարաբերությունները Մոսկվան գնահատում է նմանօրինակ եղանակով, ապա այստեղ անվտանգության հետ կապված շահերի հստակեցումների եւ լուրջ վերանայումների խնդիր է հասունանում:

ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 
«ՀԱՅ ԱՆՏԱՌ»-ՈՒՄ ԴԵՌ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ ՉԿԱՆ

ՀՀ վարչապետի` խնայողության ռեժիմի անցնելու մասին հայտարարությունից հետո ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ կրճատումներ է իրականացնելու նաեւ ԳՆ-ի ենթակայության տակ գտնվող «Հայ անտառ» ՊՈԱԿ-ում: Սակայն «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մինչ օրս այս կառուցում կրճատումներ չեն եղել:

Նշենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայ անտառ» ՊՈԱԿ-ը ստեղծվել 2002 թվականին, այն ապահովում է պետական անտառների պահպանությունը, օգտագործումը, հաշվառումը, գույքագրումը, անտառային կադաստրի վարումը եւ այլն: Ինչպես նաեւ իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետեւյալ տեսակները` բնափայտի մթերում, վերամշակում եւ իրացում, տնկանյութի (տնկիներ, սերմնաբուսակներ) աճեցում, իրացում եւ այլն:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Հայ անտառ» ՊՈԱԿ-ն ունի 993 աշխատակից, որոնցից 98-ը հանդիսանում են կենտրոնական ապարատի աշխատող: «Հայ անտառ» ՊՈԱԿ-ին 2014 թվականին ՀՀ պետական բյուջեից հատկացված գումարը կազմել է 971 մլն 822 հազար 300 դրամ, իսկ 2015 թվականին՝ 836 մլն 207 հազար դրամ: Ի դեպ, ՀՀ վերահսկիչ պալատը նախորդ տարի ուսումնասիրություններ է իրականացրել «Հայ անտառ» ՊՈԱԿ-ում եւ պարզել, որ 2015 թվականին ՊՈԱԿ-ում հատկացված 836 մլն 207 հազար դրամը ամբողջությամբ տրվել է որպես աշխատավարձ: Ըստ ՎՊ-ի՝ նախորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ «Հայ անտառ» ՊՈԱԿ-ի դեբիտորական պարտքը կազմել է 14 մլն 691 հազար 600 դրամ: Այդ թվում 14 մլն 644 հազար 600 դրամը փայտանյութի վաճառքից է գոյացել, իսկ 46 հազար 900 դրամը՝ ծառայությունների մատուցումից:
Նշենք, որ «Հայ անտառ» ՊՈԱԿ-ի՝ 2015 թվականի տարեսկզբի ազատ մնացորդը կազմել է 56 մլն 83 հազար դրամ, եկամուտները կազմել են 1 մլրդ 163 մլն 401 հազար դրամ, որից 836 մլն 207 հազար դրամը պետական բյուջեից, իսկ 327 մլն 194 հազար 500 դրամը հանդիսանում են կազմակերպության սեփական եկամուտները: Սրան զուգահեռ տեղեկացնենք, որ նախորդ տարվա ընթացքում հիմնվել է 24,2 հա անտառտարածք, որից 11,8 հա «Գուգարքի» անտառտնտեսության «Վանաձորի» անտառպետությունում, իսկ 12,4 հա՝ նույն անտառտնտեսության «Սպիտակի» անտառպետությունում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
ԲԵՐԴԱՎԱՆԸ ՉԻ ՄԻԱՆԱ ԿՈՂԲԻՆ
Հունիսի 15-ին, ժամը 17-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղում կայացել է ավագանու նիստ, որին մասնակցել են նաեւ համայնքի բնակիչները, ինչպես նաեւ՝ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Ավագանու նիստի օրակարգի միակ թեման եղել է համայնքների խոշորացման հարցը: Նիստը տեւել է մի քանի ժամ: Բերդավան համայնքի ղեկավար Արարատ Գաբրիելյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ Բերդավանի բնակիչները չեն ցանկանում հարեւան Կողբ համայնքի մաս կազմել եւ պնդում են, որ Բերդավանը մնա առանձին համայնք: Իսկ եթե համայնքների խոշորացումն անխուսափելի է, ապա բերդավանցիները ցանկանում են միավորվել Նոյեմբերյանի հետ: Այս մտահոգությունները սահմանամերձ գյուղի բնակիչները փոխանցել են մարզպետին, որպեսզի նա հայտնի կառավարությանը: Մարզպետը հավաստիացրել է, որ բերդավանցիների կամքին հակառակ որոշում չի ընդունվի: Հավելենք, որ բերդավանցի մի խումբ երիտասարդներ Բերդավանը Կողբ համայնքի կազմում ընդգրկելու դեպքում մտադրվել էին փակել իրենց գյուղով ձգվող միջպետական ավտոճանապարհը: Աժ երեկվա նիստում համապատասխան օրենսդրական նախագծի ընդունումից առաջ Աժ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ որոշվել է Բերդավանը միավորել ոչ թե Կողբի, այլ Նոյեմբերյանի հետ:
Հոկտեմբերի 2-ին Տավուշի մարզի համայնքներում պետք է կայանան ՏԻՄ ընտրություններ: Ընտրություններից 60 օր առաջ մարզպետը պետք է որոշում ընդունի տեղական ընտրություններ անցկացնելու համար: Մինչ այդ հասցնելու են Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքները խոշորացնել: Մինչեւ համայնքների խոշորացման գործընթացը սկսելը իշխանությունները ինչո՞ւ չեն պարզել խոշորացվող համայնքների բնակիչների, հատկապես սահմանագոտում ապրողների կարծիքը: Ո՞ւր մնաց բնակչության իրազեկումը, մասնակցային գործընթացը, որոնց վերաբերյալ հաճախ խոսում են Հայաստանի իշխանավորները:

 

 

ԿԱՅԾԱԿԸ ՀԱՐՎԱԾԵԼ Է ՎԱԳՈՆ-ՏՆԱԿԻՆ
Հունիսի 16-ին՝ ժամը 10-ի սահմաններում, Նոյեմբերյանում կայծակի ուժեղ որոտ է հնչել: Կայծակը խփել է քաղաքի հարավային մուտքի մոտ գտնվող, Նոյեմբերյանի բնակիչ Բեջան Ամիրաղյանի վագոն-տնակին: Վերջինիս որդին ժամկետային զինծառայության մեջ է, դուստրն ամուսնացած է: Բ. Ամիրաղյանը վագոն-տնակում բնակվում է կնոջ հետ: Կայծակը շարքից հանել է վագոն-տնակի էլեկտրական սնուցման համակարգը, այն այրվել է: Կայծակը խոցել է նաեւ վագոնի մոտ դրված հենասալը: Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը մեկնել է դեպքի վայր, որպեսզի ծանոթանա տարերքի պատճառած վնասի չափերին: Նշենք, որ հունիսի 16-ին՝ ժամը 10-ից մինչեւ 11-ը, Նոյեմբերյանում հորդ անձեւ էր, սելավներ, այդ ընթացքում կես ժամ տեւողությամբ կարկուտ տեղաց: Մինչդեռ Նոյեմբերյան քաղաքում հակակարկտային կայաններ չկան:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս