ԻՐԱԿԱՆՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով՝ Հայաստանի տնտեսությունն այսօր գտնվում է խորը ռեցեսիայի մեջ, որից դուրս գալու ելքեր տնտեսագետը չի տեսնում:

-ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում այս տարվա հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պաշտոնապես արձանագրվել է 1.6 տոկոս գնանկում: Ձեր կարծիքով իրակա՞ն է այս թիվը, թե՞ ոչ: Եթե այո, ապա այն ինչո՞վ է պայմանավորված:
-Այն հիմնականում կապված է ժողովրդի գնողունակության անկման, եկամուտների բացակայության հետ: Նաեւ՝ վերջին տասը տարվա մեջ բնակչության թվի նվազման հետ: Այս պայմաններում շուկայում գների հետ կապված առանձնապես մեծ ճնշում չպետք է լիներ: Բացի այս՝ հաշվի առնենք նաեւ համաշխարհային շուկայում վերջին երկու տարվա մեջ բոլոր ապրանքատեսակների, հատկապես հանքահումքային՝ մետաղական եւ վառելիքային ապրանքների գնանկումը, այնպես որ բնական էր, որ ՀՀ-ում իսկապես ինֆլյացիոն ճնշումներ պետք է չլինեին, եւ արդյունքն այն է, ինչ ունենք: Ես չեմ ցանկանում կասկածի տակ դնել գնանկման արձանագրված թիվը: Նաեւ մեկ ուրիշ թիվ. ՀՀ քաղաքացիների աշխատավարձերի վճարման գումարները վերջին երեք տարվա մեջ դոլարային արտահայտությամբ 40 տոկոսով կրճատվել են:
-Հայաստանի ներկայիս տնտեսական վիճակը հաշվի առնելով՝ արդյո՞ք արձանագրված գնանկումը դրական երեւույթ է:
-Ընդհանուր առմամբ այն սահմաններում, որը կա, նորմալ է: Եթե 6 կամ 7 տոկոս լիներ, պարզ է, որ ավելի բացասական երեւույթ կլիներ: Դեռեւս մենք չենք հասել այն եզրագծին, որ 1.6 տոկոսանոց գնանկումը մեզ համար վատ երեւույթ է: Որպես օրինակ կարող ենք բերել նույն Եվրոպայի, Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի իրավիճակը, երբ Ճապոնիան եւ Եվրոպան ամեն ինչ անում են, որ իրենց մոտ որոշակի ինֆլյացիոն երեւույթներ լինեն, որովհետեւ դրանք նաեւ նպաստում են տնտեսության զարգացմանը, բայց չեն հասնում դրան, որովհետեւ քաղաքացիները իրենց եկամուտները ավելի շատ գերադասում են պահել բանկերում՝ նույնիսկ բացասական դրույքաչափերի դեպքում, քան թե առօրյա սպառման նպատակներով օգտագործել: Նույնը վերաբերում է նաեւ Եվրոպային, իսկ ԱՄՆ-ում որոշակի տեղաշարժ կա, եւ դրանից ելնելով է, որ իրենք վերաֆինասնավորման տոկոսադրույք են բարձրացնում, որով ցանկանում են ասել, որ տնտեսության լրացուցիչ խթանման կարիք չունեն:
-Իսկ մեզ մոտ ինչպիսի՞ն է իրավիճակը:
-Մեզ մոտ երեւույթը մի քիչ այլ է. ինֆլյացիոն երեւույթները երկու ուղղությամբ պետք է նայել. մեկը՝ ներկրման, իսկ մյուսը՝ դրամական գործիքների հետ կապված: Մեզ մոտ ինֆլյացիան պայմանավորված է առաջինով. ներմուծման շուկայի իրավիճակից է կախված, որովհետեւ մենք իրականում ավելի շատ կախված ենք ներմուծվող ապրանքատեսակների շուկայից, եւ այնտեղ տեղի ունեցող գործընթացներն են հիմնականում պայմաններ ստեղծում, որ գնանկում կամ գնաճ տեղի ունենա: Նորմալ գնաճը կամ նորմալ գնանկումը տնտեսությանը նպաստող են: Իսկ նորմայից դուրս գնանկումը կամ գնաճը դրանք երկուսն էլ բացասական են ազդում տնտեսության վրա:
-Ըստ Ձեզ՝ Հայաստանի տնտեսությունում ընթացող զարգացումները առաջիկայում ի՞նչ են խոստանում:
-Լավ բան չեն խոստանում, որովհետեւ իրականում մեզ մոտ ոչինչ չի փոխվում: Եւ որքան էլ իշխանության ներկայացուցիչները փորձում են տարբերակներ ներկայացնել, թե փոփոխություններ, դրական միտումներ կան, իրականում երբ նայում ենք ներդրումների վիճակը, ստացած եկամուտները, հարկահավաքությունը, հասկանում ենք, որ լուրջ խնդիրների առջեւ է կանգնած հանրապետությունը: Բոլոր դեպքերում, եթե ինչ-որ աշխուժություն էլ կա, ապա այն շատ հակասական է, որովհետեւ իրականում չկա: Բայց եթե ընդունենք, որ այն կա, ապա դա հիմնականում պայմանավորված է պետական պարտքի մեծացմամբ: Դա իր բացասական հետեւանքները կունենա ե՛ւ հիմա, ե՛ւ ապագայում, որովհետեւ դեռ պետք է կարողանանք այդ պարտքը փակել: Իսկ թե ինչ ճանապարհներով, ինչ ձեւերով, դրա մասին ոչ ոք չի խոսում: Մենք արդեն մի քանի տարի է, ինչ այդ նույն խնդրի առջեւ ենք կանգնում:
-Այնուամենայնիվ, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի տնտեսության այսօրվա վիճակը:
-Մոտավորապես 2 անգամ ուղղակի ներդրումները եւ մոտ 60 անգամ ընդհանուր ներդրումները պակասել են: Այնպես որ, երբ գնահատականներ եք ուզում տալ տնտեսության այսօրվա վիճակի վերաբերյալ, ապա ես կարող եմ ասել, որ մենք խորը ռեցեսիոն վիճակում ենք հայտնվել: Եւ ես չեմ էլ տեսնում դրանից դուրս գալու ելքերը: Քանի որ հիմնական պատճառները պայմանավորվում են դրսի՝ ՌԴ-ի գործոններով, եւ եթե նույնիսկ այդ գնահատականներով ենք պայմանավորում, ապա մենք ավելի վատ վիճակում ենք, որովհետեւ ՌԴ-ն մինչեւ 2018 թվականը մաքսիմում կարող է 1.2 տոկոս տնտեսական աճ ունենալ 2017 թվականի վերջում: Եթե մենք առաջնորդվելու ենք դրանով, առավելեւս մեզ լավ բաներ չեն սպասվում: Բայց ես գտնում եմ, որ հիմնական խնդիրը մեր ներքին իրավիճակի հետ է կապված, եւ այստեղ տնտեսական փոփոխությունները հիմնականում պահանջում են քաղաքական լուծումներ, որոնք չկան:
-Պարո՛ն Խաչատրյան, Ձեր կարծիքով, ՀՀ կառավարության հռչակած կոռուպցիայի դեմ պայքարը տնտեսական դաշտի վրա ազդեցություն թողե՞լ է, թե՞ ոչ:
-Եւ պարտավոր չէ թողնել, որովհետեւ իրականում այդպիսի պայքար էլ չկա: Դրանք ընդամենը հայտարարություններ են: Եւ այդ 3 շաբաթյա ժամկետը, որն իրենք իրենց տվել էին, որեւէ արդյունք չունեցավ: Եթե հիշում եք՝ մեկ տարի առաջ էլ ստեղծվել էր կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ: Կոռուպցիայի դեմ պայքարի համար նախեւառաջ պետք է քաղաքական կամք եւ քաղաքական գործընթացներ: Բայց չկա այդպիսին, որովհետեւ եթե այդպիսի գործընթաց սկսվի, նշանակում է՝ գործող համակարգը զրկում է իրեն վերարտադրելու հնարավորությունից: Դրանք ուղղակի խոսքեր են՝ իրավիճակից, նաեւ ինչ-ինչ ակնկալիքներից ելնելով, հիմնականում՝ ֆինանսական, որովհետեւ այդ գործընթացի համար միջազգային տարբեր կազմակերպություններ միշտ էլ գումարներ ունեն: Հավանաբար պատեհ առիթ էր, որից պետք էր օգտվել, եւ որոշեցին հայտարարել ու եւս մեկ անգամ վարկաբեկվել:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 
ԱԱՀ-ԻՑ ԱԶԱՏԵԼԸ ՉԻ՞ ՀԱՆԳԵՑՆԻ ԴԵՂԵՐԻ ԷԺԱՆԱՑՄԱՆ
Երեկ ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի եւ Վահե Հովհաննիսյանի օրենսդրական նախաձեռնությանը՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ: Պատգամավորներն առաջարկել էին ԱԱՀ-ից ազատել ամենատարածված հիվանդությունների դեմ դեղամիջոցները, որոնք ներառված են հանրապետության հիմնական դեղամիջոցների ցանկում: «Առաջին անհրաժեշտության դեղերն ԱԱՀ-ից ազատելը սոցիալական խնդիրների լուծման չի հանգեցնի»,-օրինագծի առթիվ կառավարության եզրակացությունը ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:
Ֆինանսների նախարարությունը վստահ չէ, որ ԱԱՀ-ից ազատելով՝ կնպաստեն առաջին անհրաժեշտության դեղերի գների իջեցմանը: Ավելին՝ ԱԱՀ-ի արտոնությունների կիրառության նախորդ տարվա փորձը ցույց է տվել, որ ընկերությունները հաճախ չեն նվազեցնում գները, ընդամենը ավելացնում են իրենց շահույթը, հատկապես եթե զբաղվում են առաջին անհրաժեշտության ապրանքների առեւտրով, որոնք սպառողները ստիպված են գնել ցանկացած գնով:
«Որպեսզի ներկայացված առաջարկությունը հանգեցնի նախագծի հիմնավորմամբ ներկայացված նպատակի իրականացմանը, անհրաժեշտ է, որ առաջարկության ընդունման արդյունքում նվազեն ՀՀ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից հաստատվող ցանկում ընդգրկված դեղերի գները: Այս առումով հայտնում ենք, որ ոչնչով երաշխավորված չէ այն հանգամանքը, որ վերոնշյալ ցանկում ընդգրկված դեղերի ներմուծումը եւ իրացումը ԱԱՀ-ից ազատելու արդյունքում այդ դեղերի գները կնվազեն»,-ասել է փոխնախարարը:
Կառավարության ներկայացուցչի համոզմամբ՝ արդյունքում ներկայացված առաջարկության ընդունումը ոչ միայն չի հանգեցնի նախագծի առջեւ դրված նպատակների իրագործմանը, այլեւ դեղեր ներմուծող եւ իրացնող տնտեսվարող սուբյեկտների համար կստեղծի գերշահույթ ստանալու հնարավորություններ, ինչպես նաեւ կհանգեցնի պետական բյուջեի եկամուտների նվազեցման:




Լրահոս